Եթե հիմնադրամի գումարները ճիշտ են ծախսվել, ուրեմն ինչու՞ է նույն խորհուրդը ուսումնասիրություն անցկացնելու 

Եթե հիմնադրամի գումարները ճիշտ են ծախսվել, ուրեմն ինչու՞ է նույն խորհուրդը ուսումնասիրություն անցկացնելու 

«Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին նախագահ Արա Վարդանյանը կիրակի տեղեկացրել է, որ երկուշաբթին հիմնադրամը սկսում է Հոգաբարձուների խորհրդի՝ օնլայն ռեժիմով նիստով, որին առաջին անգամ չեն մասնակցելու հիմնադրամի տարբեր երկրներում գործող տեղական մարմինների ղեկավարները։

Այսինքն՝ հենց այն մարդիկ, որոնց անմիջական ջանքերի շնորհիվ տարիներ ի վեր հաջողվում էր գումարներ հավաքել։ Ըստ Վարդանյանի՝ սա պատահական չէ, քանի որ այդ անձինք ահավոր զայրացած են կառավարությանը փոխանցած գումարի պատմությունից։ Բայց հիմնական ինտրիգը, իհարկե այն էր, թե ինչու է հիմա իրականացվում աուդիտ։ Որպես կանոն,հիմնադրամն իր խորհրդի նիստերն անցկացնում է մայիսին։ Եթե այս անգամ էլ մայիսին անցկացներ, ապա միջազգային աուդիտը, արդեն ավարտված կլիներ։ Հիմնադրամի նախկին նախագահի բացատրությունը այն է, որ պատճառը շատ պարզ է՝ Նախագահ Արմեն Սարգսյանը, որը Հոգաբարձուների խորհրդի նախագահն է, ուզում է իր վրայից գցել կառավարությանը տրված 107 միլիոն դոլարի պատմությունը։ 

Արա Վարդանյանը թե՛ նիստից առաջ, թե՛ հետո շարունակում էր պնդել, որ միջազգային աուդիտը չի ընդունել ՀՀ կառավարության կողմից հիմնադրամին տրված հաշվետվությունը, ինչը շատ լուրջ հետևանքների առաջ է կանգնեցնում Հիմնադրամը։ 

«Հայաստան» համահայկական հիմնադրամն ինքը ինչ-որ լղոզած, գրեթե բրեժնևյան ժամանակների մի տեքստ հրապարակեց այն մասին, թե հոգաբարձուների խորհրդի նիստը անցել է «կառուցողական մթնոլորտում», իսկ հոգաբարձուների խորհուրդն էլ վստահություն է հայտնել, որ պատերազմի ընթացքում հավաքագրված գումարները նպատակային են օգտագործվել։ Եթե այդպես է, ուրեմն ինչո՞ւ է որոշվել հոգաբարձուների խորհրդի անդամներից ստեղծել աշխատանքային խումբ, որը կաշխատի միջազգային աուդիտորական ընկերության և ներգրավված այլ կողմերի հետ՝ պատերազմի ընթացքում հավաքագրված և օգտագործված գումարների ուսումնասիրության նպատակով։ Ինչի մասին նշվում է հիմնադրամի՝ նույն հայտարարության մեջ։ Նաև գրեթե երդվել են․ «Հոգաբարձուների խորհուրդը հետամուտ կլինի, որպեսզի փարատվեն հավաքագրված գումարների օգտագործման հետ կապված բոլոր կասկածները և ապահովվի հանրության վստահությունը»։

Կամ՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի մասին վարկաբեկիչ ապատեղեկատվական արշավը շարունակվում է, ուստի հարկ ենք համարում ևս մեկ անգամ հորդորել չհավատալ մամուլում շրջանառվող, Հիմնադրամի բարի համբավը խաթարող ապատեղեկատվական նյութերին»։ Հնչում է ասես՝ մամայի արև։ 

Մեզ հետ զրույցում Արա Վարդանյանն էլ ուշադրություն հրավիրեց այս երկու նախադասությունների իրարամերժության վրա՝ ասելով․ «Իրենք առաջին նախադասությունով հոգաբարձուներն ասում են, որ կառավարությանը փոխանցված գումարները ճիշտ են ծախսվել, հետո ասում են՝ ուսումնասիրություն։ Եղբայր, եթե ճիշտ են ծախսվել, ի՞նչ ուսումնասիրություն»։

Հոգաբարձուների խորհրդի անդամ, 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ևս, մասնակցելով նիստին՝ տարածած հայտարարության մեջ ասում էր․ «Քննարկումից ստացած տպավորությունս մտահոգիչ է։ Վարչապետը միանշանակ հայտարարեց, որ 52 մլրդ դրամը մուտքագրվել է բյուջե և ծախսվել բյուջեի բոլոր ծախսերի ընդհանուր կաթսայում և որ անհնար է հստակեցնել, կոնկրետացնել, թե ինչի վրա են ծախսվել բարեգործական նպատակով հանգանակված միջոցները։ Մինչդեռ, Հիմնադրամի հետ պայմանավորվածության համաձայն, կառավարությունը պարտավոր է տրամադրել ստացված միջոցների վերաբերյալ հաշվետվություն:

Ակնհայտ է, որ վերոհիշյալ միջոցները պետք է մուտքագրվեին կառավարության՝ հատուկ այդ նպատակով բացված հաշվեհամարին և ծախսվեին այդ հաշվեհամարից պատերազմի թելադրած անհետաձգելի, հրատապ կարիքների համար։ Այդ դեպքում հաշվետվողականության հետ կապված որևէ խնդիր չէր լինի։ Ես չգիտեմ՝ այս ամենն արվել է միտումնավո՞ր, թե անփութության արդյունք է, բայց փաստացի՝ հենց կառավարության գործողությունների արդյունքում լրջորեն վնասվում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հեղինակությունը։ Վարչապետի՝ ծախսված միջոցների վերաբերյալ բանավոր հավաստիացումները բացարձակապես վստահություն չեն ներշնչում։ Չեմ կարող հավատալ մի կառավարության հավաստիացումներին, որը պատերազմի ամբողջ ընթացքում ցինիկիաբար խաբել է սեփական ժողովրդին՝ թաքցնելով ռազմաճակատում տիրող իրական իրավիճակը, որը պատերազմի ավարտից 4 ամիս անց անգամ թաքցնում է զոհերի, անհետ կորածների, գերիների թիվը։ Այս կոնտեքստում ինձ համար անհասկանալի է հոգաբարձուների խորհրդի անունից ընդունված հայտարարությունը: Ինչպե՞ս կարելի է նախօրոք վստահ լինել Հիմնադրամի միջոցների նպատակային ծախսվելու մեջ, երբ ծախսերը հաստատող փաստաթղթերն ամբողջովին բացակայում են»։
Նաև, ըստ Քոչարյանի, ստեղծված իրավիճակում որևէ աուդիտ հստակություն չի մտցնի, այլ միայն կամրապնդի առկա կասկածները։ 

«Հրապարակը» խոսեց նաև հիմնադրամի մամուլի քարտուղար Աշոտ Բարսեղյանի հետ։ Հարցին, թե հնարավո՞ր չէ՝ այդ երդումների փոխարեն որևէ փաստաթուղթ, տեղեկանք ներկայացնել, ասաց՝ եթե ստահոդ տեղեկություններ են ներկայացվում՝ չհերքե՞նք։

«Հաշվետությունը կլինի հաշվետու ժամանակաշրջանում։ Եկեք տարանջատենք։ Եթե ինչ-որ մեկը կեղծ բան է ասում, ասում ենք կեղծիք է (խոսքը 107 միլիոնից  կանխիկացված 8 միլիոնի կանխիկացման մասին պնդումների մասով ), իսկ այն, ինչ ասում եք՝ թուղթ չունե՞ք, ապա մենք չունենք թուղթ, որ 8 միլիոն չի ծախսվել քեշով չի տրվել ինչ-որ մեկին։ Ոնց կարա տենց բան լինի»,-ասաց հիմնադրամի մամուլի խոսնակը։

Եվ ամենագլխավոր հարցը՝ եթե հոգաբարձուները վստահում են, որ ամեն ինչ արդյունավետ է ծախսվել, ուրեմն՝ ինչու են մի առանձին աշխատանքային խմբով ուսումնասիրում այդ հարցը։

Աշոտ Բարսեղյան․ «Հոգաբարձուների խորհրդի որոշումները մեկնաբանել մենք չենք կարող, խորհրդի անդամների ցանկը կա, էդ մարդիկ որոշում են նման տեքստ կազմել և հրապարակել։ Ավել բան ես չեմ կարող ասել»։

Լավ, ի վերջո, աուդիտը ընդունե՞լ է հաշվետվությունը։

Պատասխան․ «Աուդիտը մի օրվա բան չէ, աուդիտը բավականին երկար է տևում։ Եվ աուդիտը նենց չի, որ հատուկ կանչվել է էս դեպքի համար։ Ամեն տարի կազմակերպվում է աուդիտ» ։

Ինչ վերաբերում է, թե ինչու այդ նիստը ավանդաբար չի անցկացվում մայիսին ու ինչու ներկա չեն եղել տեղական կառույցների ղեկավարերը, ապա հիմնադրամի մամուլի քարտուղարն ասաց․

«Եկեք տարանջատենք տարեկան ժողովը՝ խորհրդի նիստից։ Խորհրդի նիստին միայն խորհրդի անդամներն են մասնակցում։ Ձեր ասածը տարեկան ժողովի մասին է, որը ավելի հանդիսավոր, հրապարակային է լինում, որն անցած տարի չեղավ կովիդի պատճառով։ Չեն կարողացել գալ»։

Բայց չէ՞, որ գալու խնդիր չկար, նիստը միևնույն է՝ հեռավար է։ Աշոտ Բարսեղյանն ասաց՝ չէ, չեմ ասում, որ գալու խնդիր կար, հայտարարված էր արտահերթ նիստ։