Նվեր Մնացականյանի որդուն արանքից հանե՞լ են

Նվեր Մնացականյանի որդուն արանքից հանե՞լ են

Դեռ 2022-ի մարտին հեռուստալրագրող Նվեր Մնացականյանի որդին` Մհեր Մնացականյանը, հայտնվել էր բավականին աղմկահարույց գործի կիզակետում: Հակակոռուպցիոն կոմիտեն հրապարակել էր արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանի մեղադրանքը, որով անցնում են 9 մեղադրյալ, 10 կասկածյալ, նախարարի խորհրդական եւ ստորաբաժանումների ղեկավարներ, որոնց մեջ է նաեւ Մհեր Մնացականյանը՝ Նվեր Մնացականյանի որդին։

Տպավորություն է, թե ԱԻՆ-ում իսկական բանդա է գործել, հանցավոր խումբ՝ նախարարի գլխավորությամբ։
Մեղադրանքի մի մասը վերաբերում է փրկարար ծառայության նյութատեխնիկական ապահովման վարչության պետ Մ. Մ․-ին եւ մեկ այլ ստորաբաժանման պետ Վ. Մ․-ին, որոնք․ «2021 թվականի հոկտեմբերին խաբեության եղանակով կազմակերպել են ԱԻՆ ՓԾ մի շարք աշխատակիցների պարգեւատրման գործընթաց, որից հետո, օգտագործելով իրենց պաշտոնեական դիրքը, պարգեւատրումներ ստացած հիշյալ անձանց օժանդակությամբ ստացել եւ հափշտակել են վերջիններիս պարգեւավճարների գումարները»:

Խոսքը Մհեր Մնացականյանի մասին է, ով հայտնի հեռուստամեկնաբան, այժմ արդեն Հանրային հեռուստաընկերության հաղորդավար Նվեր Մնացականյանի որդին է, իսկ «պարգեւավճարներ չստացած ՓԾ մի շարք աշխատակիցները» վարորդներն են, որոնք բողոքել են, որ իրենց փողերը չեն տվել: Նկատենք, որ Մհեր Մնացականյանը ձերբակալվել, սակայն ժամեր անց ազատ էր արձակվել: Մենք գրել էինք, որ իշխանական քարոզիչներից մեկը` Նվեր Մնացականյանը, ով 2016 թվականին Հանրային հեռուստաընկերությունից հեռացվել էր, այժմ կրկին Հանրային է վերադարձել: Նա մեզ հետ զրույցում հաստատել էր իր՝ Հ1 վերադառնալու մասին խոսակցություններն ու նշել, որ առաջարկ է ստացել եւ ընդունել այն՝ Հ1-ով նոր հաղորդաշար է սկսում:

Երեկ մենք Նվեր Մնացականյանից փորձեցինք պարզել, թե ինչ ընթացքում է որդու մասնակցությամբ վերոնշյալ աղմկահարույց գործը, սակայն նա նշեց, որ ոչ մի բանից տեղյակ չէ, եւ խնդրեց, որ իրեն նման հարցեր չուղղենք: Հարցին, թե ինչպես է ստացվում, որ հայրը որդուց տեղյակ չէ, այն դեպքում, երբ մեկ տարի առաջ նույն Նվեր Մնացականյանը պնդում էր, որ իր որդին ոչնչի մասնակից չէ, տեղյակ չէ, հեռուստալրագրողն ասաց. «Մենք չենք շփվում, դրա համար էլ չգիտեմ»:

Ի դեպ, այս գործի նախաքննությունն ավարտվել է հոկտեմբերին, եւ գործը գնացել է դատարան, անգամ մի քանի նիստ է կայացել, վերջինը՝ մարտի 31-ին։ Գործով անցնում են Անդրանիկ Փիլոյանը եւ եւս 12 անձ՝ Աշոտ Հակոբյանը, Վիգեն Մկրտչյանը, Հրաչյա Երեմյանը, Միհրդատ Մաթեւոսյանը, Արթուր Օհանյանը, Արա Յաղջյանը, Գոռ Համբարձումյանը, Արտակ Բեյբությանը, Թաթուլ Գեւորգյանը, Տիգրան Գասպարյանը, Գագիկ Պողոսյանը եւ Վիգեն Գրիգորյանը (կալանավորված)։ Այսինքն, մեղադրյալների ցանկից հանել են Մհեր Մնացականյանին։ Դատախազությունից մեզ ասացին, որ Նվեր Մնացականյանի որդու` Մհերի մասն առանձնացվել է եւ առանձին է քննվում: