«Քաղպայմանագիրը» զավթեց Գյումրին

«Քաղպայմանագիրը» զավթեց Գյումրին

Շաբաթ օրը «Բալասանյան դաշինքի» եւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության միջեւ կնքված հուշագիրը գյումրեցիների համար սառը ցնցուղ էր։ Եթե վերջին օրերին քաղաքի բնակիչների մոտ հույս էր արթնացել, թե ինչ-որ բան փոխվելու է, մեկը մյուսի մոտ գլուխ էր գովում՝ հըբը, տեսաք գյումրեցոց թասիբը, հիմա խաբված ու գլխիկոր են՝ չհասկանալով, թե ինչպես ստացվեց, որ Գյումրին մերժեց իշխանական ուժին, բայց իշխանության եկան հենց նրանք։ Հիշեցնենք, որ ՏԻՄ-ում հաղթած «Բալասանյան դաշինքն» իշխանական հետապնդումներին ու իր մերձավորների կալանքին տեղի տալով` շաբաթ օրը համագործակցության հուշագիր կնքեց իշխող ՔՊ-ի հետ:

Ինչպեսեւ սպասելի էր, Գյումրի համայնքի նորընտիր ավագանու առաջին նիստը հարթ չընթացավ։ Նիստի սկզբին 5 քաղաքական ուժի ավագանու 33 անդամներն ընտրեցին հաշվիչ հանձնաժողով, ապա «Բալասանյան դաշինքն» առաջադրեց Վարդգես Սամսոնյանին` քաղաքապետի պաշտոնում, ՔՊ-ն թեկնածու չառաջադրեց՝ նշելով, թե, պայմանավորվածության համաձայն, իրենք միաձայն քվեարկելու են Սամսոնյանի օգտին, քանի որ ցանկանում են, որ քաղաքի կառավարումն անցնցում լինի: Մյուս 3 քաղաքական ուժերը եւս թեկնածու չառաջադրեցին, սակայն չբացահայտեցին, թե ում օգտին են քվեարկելու։ Քաղաքապետի միակ թեկնածուն իր խոսքում նշեց, թե իր երազած քաղաքը շատ չի տարբերվում գյումրեցիների երազանքից, անելու է հնարավորը՝ քաղաքը ծաղկեցնելու համար: Ի դեպ, չմոռացավ նշել, որ իր աշխատանքային կարիերան մեկնարկել է Բալասանյանների ընտանիքին պատկանող գարեջրի գործարանում, որտեղ սկզբում աշխատել է որպես բանվոր: Նա 24 կողմ ձայնով ընտրվեց:

«Բալասանյան դաշինքի» քաղաքապետի թեկնածությանը դեմ քվեարկեցին «Զարթոնք», Հանրապետական եւ «Ապրելու երկիր» կուսակցությունների ավագանու անդամները, փոխարենը՝ ողջ կազմով կողմ քվեարկեց «Քաղաքացիական պայմանագիրը»։ Ուշագրավ է, որ «Բալասանյան դաշինքը» նույնպես լիակազմ չքվեարկեց իր թեկնածուի օգտին։ Դաշինքի ավագանու անդամ Վահան Հունանյանը, թեեւ ներկա էր նիստին, հերթագրվեց, բայց ընտրությանը չմասնակցեց` հավանաբար ի ցույց դնելով իր անհամաձայնությունը խմբակցության որոշմանը։ Իսկ ավագանու նիստի ողջ ընթացքում «Քաղաքացիական պայմանագիրը» հանդես էր գալիս որպես իշխող ուժ, անգամ նրանց որոշմամբ նորընտիր քաղաքապետ Վարդգես Սամսոնյանն առանց լուրջ հիմնավորման հետաձգեց օրակարգում ընդգրկված հանձնաժողովների ընտրության հարցը։

Այդ պատճառով քաղաքապետը «Զարթոնք»-ի ավագանու անդամից առաջին դիտողությունը ստացավ․ «Պարոն քաղաքապետ, դիմում եմ Ձեզ, առաջին իսկ օրվանից, առաջին իսկ պահից, խնդրում եմ՝ այդպես արագ չգնալ կոմպրոմիսների, սա անհասկանալի է, ուղղակի ամեն հարց իմիջիայլոց չընդունվի»։ Քաղաքապետարանի ավագանու երրորդ ուժը` «Զարթոնք» կուսակցությունն առաջինն էր, որ «Բալասանյան դաշինքի»-ն միավորվելու առաջարկ էր արել: Եթե առաջարկն ընդունվեր, ապա «Բալասանյան դաշինքն» ու «Զարթոնքը» մեծամասնություն կկազմեին եւ Գյումրիի կառավարություն կընտրեին` քաղաքապետ, փոխքաղաքապետեր։ Մինչդեռ «Բալասանյան դաշինքը» գերադասեց իշխանական ուժին։

Ի դեպ, նիստի ընդմիջմանը մյուս քաղաքական ուժերի ավագանու անդամները Վարդգես Սամսոնյանին ուղիղ կշտամբանքներ ուղղեցին՝ ասելով․ «Ինչո՞ւ խաբեցիք գյումրեցիներին, ինչո՞ւ գաղտնի հուշագիր ստորագրեցիք»։ Նորընտիր քաղաքապետը լրագրողների առաջ արդարացավ․ «Իշխանության թեւի բացարձակ մեծամասնություն ստանալով՝ մենք կկարողանանք էլ ավելի արագ Գյումրիում ծառացած խնդիրները միասին լուծել։ Իսկ եթե միասին չէինք լինելու, էդտեղ խնդիր էր առաջ գալու՝ այլ-այլ հարցերից ելնելով»։ Այսպես անորոշ ու խեղճ բացատրություն տվեց նա։ Նիստի ավարտին թեեւ քաղաքապետը եկեղեցի գնալու, մոմ վառելու ցանկություն հայտնեց, նաեւ՝ Շիրակի թեմի առաջնորդից օրհնություն ստանալու, սակայն Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը մեզ հետ զրույցում ասաց, որ նրա այցի մասին իրեն նախապես ոչ ոք չի տեղեկացրել, չէ՞ որ ինքը 24 ժամ եկեղեցում չի լինում։

Իսկ ահա «Բալասանյան դաշինք»-ի՝ ՔՊ-ին միավորումը սրբազանի համար անընդունելի էր ի սկզբանե․ «Ինչ արեցին, իրենց արեցին, ես մի անգամ ասել եմ՝ եթե ՔՊ-ի հետ միավորվեն, կհեղինակազրկվեն, հիմա մնում է, որ էս 5 տարիների ընթացքում կարողանան հեղինակությունը հետ բերեն»։ Իրականում այն, ինչ կատարվեց Գյումրիում, այլ մեկնաբանությունների տեղիք է տալիս։ Շարքային գյումրեցին դա անվանում է դավաճանություն, առավել բանիմացները վստահեցնում են, որ այլ տարբերակ չկար` «Բալասանյան դաշինք»-ի քաղաքապետի թեկնածուն ընդամենը կամակատար է։ Իշխանության հետ համագործակցողը նախկին քաղաքապետն է՝ Սամվել Բալասանյանը, ու իր որդին, ովքեր փորձում են ստվերային ղեկավարել քաղաքն ու չկորցնել նախկին լծակները, չթիրախավորվել, չհետապնդվել։ Նրանք նաեւ նեղ շրջանակում ասել են, թե իրենց շրջապատից մարդկանց են կալանավորել, այդ գնով չեն կարող իշխանության գալ:

Սակայն մարդիկ կանխատեսում են` արդյոք «Բալասանյան դաշինք»-ին նման կախյալ իրավիճակում կհաջողվի՞ մինչեւ վերջ իրենց ձեռքում պահել քաղաքային իշխանությունը։ Միայն քաղաքապետի աթոռը բավարար չէ դրա համար։

Նոյեմբերի 4-ին՝ նորընտիր քաղաքապետի երդման արարողությունից հետո, հայտարարվելու են քաղաքապետի երկու տեղակալների անունները, որոնք, ըստ հուշագրի, ՔՊ կուսակցությունից են։ Համայնքապետարանի բաժնի պետերի մի շարք պաշտոններ եւս հանձնվելու են ՔՊ-ականներին։ Իշխող կուսակցության մարտավարությանը ծանոթ անձինք նաեւ կանխատեսում են, որ «Բալասանյան դաշինք»-ի ներսում առաջ եկած որոշ տարաձայնություններից օգտվելով՝ իշխող ուժը մի պատեհ առիթի անվստահության գործընթաց կսկսի Վարդգես Սամսոնյանի դեմ՝ քաղաքապետի աթոռը խլելու համար: