Աշխարհի կաղնիներն ու մեր քամիները

Աշխարհի կաղնիներն ու մեր քամիները

Մենք՝ հայերս, մեր ազգային գոյաբանական սին գաղափարների ստրուկներն ենք։

Որո՞նք են այդ գաղափարները, ովքե՞ր են դրանք մեր գլխի մեջ մեխել, եւ ինչո՞ւ ենք մենք դրանցով միշտ համակվում։

Ցանկացած ազգ երեք հենասյուն ունի՝ հոգեւորական, հերոս եւ մտավորական։ 
«Քրիստոնեությունն այնքանով է մեզ պետք, ինչքանով այն ծառայում է մեր ազգին»։ Սրանք հայոց վեհափառ կաթողիկոս Վազգեն Առաջինի խոսքերն են։ Բայց, չգիտես ինչու, նրա պաշտոնական հետնորդի օրոք Քրիստոսն սկսեց Հայաստանում կազինոներ ու դղյակներ սարքել եւ պատրաստվում է իր արձանը կանգնեցնել սարերի վրա ու ճանապարհն առ Աստված ճոպանուղի դարձնել։ Երբ Հայաստանից երկու միլիոն մարդ անվերադարձ խոպան գնաց, որ Ռուսաստանի եկեղեցիներում աղոթի, մեր եկեղեցուն դա չանհանգստացրեց։

«Մենք քաջ տոհմի զավակներ ենք․․․, Մանր-մունր փորձանքներից չենք փախչի․․․»։ Լա՜վ քայլերգ է։ Երբ պետականություն ու բանակ չունես, քո ռազմական ուժը ֆիդայականությունն է։ Վատ չկռվեցինք, երբ աշխարհի գլուխը խառն էր։ Ազատագրեցինք Արցախը, յոթ շրջան էլ բոնուս ստացանք։ Կռվողների ծեր ծնողների ու բոբիկ երեխաների պատիտակային կենցաղը չփոխվեց, բայց ինչպիսի՜ հերոսներ իշխանական մկրտություն ստացան, է՛լ մանվելներ ու լիսկաներ, է՛լ բաղմանյաններ․․․։ 

«Բանակաշինության» համար արցախցիներն անխնա ծախսեցին մեր հաղթանակն էլ, հանքերն ու գործարաններն էլ, բայց մեր բանակի զինվորը մնաց ոջլոտ ու սոված, զինանոցը՝ դատարկ։ Այդ ամենի դիմաց, դարավոր ճանապարհ անցած մեր հայկականությունը նորից ձեռք բերեց մեզ շա՜տ ոխերիմ բարեկամ Ռուսաստանին։ Ջրից ելանք, ջրհորն ընկանք։

Եկավ Նիկոլի դարաշրջանը՝ հու-հու-դըմփ, հետո՝ գըմփ։ Թալանը քյաբաբ առ քյաբաբ անձեռնմխելիություն ձեռք բերեց, թալանչիներն ու մարդասպանները դատարաններում սրբադասվեցին։ Արդյունքում միայն Նիկոլի մորուքը սպիտակեց։

ՀՀ ԱԱԾ-ն ու արտաքին հետախուզական ծառայություններն էլ չտեսան, թե դքից այն կողմ Թուրքիան ինչքան զինտեխնիկա է կուտակել։ Մեր բանակի գեներալիտետն էլ ի՞նչ իմանար, որ զինտեխնիկան ընդհանրապես մարտերի ժամանակ են օգտագործում։ Նա իր «ունեցածն» էլ թողեց ու փախավ՝ մտածելով, որ լավ է Նիկոլին գահընկեց անի, պաշտոն-մաշտոն ստանա, քան հրազենային վնասվածք։ Հրապարակախոսությունն ու կոչերը բայրաքթարների դեմը չառան, եւ մեր բանակը ջախջախվեց։ Երեսուն տարի բանակ շինեցինք։ Երեսուն տարի էլ մեր իշխանություններին ժամանակ է հարկավոր, որ պարզեն, թե բանակում ով է մեզ բարեկամ եղել, ով՝ թշնամի։ Երբ արյունաքամ էինք լինում, աշխարհից օգնություն աղերսեցինք։ Աշխարհն ասաց՝ Նարեկացին ու Կոմիտասը ո՛չ գազ են, ո՛չ նավթ, ինձնից յան տվեք, Ռուսաստանն էլ, թե՝ ես ձեր ի՞նչը չեմ տվել թուրքերին, էս ի՞նչ ամնեզիա է՝ հարյուր տարի առաջ եմ Ղարաբաղը տվել թուրքերին, իմ տվածը ես անգամ չեմ կարող ետ վերցնել, դուք ի՞նչ եք մեյդան ընկել, չե՞ք տեսնում՝ Ղրիմը քթիցս գալիս է։ 
Բա դու որտե՞ղ ես, հայ մտավորական։ Ասա՝ որտե՞ղ պետք է լինեմ, ով մարշրուտկայի փող տվեց, նրա կազմակերպած հավաքին էլ կգամ։ Աշոտ Բլեյանն էլ մարշրուտկայի փող ունի, բայց նրա ձայնալարերից արձակված ձայնային ալիքները մեր ականջները չեն ընկալում։ Երեսուն տարի է՝ խեղճ մարդը գելերի գլխին Ավետարան է կարդում։ Գելերն էլ ասում են՝ ի՞նչ «համակեցություն», մենք քաջ տոհմի զավակներ ենք, թուրքը վախկոտ է, հետո՞ ինչ, որ գերտերություն է կառուցել։
Այսօր մենք՝ մեղավորներս, շարունակում ենք մեղավորներ փնտրել մեր տանն ու աշխարհում։

Մեր առջեւ ակամայից ծառացել է մեծ խնդիր՝ ինչպես փրկել մեր հոգին ու միտքը օկուպացրած թշնամուց՝ մեր պետականությունն ու ինքնությունը կործանման տանող ազգային անիրատեսությունից, ինչպես լքել մեր հին ու մաշված հայկականության հաշվանքային համակարգի մտավոր տուրբուլենտությունը։ Հարեւանների հետ համակեցության գնալն է կարծես այսօր մեր գոյաբանության հրամայականը։ Իսկ ի՞նչ է այդ համակեցություն ասվածը։ Կենցաղայի՞ն, թե՞ քաղաքական քիրվայություն։ Այսօր այդ երկուսն էլ մեր հարեւաններն ուզում են այն հողով փոխանակել, որի վրա ենք կանգնած։ Մեր անկախությունն էլի օդում կախվեց։ Հույսն ո՞ւմ վրա դնել՝ մեր քաղաքական փրչոտ հանճարների՞, թե՞ Հայ դատի, որ հարյուր տարի է՝ իր համար գործ է գտել ու Թուրքիայի ջրաղացին գյոզերով ջուր է լցնում։ Հայկական սփյուռքն էլ մի ամորֆ գործոն է՝ խեղճերը հազիվ են փախել, փրկվել իրենց հայրենիք կոչված դժոխքից։ Ո՞վ կա տանը՝ շնից շատ քաղաքական գործիչներ ու կուսակցություններ, որոնք ասում են, որ մինչեւ իշխանական աթոռին նստած չլինեն, ոչինչ չեն կարող անել։

Ռուսաստանն իր աշխարհաքաղաքական նկրտումներով ֆաշիստական Գերմանիայի շորերը հագավ։ Աշխարհն այդ հրեշից շուտով կազատվի, քանզի ոչ մի երկիր նրան չի պաշտպանելու։ Աշխարհի հզոր երկրները գնում են իրենց քաղաքացիների կյանքը բարելավելուն։ Սրա ամեն մի քաղաքացուն մի կոլխոզի հողատարածք ու մի նավթահոր է ընկնում, ինքը Թուրքիայից է պոմիդոր ներկրում։ Ի՞նչ է լինելու այնտեղ հայության հետ, ի՞նչ գին կվճարենք մենք ռուս-հայկական «բարեկամության» դիմաց այս անգամ, ինչպե՞ս կդիմակայենք նոր լենիններին ու քեմալներին։ 

Մենք մեր սահմաններն իրենց կյանքի գնով պաշտպանող մեր 18 տարեկան որդիների արյան գնով ենք օրվա մի կտոր հացը զխտվում ու թիկնապահական կայազորի օգնությամբ ենք նրանց շիրիմներին խոնարհվելու պատվին արժանանում։ Ուրանալ պետք չէ, որ Հայաստանում ինչ-որ բան փոխվել է․ ուր նայում ես՝ շինարարություն է գնում։ Պետական ապարատում կոռուպցիան հազվագյուտ է հիշվում։ Բայց Երեւանի քաղաքապետարանը չի հրաժարվել իր բրենդներից։ Դա «Նաիրիտի» փլատակների մոտ պատիտակային մարմնավաճառական շուկան է, քաղաքի շրջակա փողոցներում ոչխարների փողոցային սպանդանոցներն են եւ քաղաքային տրանսպորտ կոչվող ժեշտե մեշոկներով՝ մարդկանց գունդ-գունդ տեղափոխելը։ Մանրուք թվացող այս հանգամանքներն ու հետխորհրդային մեր քաղաքական ապարդյունությունը մտածել են տալիս՝ մեր գոյաբանական ուժն ինչի՞ց կարող է ծնվել։ Մտածել է պետք։ Ինչո՞վ, երբ մեր գլխուղեղը փտախտով է տառապում։ Մեզ վիրաբույժ ու վերակենդանացում են պետք, բայց մենք վարսահարդարների մոտ հերթ ենք կանգնել։

Վահան Հարությունյան