Անգեղակոթի եւ Շաղատի նորակառույց ճանապարհը, ամենայն հավանականությամբ, միջանցքներից մեկն է լինելու

Անգեղակոթի եւ Շաղատի նորակառույց ճանապարհը, ամենայն հավանականությամբ, միջանցքներից մեկն է լինելու

«Ռազմական նշանակության շինարարություն է տեղի ունեցել Շիկահողի արգելոցում, որը մտնում է «Զանգեզուր կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի մեջ»,- մեզ հետ զրույցում ասաց «Երկիր ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը։

«Մենք չենք կարող ասել՝ ադրբեջանցինե՞րը, թե՞ ովքեր են ծառահատում իրականացրել, որովհետեւ մերոնցից էլ են ոչնչացրել։ Այսինքն, տարածքը ոնց են ոչնչացրել՝ դա հայտնի չէ, միայն իրենք չէ, մեր կողմից էլ են այդ գործողությունները կատարվել մեր կողմի վրա։ Նպատակը երեւում էր, որ ռազմական նշանակության շինարարություն է տեղի ունեցել այդտեղ»,- ասաց Փոստանջյանը։ «Երկիր ծիրանի» կուսակցության նախագահը տեղում է ականատես եղել իրավիճակին եւ ասում է, որ արգելոցի կարգավիճակ ունեցող տարածքում ոչ միայն հատվել է անտառի հսկայական մի հատված, այլեւ հողի վերին շերտը բավականին խորը փորված-հանված է։ Փոստանջյանը հիշեցնում է, որ արգելոցում արգելվում է որեւէ միջամտություն, գործունեություն, ինչի հետեւանքով կենսահամակարգը վտանգված է, ու որի մեջ ամեն մի օղակի խաթարում շղթայական կործանիչ ռեակցիա է ունենալու։ Անդրադառնալով դեպի Ճակատեն գնացող ճանապարհին՝ Փոստանջյանը նշեց, որ այստեղ էլ փոփոխություններ կան։

«Ճանապարհը փոխված էր։ Այն ճանապարհը, որով նախկինում մարդիկ գնում-գալիս էին, այդ ճանապարհը փակ է այդ փակված ճանապարհից կա նաեւ լուսանկար։ Դեպի Ճակատեն գնացող ճանապարհով երբ գնում ես, այդտեղ իրենք նոր հատված էին կառուցել վերջերս, բավականին երկար՝ մի քանի կիլոմետր, նոր ճանապարհ։ Այսինքն, հավանաբար, մեր տարածքից տրվել է ադրբեջանցիներին, որպեսզի այդ մեր տարածքի ճանապարհից մենք հրաժարվենք, եւ նոր ճանապարհ են կառուցել՝ ավելի դեպի ներս հայկական հողի մեջ»,- նշեց Զարուհի Փոստանջյանը։

Եթե տեղանքին նայենք Նիկոլ Փաշինյանի՝ 4-5 կմ հետ քաշվելու մասին հայտարարության տեսանկյունից, ի՞նչ պատկեր կունենանք։ Փոստանջյանն ասաց՝ եթե անմիջապես մեր ավտոճանապարհն անցնում է այդ ճանապարհով, 4-5 կմ ո՞ւր են հետ քաշվելու։ «Ադրբեջանցիները կանգնած են մեզ հետ համատեղ նույն գծի վրա, իսկ մեր դիրքերը գտնվում են մեր միջպետական ճանապարհի վրա, հիմա այդ միջպետական ճանապարհից եթե ինքը 5 կմ հետ է քաշվում դեպի խորքը, դա նշանակում է՝ ընդհանրապես Սյունիքի մարզը եւ ընդհանրապես Իրանի հետ կապից զրկվում ենք։ Մենք այնտեղ 5 կմ որտե՞ղ ունենք, որ հետ է քաշվում»,- նկատեց մեր զրուցակիցը։

