«Հրապարակ». Եթե նման վարչապետ ունենք, ի՞նչ վարկանիշ

«Հրապարակ». Եթե նման վարչապետ ունենք, ի՞նչ վարկանիշ

Հարցազրույց ԱԺ նախկին ՔՊ-ական պատգամավոր Սոֆյա Հովսեփյանի հետ:

- Տիկին Հովսեփյան, երեկ Ազգային ժողովում վարչապետը կրկին աղմկահարույց հայտարարություններով է հանդես եկել: Խոսել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու մասին, նշելով, որ եթե Հայաստան ենք ճանաչում 29.800 քառակուսի կմ տարածքը, այլ երկրից այլ պահանջ երբեք չենք ունենում:

- Ինձ համար այդ հայտարարությունը նորություն չէր: Սպասելի էր նման բաներ լսելը:

- Մարդիկ գնահատեցին, որ վարչապետը փաստացի Արցախի վրա խաչ է քաշում:

- Այո, անկլավներ տալով, Հայաստանի սահմանները փոքրացնելով՝ խաչ է քաշվում Արցախի վրա: Բառացի ասում է, որ գործ չունի Արցախի հետ, խոսում է հետ քաշվելու մասին, թե որտեղ եւ ոնց է հետ քաշվում, դա էլ միայն իրեն է հայտնի:

- Ամեն տեղից 4-5 կիլոմետր հետ քաշվելով, զիջելով, հողերը թշնամուն նվիրելով ո՞ւր ենք գնում:

- Գնում ենք դեպի պետականության կործանում, էլ ո՞ւր: Այնտեղ, ուր եղել ենք դարեր շարունակ: Եղել ենք որպես ժողովուրդ, սակայն ոչ որպես պետություն:

- Արցախում ի՞նչ վիճակ է այժմ: Թանկացումներ, ճգնաժամ: Ինչպե՞ս եք կարողանում հաղթահարել այդ դժվարությունները, ի՞նչ են մտածում արցախցիներն այդ մասին:

- Առհասարակ դժվար է: Այն ապրանքները, որոնք վերահսկվում են, առանձնապես չեն թանկացել: Շտաբի միջոցով բերված ապրանքները չեն թանկացել, նորմալ գներ են` Հայաստանի նման, գուցե թանկացել են, բայց չնչին` տասը տոկոսով: Զարտուղի ճանապարհներով բերված ապրանքները բավականին սարսափելի թանկ են: Տասնյակ խանութներ այդ պատճառով փակվել են, իբրեւ փորձում են վերահսկել, սակայն իրավիճակը նույնն է:

- Արցախահայությունը, լսելով երեկվա հերթական զիջողական հայտարարությունները, ի՞նչ բարոյահոգեբանական վիճակում է:

- Արցախահայությունն իր երկիրը պահելու է: Ընկճվում են, սակայն դիմանում ենք, կայուն ենք:

- Իշխանական շրջանակները պնդում են, որ ծանրամարտի առաջնության ժամանակ դիզայներ Նիկոլյանի կողմից Ադրբեջանի դրոշն այրելու պատճառով ընկել է Հայաստանի Հանրապետության միջազգային վարկանիշը: Համաձա՞յն եք:

- Ի՞նչ վարկանիշ: Հայաստանն այլեւս չունի վարկանիշ` ի դեմս վարչապետի: Եթե նման վարչապետ ունենք, չենք կարող վարկանիշ ունենալ: Այնպես որ, լավ կանեն՝ իրենց կեղծ թեզերն ու մեղքն ուրիշի վրա բարդելու սովորությունն իրենց պահեն: