Իսկ ինչ են անելու 6 ամիս հետո` եթե իրավիճակը նույնը մնա, խնդիրներ են առաջանալու. Սալվիոլի

Իսկ ինչ են անելու 6 ամիս հետո` եթե իրավիճակը նույնը մնա, խնդիրներ են առաջանալու. Սալվիոլի

«Հրապարակը» զրուցել է ՄԱԿ-ի Ճշմարտության, արդարության, հատուցման և չկրկնվելու երաշխիքների խթանման հարցերով հատուկ զեկուցող Ֆաբիան Սալվիոլիի հետ։

 - Ձեր զեկույցում նշեցիք, որ արցախցի փախստականների հետ հանդիպման ժամանակ մեծ ցավ և տառապանք եք ապրել։ Սակայն ՄԱԿ հատուկ առաքելությունը` արցախցիների բռնագաղթից անմիջապես հետո հայտարարեց, որ մարդիկ դուրս են եկել իրենց կամքով` առանց բռնության կամ սպառնալիքի, ինչը տարակուսանք առաջացրեց ոչ միայն Հայաստանում։ Արդյոք նման զեկույցները չե՞ն վնասում ՄԱԿ-ի վարկանիշին։

- Իմ մանդատի մեջ չի մտնում ճգնաժամի մոնիտորինգ, փաստահավաք գործունեություն իրականացնել։ Իմ առաքելությունն է այստեղ դիտարկել առաջընթացը, որ եղել է երկրի ներսում, արդարադատության, փոխհատուցման, ճշմարտության վերհանման, հիշողության պահպանման և կրկնություն բացառելու համար։ Ես իմ աշխատանքի ընթացքում պետք է անդրադառնայի Սովետական ժամանակահատվածից սկսած ճշմարտությանը։ Հայաստան իմ գալը համընկավ այն ժամանակահատվածի հետ, որ այսպիսի իրավիճակ կար Հայաստանի Հանրապետությունում։ Չեմ կարող գնահատական տալ ՄԱԿ-ի այդ զեկույցին, բայց կարող եմ Ձեզ ասել` շատ հաստատություններ ՄԱԿ-ում անդրադարձել են Լեռնային Ղարաբաղի հարցին և փորձել են համագործակցել և իրավիճակը բարելավելուն ուղղված ջանքեր գործադրել։ ՄԱԿ-ում ես մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահն եմ եղել, հիմա հատուկ զեկուցողի պաշտոնում եմ հանդես գալիս` անցումային արդարադատության ոլորտում որպես անկախ փորձագետ։ Ես ՄԱԿ-ի պաշտոնյա չեմ, ես աշխատավարձ չեմ ստանում, նաև հրահանգներ չեմ ստանում ՄԱԿ-ից` ինչպես գործել, ես անկախ փորձագետ եմ։ Իմ փորձառությունն ասում է, որ աշխարհը շատ ավելի լավն է, երբ կան ՄԱԿ-ի նման կազմակերպություններ, քան առանց միջազգային կազմակերպությունների։ Շատ ժամանակ որոշումները կախված են այդ երկրների քաղաքական կամքից և սա ֆրուստրացիայի է բերում, բայց միազգային կազմակերպությունները չէ, որ մեղք ունեն այստեղ։ Կան երբեմն դեպքեր, երբ միջազգային կազմակերպությունները սխալներ են գործում կամ բավարար չափով չեն գործում: Բայց երբ իմ զեկույցը ներկայացրեցի Սերբիայի և Կոսովոյի վերաբերյալ, նշեցի, որ թունավորված տարածքներում մարդիկ են գտնվել և շեշտեցի, որ ՄԱԿ-ը պետք է հաշվետվություն ներկայացնի այս հարցի վերաբերյալ և տուժածների հարցերով զբաղվի: Սակայն սա այդ դեպքը չէ՝ դրանք միանգամայն տարբեր հարցեր են։ Ես չպետք է այստեղ գնահատեմ ինչպես է ՄԱԿ-ը գործել վերջերս կամ գնահատական տամ ՄԱԿ-ի գործեալոճին՝ իմ առաքելության մեջ այդ գործառույթը ներառված չէ։

