Մոռացեք անցած 3 տարիների ձեր քաղաքական ոճը, այլապես, աղետալի անկման կգնանք. Էմին Երիցյան

Մոռացեք անցած 3 տարիների ձեր քաղաքական ոճը, այլապես, աղետալի անկման կգնանք. Էմին Երիցյան

Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Նորընտիր ԱԺ-ի առաջին նիստերին ամեն օր բանավեճերի ընթացքում ՔՊ մեծամասնությունն այս կամ այն կերպ պատասխանում էր, որ իր քվեն տալով ժողովուրդը բոլոր հարցերին պատասխանել է։

Մոլորություն է կարծել, որ իր քվեով ժողովուրդը ՔՊ-ին ինդուլգենցիա է տվել։ Դա չի նշանակում, որ ՔՊ-ի կողմից ճակատագրական սխալներ չեն գործվել կամ սխալներ, որպես այդպիսիք, չկային էլ։

Մեծամասնության քվեն պետք է ընկալել որպես ժողովրդի կողմից տրված շանս՝ շանս այլ քաղաքականություն վարելու, շանս ուղղելու կատարված սխալները՝ ոչ թե նոր էներգիայով շարունակել սխալ քաղաքականությունը։

Հայաստանի պես երկրում, ուր գերհագեցած ինդիվիդուալիզմի միջավայր է, գերհագեցած քաղաքական դաշտ կա՝ հետպատերազմյան երկրի կառավարումը աներևակայելի ծանր ծանրաձող է։

Բոլորը զարմանում են (նույնիսկ Ալիևը)՝ ինչպես կարող են մարդիկ քվե տալ պատերազմում պարտված քաղաքական ուժին։ Առօրեական ռացիոնալ մտածողության տեսանկյունից դա իսկապես անբացատրելի է (այդպես էլ պիտի լինի)։

Պարզապես պետք է հասկանալ, որ

1. Ժողովուրդը իսկապես միշտ իմաստուն է։ Ընտրողներն իրենց ընտրությունը կատարել են ինտուիտիվ, բնազդային մակարդակում։ Այո, ճիշտ ընտրություն են արել։ Ոչ թե ճշտին են ընտրել, այլ ճիշտ սկզբունքով են ընտրել։
Պատասխանատվությունը հակադարձել են, բեռնել են այն ուժի ուսերին, ով և պատասխանատու էր ստեղծված իրավիճակի համար։ «Ջեբն են գցել»։ Այլընտրանքը չգտնելով։

2. Ինչո՞ւ։ Այս հարցին պատասխանելու համար պետք է հասկանալ, որ ընտրությունը (նշածս ինտուիտիվ քվեարկությունը) մի պահում տեղի չի ունենում, քվեախցիկում չի տեղի ունենում, չի հասունանում նախընտրական արշավի վերջին 10 օրվա ընթացքում կամ ողջ քարոզարշավի ընթացքում։
Պայմանականորեն, այդ ընտրությունը կատարվել է նոյեմբերի 9-ից սկսած ողջ ժամանակահատվածի կվինտէսենցիայում։ 

Պատերազմում պարտությունից հետո, ըստ էության, անիշխանության վիճակ էր։ Ոչ մի քաղաքական ուժ, ոչ մի խմբավորում, դաշինք այդ պահին ու հետագայում իշխանություն վերցնելու հստակ հայտ չներկայացրեցին՝ քայլերը վարանոտ էին, կիսատ-պռատ։ Չնայած նրանց անտագոնիստական հայտարարություններին, վերջիններս ընդունեցին արտահերթ ընտրությունների գնալու խաղի կանոնները՝ կրկնակի հավաստելով իրենց վարանոտ պահվածքը։

Նախընտրական քարոզչության շրջանում էլ նույնն էր՝ խոստանում էին տապալող կոմպրոմատներ՝ տեսնում էինք ռեվերանսներ, խոստանում էին արժանապատիվ խաղաղություն՝ արդեն փաստացի պարտության արդյունքում հաստատված խաղաղության պայմաններում։

Իսկ այս ամենի հիմքում այն էր, որ ՈՉ ՄԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՒԺ, նույնիսկ ըմբոստացած գեներալները ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԾԱՆՐԱՁՈՂԸ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԿԱՄՔ այդպես էլ չդրսևորեցին՝ ոչ խոսքով, ոչ գործով, ոչ նախընտրական քարոզարշավի ժամանակ։
Կոպիտ ասած, ոչ Քոչարյանը, ոչ «Պատիվ ունեմը» իշխանությունը վերցնելու վարքագիծ չդրսևորեցին։ Չուզեցին՝ քանի որ իշխանության ծանրաձող վերցնելը նաև դրանից հետո Ադրբեջանի հետ սահմանների որոշակիացման պատասխանատվությունն էր ներառում։
Ժողովուրդը ինտուիտիվ սա տեսավ, տեսավ, որ ներկայի ու հետագայի համար պատասխանատվությունը իր վրա վերցնող ուժ չկա պարզապես։ Ինտուիտիվ այս վերաբերմունքը փաթեթավորվում, վերփալ քողարկվում էր «նախկինները չլինեն» պիտակով։ Ընդդամենը։

«Ընտրությունը» պարտության պատասխանատու գործող իշխանության ու պատասխանատվությունը վերցնել չուզողների մեջ էր։ Մնում էր պատասխանատվությունը իրավիճակի պատասխանատուի գրպանը գցել։
Հիշո՞ւմ եք, ասվում էր «իրենց եփած բորշը իրենք էլ թող ուտեն»։
Բարեկամական հորդորս՝

Մոռացեք անցած 3 տարիների ձեր քաղաքական վեկտորներն ու ոճը, կոնսոլիդացնող ու ինկլյուզիվ քաղաքական վարքագիծ որդեգրեք։ Այլապես, աղետալի անկման կգնանք, 2022-2023-ը ոչնչով չեն տարբերվի 2021-ից՝ ներառյալ պատերազմի մշտական ռիսկերը։
180* փոխեք ձեր քաղաքական վարքագիծը»։