Մի անգամ պատերազմով հանձնեցին, հիմա փոքր բեմադրություններով են հանձնում

Մի անգամ պատերազմով հանձնեցին, հիմա փոքր բեմադրություններով են հանձնում

«Հրապարակի» զրուցակիցը 44-օրյա պատերազմում նահատակված, կամավորական Արման Օհանջանյանի մայրն է` Ելիզավետա Բուդաղյանը:

- Վերջին օրերին զոհված զինծառայողների ծնողները Քննչական կոմիտեի դիմաց բողոքի ակցիաներ են իրականացնում՝ պահանջելով Արգիշտի Քյարամյանի հրաժարականը: Ոմանք նկատում են, որ Քյարամյանի հրաժարականն եք պահանջում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջելու փոխարեն: Ի վերջո` վարչապետն է թիվ մեկ պատասխանատուն, ոչ թե Արգիշտի Քյարամյանը:

- Այո, միակ եւ առաջնային պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է եւ նոր միայն նրանից հետո` մնացածները: Խնդիրն այն է, որ մենք պայքարում ենք այսօր զոհվածի ծնողի վրա հարձակվելու համար: Հիմա մենք դրա հետեւանքն ենք ուզում տեսնել, որպեսզի մեղավորները պատասխանատվության ենթարկվեն եւ վերջապես հասկանան, որ ծնողները կատարվածի հետ չեն հաշտվել: Մեր` զոհվածների ծնողների համար ապագա չկա: Մենք երբեք չենք հաշտվելու կատարվածի հետ:

- Կարծես առաջիկայում բողոքի քաղաքական ակցիաներ եք նախատեսել: Ի՞նչ ակցիաներ են լինելու դրանք: Ի՞նչ պահանջով:

- Բոլոր նրանք, ովքեր սրա հրաժարականի պահանջով ակցիա անեն, ես գնալու եմ ու կանգնեմ նրանց կողքին, անկախ նրանից, թե ով է դրա կազմակերպիչը: Նա, ով դուրս կգա սրա դեմ, կկանգնեմ նրա կողքին: Իմ միակ պայքարի նպատակը սրա հրաժարականն է, անկախ նրանից, թե մնացյալ ծնողները համամիտ կլինե՞ն ինձ հետ, թե՞ ոչ: Զոհված զինծառայողների ծնողների պահանջն էլ սրա հեռացումն է: Երբեւէ չմտածեք, թե հարմարվել ենք այս իրավիճակին ու սրա դեմ չենք պայքարում:

- Զոհվածների ծնողներին ոմանք մեղադրում են քաղաքականացվելու մեջ:

- Այո, ասում են նաեւ, որ մեզ տներ են տվել: Ոչ մեկին ոչ մի բան չեն տվել, կարող են հանգիստ քնել գիշերը: Բայց եթե անգամ տան էլ, դա ամոթ բան չէ: Այս պետությունը մեզ պարտավոր է ամեն ինչով ապահովել: Ինչ ուզում են, թող հաչան, ես թքած ունեմ, թե ով ինչ է ասում: Ես անկուսակցական եմ: Գուցե, ինչպես բոլորը, այնպես էլ ես ունեմ իմ նախընտրած ուժը, սակայն դա չի նշանակում, թե ես քաղաքականացված եմ: Որպես հայ մարդ` բոլորս էլ ունենք քաղաքական հայացքներ: Ինձ համար հիմա բոլորը մեկ են, կարեւորը՝ այս անասունը չլինի: Թե ով կլինի նրա փոխարեն, արդեն դա էլ է մեկ, միայն թե սա չլինի: Այդքան բղավել ու բղավում ենք, որ հայրենիք ենք կորցնում, եթե այն ժամանակ պատերազմ էր, դրա արդյունքում կորցրինք, հիմա մաս-մաս ենք կորցնում: Պատերազմի ժամանակ էլ որոշ տարածքներ հենց այնպես հանձնվեցին: Մի անգամ պատերազմով հանձնեցին, հիմա վախենում են նույնը կրկնել, ստիպված՝ փոքր բեմադրություններով են հանձնում Հայաստանը: Նորից փորձում են մարդկանց մեջ վախ առաջացնել, որ ծնողներն ասեն` երեխաները բանակ չգնան, չկա բանակ եւ այլն: Թուրքի եւ թրքահաճոների ուզածը դա է: Ես դրա ելույթները չեմ լսում առհասարակ, բայց քիչ առաջ տեսա, թե ԱԺ-ում ինչեր է ասել: Խոսել է Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին, ասել է, որ ճանաչում է դա: Սա ամեն անգամ մի էշություն է դուրս տալիս, իսկ հասարակությունը թմբիրից չի արթնանում։ Էս ի՞նչ թմրանյութ են ներարկել մեր ժողովրդի մեջ, որ չի սթափվում: Այս արտահայտությունը հերիք էր, որ Հայաստանը կաթվածահար լիներ, հիմա մարդիկ պետք է փողոց դուրս գային, պետական հաստատությունները գործադուլ սկսեին, պետք է սրա հրաժարականը պահանջեին, բայց լռում են: Ուզում եմ նաեւ դրոշ այրող դիզայների մասին խոսել: Նա շատ ճիշտ է վարվել: Այ վախկոտ, թրքահպատակ փալասներ, որ ասում եք՝ Հայաստանն իր արժանապատվությունը կորցրեց, լո՞ւրջ եք ասում: Լավ է արժանապատիվ մեռնել, քան ձեզ նման անարժանապատիվ, ստրուկի, փալասի նման ապրել, դո՞ւք եք արժանապատվությունից խոսում: Ամոթ ունեցեք՝ գոնե լռեք: Խոսում են նաեւ հայ ռազմագերիների մասին, թե իբրեւ այս դեպքից հետո նրանց Ադրբեջանում խոշտանգելու են: Ինչի կարծում էիք մինչեւ այս, գերիներին յուղի ու մեղրի կարասի մե՞ջ էին պահում, հանկարծ նոր իրենց փալասը վառելու համար պիտի խոշտանգեն: Ամոթ ունեցեք՝ լռեք գոնե: