«Հրապարակ». Եթե իրենք ուզում են մեզ ձերբակալել, ապա մեզանով պիտի լցնենք իրենց բանտերը

«Հրապարակ». Եթե իրենք ուզում են մեզ ձերբակալել, ապա մեզանով պիտի լցնենք իրենց բանտերը

Արցախում տեղի ունեցած վերջին իրադարձությունների ֆոնին ընդդիմությունը, տասնյակ հազարավոր քաղաքացիների հետ, 3 օր է՝ բողոքի ցույցեր է անում։ Կառավարության շենքի դիմաց ոստիկանության հետ մի քանի անգամ բախումներ տեղի ունեցան, երկու կողմից էլ եղան վիրավորներ։ Իրավապահ համակարգը դրան զուգընթաց սկսել է քրեական գործեր հարուցել տարբեր անձանց դեմ, ձերբակալվում են բողոքի ակցիաների մասնակիցներ, հասարակական գործիչներ, հենց հավաքի վայրից առեւանգում են ցուցարարներին, եւ անգամ ոստիկանապետ Արա Հովհաննիսյանն ինքն է բախումներ հրահրում։ Ակնհայտ է, որ իշխանություններն ամեն կերպ փորձում են ճնշել զանգվածային ցույցերը, սակայն դեռ հարց է` իշխանությունների ազդեցությունը ճնշելո՞ւ է հավաքները, թե՞ ծնելու է հակազդեցություն։ Փաստաբան Տիգրան Աթանեսյանն օրերս գրառում էր արել. «2009-ին ասում էի՝ սրան մի կալանավորեք, զոռով հերոս մի սարքեք։ Չլսեցին։ 2018-ին ասում էի՝ սա երկիրը քանդելու է։ Չլսեցին: Հիմա ասում եմ՝ սա երբեք հրաժարական չի տալու...»։

Աթանեսյանին հարցրինք՝ եթե համեմատենք 2008-2009 թվերն ու այսօրվա իրավիճակը, հնարավո՞ր է, որ ընդդիմադիրների ձերբակալությունն էլ ունենա նույն էֆեկտը, ինչ 2009-ին, այսինքն՝ շարժումը ոչ թե ճնշվի ու մարի, այլ ավելի մեծ թափ ստանա, զարգանա։ «Եթե վերադառնանք 2009 թվական, ապա մեր իրավապահ համակարգը միշտ էլ նույնձեւ է գործել․ եթե նրանց հիմա Իլհամ Ալիեւը հրաման տա, Իլհամ Ալիեւի հրամանը կկատարեն, նրանց համար պաշտոնը եւ այն բարիքները, որը պաշտոնը բերում է, թանկ է ամեն ինչից, անգամ այն երեխաներից, իբր որոնց հացի համար իրենք իրենց այդպես են պահում։ Դա մարդկային տեսակ է, միշտ եղել է դա ու միշտ կլինի, ուղղակի դա պետք է ճիշտ կառավարել, վերացնելն անհնար է։ Իրոք, եթե Նիկոլ Փաշինյանին այն ժամանակ չկալանավորեին, հաստատ ինքը չէր ունենա քաղաքական աճ եւ երկար տարիներ, կամա թե ակամա, պարզապես հռի-բռի գործելու հետեւանքով դարձավ այն, ինչ դարձավ։ Ինչ վերաբերում է այսօր կատարվողին․ ախր պետք չէ հեծանիվ հնարել, այս ամենը վաղուց մարդկությանը հայտնի է, դա քաղաքագիտության ինչ-որ մի մաս է, եւ մեր քաղաքական գործիչները երեւի թե հենց իրենց տգիտության պատճառով չեն կարողանում դա կիրառել կամ չգիտեն, որ նման բան կա։ Ես կբերեմ Մարտին Լյութեր Քինգի օրինակը։ Ես համոզված եմ, որ մեր քաղաքական առաջնորդներից շատերը չգիտեն, թե դա ով է․ ո՛չ Մարտին Լյութերին գիտեն, ո՛չ Մարտին Լյութեր Քինգին, բայց բերեմ այդ օրինակը։

Մարտին Լյութեր Քինգը երբ Ամերիկայում սեւամորթների շարժումն էր ղեկավարում՝ 60-ական թվականներին, տեղի էին ունենում նույն ռեպրեսիաները․ նույնկերպ ակտիվիստներին ձերբակալում, կալանավորում, դատապարտում էին։ Ի՞նչ ասաց Մարտին Լյութեր Քինգը, եւ ինչպե՞ս իր շարժումն ի վերջո հաղթեց։ Նա ասաց․ «Դուք տանում եք մեզ բանտեր, մենք մեզանով կլցնենք ձեր բանտերը», եւ սեւամորթները սկսեցին հատուկ խախտումներ անել, որպեսզի իրենց ձերբակալեն ու կալանավորեն։ Սեւամորթները ցույց տվեցին, որ չեն վախենում դրանից։ Դա բերեց իրավապահ համակարգի կոլապսին եւ հանգեցրեց նրան, որ Վաշինգտոնում կառավարությունը սկսեց իրավիճակը փոխել, հասկացան, որ այլեւս չեն կարող կառավարել, կբերեն երկրի ներսում նոր պատերազմի։ Ես իրավունք չունեմ մարդկանց նման խորհուրդ տալու, ես Մարտին Լյութեր Քինգը չեմ, այս շարժման պատասխանատու առաջնորդ չեմ, որովհետեւ նման բան ասելիս դու քո կյանքը դնում ես զոհասեղանին։ Ես չգիտեմ, թե որքանով է ճիշտ նաեւ այս օրինակը բերելը, բայց իմ պատասխանը դա է։ Եթե իրենք ուզում են մեզ ձերբակալել, ապա մեզանով պիտի լցնենք իրենց բանտերը»,- պատասխանեց Աթանեսյանը։

Այսինքն՝ շարժման առաջնորդները պիտի չվախենա՞ն ոստիկանության հետ բախումներից ու ձերբակալվելուց՝ հարցրինք Աթանեսյանին։ «Իրենք պետք է գնան բանտ, հասկանո՞ւմ եք, այդ առաջնորդներով՝ բոլորով պետք է գնան բանտ, եւ համակարգը միջից կպայթի, եւ սա իշխանությունից կհեռացվի։ Իհարկե, սա լավ չի հնչում, այսպիսի խորհուրդ մարդկանց չեն տալիս, բայց սա իմ կարծիքն է եւ թող ոչ մեկի համար որպես խորհուրդ չհնչի, որովհետեւ եթե ես այդպիսի խորհուրդ եմ տալիս, առաջինը ես պիտի դա անեմ։ Միակ լուծումը եւ հաղթանակը դա է․ պետք չէ բողոքարկել՝ դատարանի ձերբակալումն անօրինական է, էս է, էն է։ Դա չի օգնի, բոլորս էլ գիտենք, որ անօրինական է, գիտենք, որ դատարաններն արդեն չկան, իմաստը ո՞րն է այդ ամենի: Դա ճանապարհ է դեպի պարտություն»,- պատասխանեց Աթանեսյանը։