Թե ինչ այլանդակ մեթոդներ ու մեխանիզմներ են կիրառում ընտրություններում՝ ապշել կարելի է․Արծվիկ Մինասյան

Թե ինչ այլանդակ մեթոդներ ու մեխանիզմներ են կիրառում ընտրություններում՝ ապշել կարելի է․Արծվիկ Մինասյան

Այս իշխանությունը, ինչքան հնարավոր է, մեր արտաքին դաշնակիցների նկատմամբ  ցուցաբերել է խայտառակ, արժանապատվությունը նսեմացնող վարքագիծ։ Իրենք առաջարկ ունեին, որ մենք էլ միանայինք այդ վարքագծին։ «Հրապարակի» հետ զրույցում ասաց  «Հայաստան» խմբակցության քարտուղար, ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Արծվիկ Մինասյանը։

«Մենք չենք կարող միանալ այդ վարքագծին, որովհետև մենք հասկանում ենք, որ այս տարածաշրջանում ֆիզիկապես, գետնի վրա անվտանգության երաշխավորման տեսակետից ունենք մեկ գործընկեր դաշնակից երկիր և անհրաժեշտ է, որպեսզի մեր շահերի համադրություն ներկայացնենք, ոչ թե հակադրություն», - ի պատասխան քննադատություններին, թե իրենք ռուսական կողմի որոշումներին ոչ մի ձեւով չեն հակադրվում, ասաց Մինասյանը։

Նա շեշտեց, որ Աղավնոյի, Բերձորի, Սուսի հանձնման ֆոնին իշխանությունները հերթական անգամ մանիպուլյացիա արեցին։ Այնպես ներկայացվեց, կարծես, Նիկոլ Փաշինյանն ու Հայաստանի իշխանություններն այդ գործընթացի հետ կապ չունեն, իբր Արցախի ղեկավարությունն է այդ բանակցությունները վարել և հիմա էլ որպես երկրորդ ճակատ փորձում են ներկայացնել, թե ընդդիմությունը բավարար պայքար չի տարել։

«Այս թեմայով մենք խոսել ենք դեռևս այս տարվա սկզբին՝ մինչև նույնիսկ իշխանության կողմից այս մասին հրապարակային ասելը։ Խորհրդարանական ընդդիմության պատգամավորներն են ուղիղ հարցեր տվել Նիկոլ Փաշինյանին։ Մեր քաղաքացիները երևի մոռացել են, որ խուսափելու համար այդ պատասխաններից նա հրահրում էր խժդժություն Ազգային Ժողովում, ստեղծում էր մի միջավայր, երբ որ մարդիկ սկսում էին ֆիզիկապես հաշիվներ պարզել»,- շեշտեց Արծվիկ Մինասյանը։ Մեր հարցին, թե սեպտեմբերի 25-ին Հայաստանում կայանալիք ՏԻՄ ընտրություններին ՀՅԴ-ի պասիվությունն ինչո՞վ է պայմանավորված և ընդհանուր առմամբ ինչո՞ւ են քաղաքական ուժերը ՏԻՄ ընտրություններին ոչ լիարժեք ներգրավված, ասաց, որ որ իրենք հայտ են ներկայացնում այն համայնքներում, որտեղ իրենց թեկնածուին աջակցող մարդկանց խումբ կա, որն իսկապես այդ մարդուն ուզում է տեսնել համայնքի ղեկավարի պաշտոնին։

«Եթե վերլուծենք, թե այս իշխանությունն ինչ այլանդակ մեթոդներ ու մեխանիզմներ է կիրառում այդ ընտրություններում՝ ապշել կարելի է։ Նույնիսկ իրավիճակ կարող է առաջանալ, որ ընդհանրապես դադարեցվի որևէ մասնակցություն որևէ ընտրության, որովհետև անհնար է այսպիսի պայմաններում որևէ ընտրության մասին խոսել, անհնար է, որ նորմալ ընտրության մասին խոսք հասնի՝ այլանդակության գագաթնակետին է հասնում, հասկանո՞ւմ եք։ Երբ որ մարդն իր բարեկամից ստանում է տեղեկություն, որ նրա նկատմամբ ճնշում են գործադրում, որ այդ մարդուն հանկարծ որևէ աջակցություն չցուցաբերի և բոլոր հնարավոր միջոցներով՝ Հայաստանում և Հայաստանից դուրս» ,- հայտարարեց «Հայաստան» խմբակցության քարտուղարը։

Մինասյանը շեշտում է, որ նախկինների ժամանակ էլ սրիկայություններ եղել են, սակայն դա չի արդարացնում այսօրվա իշխանությունների այս քաղաքականությունը, վերջիններս անցել են արժանապատվության և բարոյականության նվազագույն շեմը։

Հայկա Ալոյան