Համազգային սուգ է․ դրոշը սգո դիրքի բեր ․․․

Համազգային սուգ է․ դրոշը սգո դիրքի բեր ․․․

Շատ գրառումներ եմ ստանում, որով խնդրում են ձայն բարձրացնել առ այն, որ երկիրը օրհասական աղետային վիճակում՝ Արցախը դատարկվում և Հայաստանը շրջափակման մեջ, բայց կա մարդկային մի տեսակ, որ թքած ունի համազգային ցավի վրա։ Թքած ունի հարյուրավոր զոհերի արյան,  մարդկանց տառապանքների․ մանուկների, անչափահասների, ծերերի  աղաղակների վրա ու «տժժում է» առ այսօր սրճարաններում, ռեստորաններում և այլ վայրերում։ Մարդիկ գրում են, որ առաջ՝ երանելի ժամանակներում, երբ անգամ մի երիտասարդի հետ ողբերգական դեպք էր պատահում՝  սև ժապավեն էին կապում, ողջ թաղը հայտնվում էր սգի մեջ, ու մարդիկ ընտանիքի հետ կիսում էին ցավը։ Իսկ հիմա, երբ մորթում, սպանում են մեր հայրենակիցներին, երբ ծեր ու մանուկ թշնամին չի ճանաչում՝ բոլորին անարգում, խոշտանգում է, մարդկային այդ տեսակը շարունակում է իր խրախճանքը՝ անսահման ցավ պատճառելով երեխա,  հայր, եղբայր, քույր, հարազատ կորցրածներին, նաև նրանց, ովքեր ցավից խելագարվում ու իրենց տեղը չեն գտնում։ 

Այդ վայրի խրախճանքի, մարդկային այդ տեսակի մասին չէի բարձրաձայնում միայն մի պատճառով։ Սրա հիմքում քաղաքական ու հոգեբանական խոր ենթատեքստ կա և այդ մարդկանց մեղադրելուց, փնովելուց առաջ պիտի գտնել հիմքը, թե ինչու՞ են նրանք այդքան ու այդպես անտարբեր, ինչու՞ են այդքան անսիրտ ու ոչ կարեկից։ Մեղմ եմ ասում, որովհետև հոգեբանորեն նրանք ամենախղճալի ու  ոչնչացված տեսակ են։ Ինչպե՞ս կարելի է որակել մարդուն, երբ կողքին մարդիկ են զոհվում, սովամահ են լինում, երեխաներ են սպանվում, իսկ ինքը ձեռքերը բարձրացրած պարում է։ Սա խոսում է համակարգի բարոյազուրկ լինելու մասին։ 44-օրյա պատերազմից, Ջերմուկի սպանդից, մոխրացած 15 զինվորներից հետո, երբ հայոց դրոշները չխոնարհվեցին հազարավոր զոհերի առաջ, Արցախի մորթից, տարհանումից, զինաթափումից  հետո, երբ պետական դրոշը չխոնարհվեց անմեղ զոհերի առաջ, աղետաբեր պայթյունից հետո, երբ դրոշը չխոնարհվեց անմեղ զոհերի առաջ, պատահական չեմ օգտագործում զոհ բառը, ումից ի՞նչ եք պահանջում։ Պետական մակարդակով նույնիսկ ցավակցություն չկար։ Եթե մասնակից չէին այս ոճիրներին, ինչու՞ հինգ տարվա մեր ողբերգություններից հետո մի սգի օր չհայտարարվեց։

Վախենում էին, որ Ադրբեջանը, Թուրքիան կբացի՞ վարագույրը։ Ինչու՞ հայոց դրոշը չխոնարհվեց, երբ մի ոսկե սերունդ կորցրինք։ Ընդհակառակը, «պարացրին զոհերի մայրերին» , որ բարոյազուրկ մարդկանց այդ տեսակն ասի՝ եթե զոհերի մայրերը պարում են, մեզ ի՞նչ է եղել։ Ինչու՞ Արցախի մորթից ու տարհանումից հետո դրոշ չխոնարհվեց։ Հայաստանի ու Արցախի զինաթափումից հետո եթե ղեկավարը մնում է իշխանության, դա միայն նրա մեղքը չէ։ Դա բոլորիս մե՜ղքն է։ Հիմա ի՞նչ, խոսե՞մ բարոյազուրկ մարդկանց մասին, թե արդեն հասկանում եք, որ բարոյազրկումը իշխանությունից է գալիս։ Զանգ պետք է հնչեցնել, դրոշ պետք է խոնարհել, սևով պետք է պատել Հայաստանը, որ ներսում ապրողը, եթե նույնիսկ բարոյականություն չունի, առաջնորդվի բարոյական կանոններով, որովհետև դա է թելադրում պետության կարգը, օրենքը։ Փաշինյանը, որ թատրոն էր տալիս ու դրոշը գետնին դնելու համար Օթելլո էր խաղում, այսօր մեր դրոշը ծաղրուծանակ է դարձրել։ Հայոց դրոշը զոհերի առաջ խոնարհե՜լ էր պետք, բայց նա  խոնարհեց թշնամու առաջ։ Համազգային սգի խորհրդանիշերից մեկը ազգային դրոշի խոնարհումն է, երբ դրոշը մի քիչ ցած է իջեցվում։ Համազգային սուգ է․ դրոշը սգո դիրքի բեր ․․․ Արցախ ենք կորցրել, տեղահանման Դեր Զոր է, Հայաստան ենք կորցնում, հազարավոր զոհերի տեր ենք։
Կիսակայմ ծածանիր՝ որպես սգո ժամանակ զոհվածներին ապավինության նշան: Այդ դրոշը նրանք են պահել իրենց արյամբ ու չեն պատկերացրել, որ եռագույնը ինչ որ մեկի համար «նասկի կդառնա»։