- Ձեր խոսքում շեշտում եք խաղաղ ապրելու կարևորությունը։ Սա այն դեպքում, երբ Հայաստանի ու Արցախի Հանրապետություններն են ռազմական ագրեսիայի ենթարկվել, փաստացի մենք զոհն ենք։ Էլ ի՞նչ պետք է անի հայկական կողմը։

- Խաղաղությունը կառուցվում է ամեն օր, և հիմնականում իրականացվում է խաղաղության մշակույթի միջոցով։ Դա անել ոչ միայն կրթական ծրագրերում, միաժամանակ պետք է խտրականության խոսքից, ատելության խոսքից խուսափել, այս տեսանկյունից կրթական ոլորտում գործող բոլոր անձինք պատասխանատու են, սոցիալական հարթակներում մեծ անելիք կա, լրատվամիջոցները ևս անելիք ունեն։ Անցյալ անգամ այստեղ եկել էի համաշխարհային ֆորումի շրջանակներում՝ Եղեռնի կանխարգելման թեմայով զեկույց ունենալու և իմ խոսքն այն մասին էր, թե ինչպես է պետք գործել, երբ առկա է ատելության խոսք։ Բոլոր մեծ ողբերգությունները հիմնականում խտրականության դրսևորման հետևանքով են ձևավորվում, երբ մյուս անձանց տարանջատում ես, անմարդկային վերաբերմունքի ես ենթարկում՝ դա բերում է մեծ ողբերգությունների, որոնց վկաներն ենք այսօր։ Մենք պետք է ունենանք կամք` խաղաղ ապրելու։

- Ասացիք, որ մենք պետք է սովորենք խաղաղ ապրել։ Մինչդեռ Ադրբեջանում հայատյացությունը դեռևս մանկապարտեզներից է ներարկվում երեխաների մեջ։ Ի՞նչ նկատի ունեք, երբ ասում եք, որ պիտի խաղաղ ապրենք։

- Դուք լիովին ճիշտ եք, դա վերաբերում է բոլորին, բոլոր հանրույթներին է վերաբերում։ Դա չի վերաբերում միայն Հայաստանին, ես ընդհանուր եմ արտահայտվում։

- Հետաքրքիր է Ձեր կարծիքը Հայաստանի մասով։

- Հայաստանում տեսնում եմ ցանկություն՝ առաջ գնալ ավելի դեմոկրատիկ հանրույթ ունենալու ճանապարհով։ Ժողովրդավարությունն է, որ խաղաղություն է բերում։ Ժողովրդավարություն ասելով` չենք հասկանում միայն ընտրությունների անցկացում, այլև ժողովրդավարություն բոլոր ոլորտներում։ Դա նշանակում է ամեն ինչում առաջ շարժվել մարդու իրավունքներին համարժեք։ Եվ դա ոչ միայն պաշտոնական շրջանակների համար է, այլ նաև հասարակության համար։ Եթե կարդաք մարդու իրավունքների դեկլարացիայի առաջին հոդվածը, այնտեղ ասվում է, որ բոլոր մարդիկ պետք է հարգեն և երաշխավորեն մարդու իրավունքները` բոլոր մարդկանց համար։

- Անդրադառնանք հայ հասարակությանը, Դուք շեշտում եք խաղաղ ապրելու կարևորությունը, արդյոք հայ հասարակության մեջ ատելության դրսևորումներ եք տեսել այլ ազգերի նկատմամբ։

- Ոչ, որոշ դեպքեր տեսել եմ, բայց դա համատարած չէ։ Դիսկրիմինացիա կա ԼԳՏԲ համայնքի նկատմամբ՝ դա պարզ է։ Ես չեմ ասում, որ հայ հասարակության մեջ առկա է ատելության խոսք, բայց ամեն դեպքում կան որոշակի դեպքեր, որոնք չեն տեղավորվում մարդու իրավունքների համատեքստում։ Իմ ելույթն այն մասին էր, որպեսզի կառուցենք ավելի խոր ժողովդավարական հասարակություն։

- Անդրադառնանք արցխցիներին. ի՞նչ պետք է անի ՀՀ կառավարությունը՝ ավելի արդյունավետ պաշտպանելու համար արցախցիների իրավունքը, որոնք փաստացի  ցեղասպանության են ենթարկվել։

- Կառավարությունը, ենթադրում են, բավականին ջանք է ներդնում։ Բայց որքան էլ ջանքեր ներդրվեն՝ դա բավարար չէ։ Հստակ է, որ կառավարությունը ցանկություն ունի աշխատելու։ Փախստականներին եմ այցելել, նրանք են ինձ պատմել։ Բայց բազմաթիվ խնդիրներ կան։ Մարդիկ կարիք ունեն առողջապահական ավելի շատ աջակցության, աշխատաշուկայի մուտքի հնարավորություն պետք է ունենան, բնակարանային պայմանների ապահովման կարիք ունեն։ Բայց տեղական ինքնակառավարման մարմինները և կառավարման մարմինները միջոցներ են ձեռնարկում։ Սակայն իմ մտահոգությունն այն չէ, թե ինչ են նրանք անում հիմա, այլ թե ինչ են անելու հետո՝ օրինակ, վեց ամիս հետո: Եթե իրավիճակը նույնը մնա՝ խնդիրներ են առաջանալու։

- Ի՞նչ խնդիրներ կարող են առաջանալ։

- Միգուցե այլևս բավարար չափի ռեսուրսներ չեն լինի, որովհետև բնակարանային, սոցիալական ապահովության, առողջապահական, կրթական հարցերը լուծելու համար գումար է անհրաժեշտ, դու պետք է բյուջե ունենաս այդ հարցերը լուծելու համար։ Դա է պատճառը, որ ես վերջում նշեցի միջազգային հանրությանը, որովհետև այս խնդիրը պետք է գլոբալ հնչեղություն ու ընկալում ստանա։

- Ի՞նչ եք կարծում, միջազգային հանրությունը հասկացա՞վ, թե ինչ տեղի ունեցավ Արցախում։ Վստահ եմ, Ձեզ պատմել են անդամահատված ու տանջամահ արված երեխաների ու կանանց մասին։

- Կարևոր է, թե ինչ ենք հասկանում ասելով միջազգային հանրություն․․․

- Այսպես ասենք՝ հիմնական խաղացողները։

-Կարծում եմ, որ հիմնական խաղացողները հասկանում են, բայց դա չի նշանակում, որ նրանք ինչ-որ բան կանեն։

- Ակնարկում եք, որ ամբողջ պատասխանատվությունն ընկած է  ՀՀ կառավարությա՞ն վրա։

- Իհարկե, ՀՀ կառավարությունն ունի պատասխանատվություն և միջազգային հանրությունը պիտի աջակցի, պիտի օգնի, բայց դրա պատասխանատվությունն ընկած է ՀՀ կառավարության վրա, և խաղաղություն բերելն էլ մյուս կողմի վրա է։

- Միջազգային հանրությունը պատրա՞ստ է աջակցել։

- Դուք պետք է հարցնեք միջազգային հանրությանը։

- Ինձ հետաքրքիր է Ձեր կարծիքը, որպես ՄԱԿ-ի բազմամյա զեկուցողի։

-Ես չգիտեմ, որովհետև ես չեմ կարող գուշակել ապագան, բայց ես հույս ունեմ, որ այդ աջակցությունը կլինի։