Դիմում եմ Ձեզ, առաջին իսկ պահից այդպես արագ չգնալ կոմպրոմիսների․ «Զարթոնքի» անդամի դիտողությունը՝ նորընտիր քաղաքապետին

Դիմում եմ Ձեզ, առաջին իսկ պահից այդպես արագ չգնալ կոմպրոմիսների․ «Զարթոնքի» անդամի դիտողությունը՝ նորընտիր քաղաքապետին

Այսօր կայացավ Գյումրի համայնքի նորընտիր ավագանու առաջին նիստը, որին ներկա էին ավագանու 33 անդամները ։ Օրակարգի առաջին հարցից էր  քաղաքապետի ընտրությունը։ 5 կուսակցություններից քաղաքապետի թեկնածու առաջադրեց միայն «Բալասանյան դաշինքը» ։ Չնայած «Զարթոնք», «Հանրապետական» եւ «Ապրելու երկիր» կուսակցությունների ավագանու անդամները դեմ քվեարկեցին «Բալասանյան դաշինքի» թեկնածու Վարդգես Սամսոնյանին, ձայների մեծամասնությամբ՝ 24 կողմ, որը ապահովեց «Բալասանյան դաշինքն» ու «Քաղաքացիական պայմանագիրը», Վարդգես Սամսոնյանն ընտրվեց Գյումրու քաղաքապետ։ Նա անմիջապես ստանձնեց նորընտիր ավագանու նիստը վարելու պարտավորությունը, ինչն այնքան էլ հարթ չընթացավ։ Երբ քննարկման դրվեց հանձնաժողովների կազմավորման հարցը, ՔՊ-ն առաջարկությամբ հանդես եկավ․ «Քանի որ «Բալասանյան դաշինքը» եւ ՔՊ-ն ստորագրել են համաձայնգրի մասին հուշագիր, որը ենթադրում է, որ նրանք ստանձնել են համատեղ պարտավորություն համայնքի կառավարման համար, առաջարկում ենք այդ հարցը հետաձգել հաջորդ նիստին»։

Քաղաքապետի կողմից առաջարկությունն ընդունվեց եւ հետաձգվեց։ Այստեղ դեմ քվեարկեց եւ առարկությամբ հանդես եկավ «Զարթոնք» կուսակցության ավագանու անդամ Վարդևան Հակոբյանը․ 

«Այսինքն՝ ինչու է տեղափոխվում, ինչ է նշանակում՝ միասնական կառավարում, մենք էստեղ անելիք չունե՞նք» ։ ՔՊ-ական ավագանու անդամը պարզաբանեց, թե զուտ ժամանակի սղության համար է հետաձգվում։ «Մենք եկել ենք այստեղ աշխատելու, ինչ ժամանակի սղություն կա, բացի այդ 50-րդ հոդվածի կանոնակարգի համաձայն հանձնաժողովներում միայն շատ ձայներ հավաքած ուժերի ներկայացուցիչները չեն ընդգրկվում»,-հակադարձեց «Զարթոնք»-ի ավագանու անդամը՝ խոսքն ուղղելով նորընտիր քաղաքապետին ։

«Պարոն քաղաքապետ, դիմում եմ Ձեզ, առաջին իսկ օրվանից, առաջին իսկ պահից, խնդրում եմ՝ այդպես արագ չգնալ կոմպրոմիսների, սա անհասկանալի է, ուղղակի ամեն հարց իմիջիայլոց չընդունվի»։ Մինչ քաղաքապետը փորձեց արդարանալ, թե իմիջիայլոց չէ, Վարդևան Հակոբյանը կրկին հակադարձեց․ «Ժամկետի սղությունը հարցը հետաձգելու լուրջ պատճառ չի դիտարկվում, առավել հիմնավոր պատճառ պետք է լինի»։ «Լավ, պայմանավորվեցինք»,-զիջողական տոնով ասաց քաղաքապետը։