Հարկ մուծեմ, որ նիկոլենք ընտանիքով վոյաժներ անե՞ն․․․

Հարկ մուծեմ, որ նիկոլենք ընտանիքով վոյաժներ անե՞ն․․․

Ցանկացած օրինական պետության մեջ քաղաքացին չի ընդվզում, երբ հարկ է մուծում։ Նա գիտի, թե ինչ համար է հարկ մուծում։ Գիտի, որ այդ հարկերից ստացված գումարը ուղղվելու է իրեն։ Վերջերս Կանադայի քաղաքացիություն ունեցող մեկի հետ զրուցում էի, երբ հեռախոսին SMS եկավ։ Ասաց, որ Կանադայում օդի աղտոտվածությունը այս ամիս մեկ տոկոս բարձր է եղել նորմայից և իր հաշվին պետությունը գումար է փոխանցել։ Ես ամենահասարակ օրինակը բերեցի, նույնանման հազարավոր օրինակներ կարող եմ բերել։ Այսինքն քաղաքացին պարզ տեսնում է, որ ինքը հարկ է վճարում և այդ հարկերը ուղղվում է իրեն,  բնակչությանը ։ Քաղաքացին  իր մուծած հարկի դիմաց պահանջում է նորմալ աշխատանք, նորմալ կյանք։  Պետության առաջին դեմքից սկսած՝ բոլորը պատասխանատու են՝ եթե ինչ որ բանի մեջ թերանում են։ Հարկ մուծելը երկողմանի պրոցես է․ պետություն և քաղաքացի։ 

Հայաստանում հարկ մուծելը պատժիչ բնույթ է կրում։ Բառիս բուն իմաստով քերում են քաղաքացուն, բայց փոխարենը նա ոչինչ չի ստանում։ Բյուջեն տնօրինվում է իշխող ուժի թիմային քաղաքականությամբ և ուղղվում  իրենց։   Ես քեզնից հարկում եմ, որ պաշտոնյաներս ավելի շքեղ ապրեն, ավելի շքեղ մեքենաներ, դղյակներ, բիզնեսներ ունենան։ Որպեսզի ում ուզեմ, ինչքան ուզեմ՝ հավելավճարների, պարգևատրությունների մեջ լողացնեմ։ Որպեսզի ասֆալտ անեմ, որը հնարավոր լինի ձեռքով պոկել, ծեփերը քանդվող, կախիչները պոկվող դպրոց շինեմ։ Մի խոսքով հարկը օգտագործեմ՝ ի շահ կառավարողների։ Քաղաքացին դրա համար է բողոքում՝ հարկ մուծեմ, որ նիկոլենք ընտանիքով վոյաժներ անե՞ն։ Հարկ մուծեմ, որ իրենց համար միլիարդների հասնող ծախսեր անեն ու իմ անվտանգությունը չապահովե՞ն։ Հարկ մուծեմ, որ ինձ տնիցս դուրս շպրտեն ու ասեն՝ սա քո տունը չի՞։  Հարկ մուծեմ, որ զինվորս հյուղակում մնա ու 15 հոգով վառվե՞ն։ Յուրաքանչյուր հարկ մուծող մտածում է՝ իր մուծած հարկից ի՞նչ է ինձ հասնում։ Իմ երկրին ի՞նչ է հասնում։ Վեց տարվա մեջ քաղաքացուն լիմոնի պես մրզելուց հետո երկրի կեսը կորցրել ենք։ Կանգնել ենք պետականության կորստի եզրին ու սրա, նրա եվրոպական փեշերից բռնելով՝ «պետություն ենք խաղացնում»։ Իբր կանք ու մեզ էլ խոսք են տվել, որ կօգնեն։ Հարկ մուծող յուրաքանչյուր քաղաքացի կարող է ասել՝ հարկ եմ մուծում, որ իմ անվտանգությունը չապահովվի՞։ ՈՒ՞ր են ուղղվում այդ հարկերը, եթե առաջնային խնդիրները թողած ասֆալտով եք զբաղված ու վարչապետի աթոռը զբաղեցնողն ու Հայաստանն այս օրին հասցնողն ասում է, բառացի չեմ մեջբերում՝ իմ արած ասֆալտի վրայով չքայլեք։

Հարկ տվեք՝ քայլելու, շնչելու, ուտելու համար։ Ասֆալտի գործը հենց Փաշինյանն էլ երանությամբ ու խանդաղատանքով բացատրում է՝ ինչու՞ ենք մենք ասֆալտը սիրում, ասֆալտը ասֆա՜լտ է․․․Պատերազմի եզրին կանգնած երկրի կառավարության նիստի թեման միայն քաղաքացուն քերելու, ասֆալտի, կտրոնի, կախիչի  մասին է։ Քաղաքացուն էլ ասում է ՝ իմ ասֆատով չքայլեք, օդանավակայան հասնելու համար եղեգները հնձեք, որ տեղ հասնեք․ «Ճանապարհի կողքի եղեգները հնձեք ու այդպես հասեք օդանավակայան: Կամ՝ Զանգուի ձորով, բնաշխարհը վայելելով, ոտ-ոտ հասեք Երևան»։ Ոտ- ոտ թշնամին է հասել է երկրիդ սրտին։ Ու գոհ կլինենք, որ եղեգները հնձելով տեղ հասնենք, ասֆալտ չունենանք, բայց անվտանգ, պաշտպանված երկիր ունենանք։ Ինքդ էլ լավ գիտես, որ այդ ասֆալտը վաղը ոչ մեկին պետք չի լինելու։ Ինքդ ես հայտարարում պատերազմի մասին։ Պատերազմող երկիրը ասֆա՞լտ է անում։ Վերակենդանացման բաժնի ծայրահեղ ծանր  հիվանդի ինչի՞ է պետք, որ տղայի փողերով նոր շորեր ես առնում։ Տուգանքների, հարկերի, ասֆալտի մասին ես խոսում։  Ուզում ես ասել՝ էս ժողովրդի մորթին ես թողել, հիմա ի՞նչ ես ուզում։ Մեր ունեցածը հանձնելու համար տուգանք  չի հասնու՞մ։ Այս իշխանությունը անթիվ տրիլիոններով  տուգանք պիտի վճարի՝ ժողովրդի սեփականությունը թշնամուն հանձնելու համար․․․ Այստեղ են ասել՝ սրանք մեռելից էլ փող կքերեն․․․ 44- օրյա պատերազմի խայտառակությունից, կապիտուլյացիայից  ու Արցախի հայաթափումից հետո ժողովուրդը ոտի վրա մեռած է։ Իրենք դեռ քերթում ու քերթում են՝ հարկերով, տուգանքներով։ Քերթում են, որ ճոխ ապրեն, քանդվող ասֆալտ անեն, որովհետև ինչպես վարչապետի աթոռին նստածն է ասում՝ ասֆալտը ասֆա՜լտ է, փող է․․․