Իրանի հայտարարությունն այն մասին, որ ՀՀ-ի հետ սահմանի խախտման պարագայում քայլերի կդիմեն, արդյոք նշանակո՞ւմ է, որ այսպիսով Իրանի հետ ռազմական բախման նախադրյալներ են ստեղծում։ Քաղաքական գործիչն ասաց՝ դա պետք չէ բացառել, քանի որ, ըստ էության, նաեւ դա է ստացվում․ «Դիրքերը կողք-կողքի են՝ դրված են հայկական դրոշ, ադրբեջանական դրոշ։ Նույնիսկ Շուռնուխ գյուղը կիսել են՝ ճանապարհի մի կողմն ադրբեջանական դրոշ է, հենց անմիջապես ճանապարհին։ Հիմա Շուռնուխ գյուղում դիրքեր կան՝ մեր զորամիավորումներն են։ Հիմա, եթե այդ զորամիավորումները 5 կիլոմետր հետ քաշվեն, էլ ի՞նչ է այնտեղ մնալու։ Նույնը՝ Կապանի օդանավակայանում․ թուրքերն իրենց դրոշն են խփել՝ իբրեւ իրենց տարածքն է։ Եթե Կապանի օդանավակայանից մենք հինգ կիլոմետր ներս ենք գնում, այդտեղ ի՞նչ է մնալու։ Սա նշանակում է՝ Փաշինյանը կտրում է Սյունիքը, եթե կտրում ես Սյունիքը, ապա կտրում ես միջպետական ճանապարհը՝ Թեհրան-Մեղրի-Երեւան, դա նշանակում է՝ վերացնում ես Իրանի հետ մեր սահմանը»։

Անդրադառնալով մարդկանց տրամադրվածություններին՝ Փոստանջյանը նկատեց, որ Կապանում մարդիկ առավել սթափ էին գնահատում, սակայն ցավալի էր իրավիճակը Սիսիանի Անգեղակոթ եւ Շաղատ գյուղերում։ «Ամենացավալին տեսել եմ Անգեղակոթ, Շաղատ գյուղերում։ Դեպի գյուղ տանող ճանապարհները բավականին անմխիթար վիճակում են եղել։ Ես այնտեղ եղել եմ մինչեւ այս կեղծ տեղափոխություն կոչեցյալը, ճանապարհները շատ վատ վիճակում էին։ Հիմա բավականին լայնացրել են, վերանորոգել են ամբողջությամբ, ասֆալտապատել են։ Այդտեղ երեւի յոթ կիլոմետր է մնացել գրունտային ճանապարհ, ընդ որում՝ դա հարթեցրել էին, բացել էին, որը մնում է ասֆալտապատել՝ մի քանի կիլոմետր։ Եվ այդ մի քանի կիլոմետրն արդեն հասնում է Նախիջեւանի սահման, որից հետո արդեն իջնում է դեպի անմիջապես Նախիջեւան։ Այսինքն, հավանաբար, միջանցք ասվածից մեկն էլ դա է լինելու։ Եվ Անգեղակոթ գյուղից մինչեւ Նախիջեւան ընդամենը մեկուկես ժամ է»,- նշեց Փոստանջյանը։

Իսկ Անգեղակոթի բնակիչներն իրավիճակն ինչպե՞ս էին տեսնում։ «Ես հասկացա, որ այդտեղ, հավանաբար, եղել էր տիկին Էրատոն եւ բավականին մեծ աշխատանք էր տարել։ Աշխատանքը, ես կարծում եմ, իհարկե, նյութական շահագրգռվածության միջոցն էր, եւ բնակիչները, դրանից դրդված, շատ երջանիկ էին։ Համենայնդեպս, ես այդպիսի տպավորություն ստացա, որ նրանց նյութապես շահագրգռել էին։ Այդ ճանապարհը, որ վերանորոգել էին, ու դա պետք է գնա ադրբեջանական Ջախրի՝ դեպի Նախիջեւանում այդ գետը, այդտեղից հետո իջնում է դեպի Նախիջեւան։ Ընդամենը 80 կիլոմետր է Անգեղակոթից մինչեւ Նախիջեւան։ Այսինքն՝ այս ճանապարհն Անգեղակոթի եւ Շաղատի բնակիչների ինչի՞ն է պետք, իհարկե, նրանց պետք չէ այդ ճանապարհը»։ Փոխարենը դա պետք է ադրբեջանցիներին, որպեսզի Արցախի օկուպացված հատվածից կապ հաստատվի Նախիջեւանի հետ։

«Միջպետական ճանապարհը չի սարքում Նիկոլ Փաշինյանը, բայց եկել, իրենց գյուղի ճանապարհը սարքել է, իսկ այն կողմից էլ՝ նախիջեւանյան հատվածից ամբողջությամբ Ալիեւն է ճանապարհը սարքել։ Այդ հարցն իրենք իրենց չե՞ն տալիս»,-շեշտեց քաղաքական գործիչը։