Եթե մենք նշենք վարչապետի անունը, դա թերի պահանջ կստացվի` մեղավորները շատ են

Եթե մենք նշենք վարչապետի անունը, դա թերի պահանջ կստացվի` մեղավորները շատ են

Ապրիլի 14-ին, Ազգային-ժողովրդավարական Բևեռը, մի խումբ փաստաբանների և իրավապաշտպանների հետ համատեղ, հանցագործության մասին հաղորդում է հանձնել ՀՀ դատախազությանը։ Բևեռի պնդմամբ՝ սրանով իրենք նախաձեռնում են իրավաքաղաքական գործընթաց, որով պետք է պատժի արժանանան Հայաստանի տարածքը թշնամուն հանձնող պաշտոնատար անձինք: 

««Հաղորդում հանցագործության մասին» դիմումը պաշտոնապես այժմ հանձնվում է ՀՀ դատախազությանը», «Հրապարակի» հետ զրույցում ասել է Ազգային ժողովրդավարական բևեռի խորհրդի անդամ, նախաձեռնության հեղինակ Արթուր Այվազյանը: Հաղորդումը ստորագրել են Կարո Եղնուկյանը, Հարություն Բաղդասարյանը, Գագիկ Սարուխանյանը եւ Արթուր Այվազյանը: Հաղորդման մեջ մասնավորապես նշված է. «ՀՀ կառավարության հանցավոր գործողությունների հետևանքով ՀՀ իշխանության սուբյեկտը՝ ժողովուրդը, ՀՀ քաղաքացին զրկվել են Հայաստանի Հանրապետության և ՀՀ ինքնիշխան տարածքների ճակատագիրը որոշելու, տարածքների հանձնումը նախականխելու սահմանադրական և բնական իր իրավունքից, ինչպես նաև իր խախտված իրավունքները, այդ թվում պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում, պաշտպանելու հնարավորությունից, որպիսի արարքը նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքի 418-րդ, 419-րդ, 420-րդ, 421-րդ հոդվածներով»։ Զրուցել ենք Ա. Այվազյանի հետ:

- Պարոն Այվազյան, Դուք այս նախաձեռնության չորս անդամներից մեկն եք: Գրել եք, որ պետք է Դատախազությունը ձեռնամուխ լինի Հայաստանի տարածքները թշնամուն հանձնած պաշտոնատար անձանց պատժելուն։ Ովքե՞ր են պաշտոնատար անձինք, ո՞ւմ մասին է կոնկրետ խոսքը:

- Մենք ասում ենք, որ կատարվել է հանցագործություն և Դատախազության պարտավորությունն է հայտնաբերել մեղավոր անձանց և պատասխանատվության ենթարկել: Մենք գիտենք, թե ովքեր են նրանք, սակայն Դատախազությունը պետք է իր պարտականությունները կատարի: Դատախազության խնդիրն է, թե ում կհայտնաբերի:

- Ըստ Ձեզ` ովքե՞ր են ենթադրյալ հանցագործները:

- Այսօրվա կառավարիչները, իշխանության ճյուղերն, այսպես կոչված:

- Ինչո՞ւ հստակ անուններ նշված չեն ձեր նախաձեռնության մեջ:

- Հայտնաբերելը Դատախազության պարտականությունն է: Եթե մենք մի հոգու անուն տանք, ստացվում է, որ մնացածի վրայից պատասխանատվությունը մի կողմ ենք գցում, դրա համար էլ Դատախազությունը պետք է մեղավորներին հայտնաբերի: Պետք է վարույթ ընդունել, գործ հարուցել և հենց դրա շրջանակներում էլ պետք է բոլոր մեղավորները հայտնաբերվեն ու պատասխանատվության ենթարկվեն: Եթե մենք նշենք վարչապետի անունը, դա թերի պահանջ կստացվի: Այդ պատճառով էլ մենք խոսում ենք հանցագործության փաստի մասին, որը սահմանված է ՀՀ քրեական օրենսգրքով: Մեղավորը մեկը չէ, շատերն են:

- Դատաիրավական համակարգը մեզանում, կարծես, այնքան էլ ազատ ու անկողմնակալ չէ: Հաշվի առնելով Աննա Վարդապետյանի անցած ճանապարհն ու այժմյան իշխանամետ կեցվածքը, Դուք կարծում եք, որ ձեր պահանջն ընթացք կստանա՞:

- Մենք չունենք պատրանքներ, որ այդ գործը կհասցվի տրամաբանական ավարտին: Այժմ որոշակի մարտավարական տեսանկյունից ելնելով, ես չէի ցանկանա հրապարակել մեր անելիքներն ու մտադրությունները: Եթե ես հիմա խոսեմ այդ մասին, ապա մեր մարտավարությունը որոշակիորեն կբացահայտվի: Նորից եմ կրկնում` մենք պատրանքներ չունենք:

- Ճի՞շտ հասկացա. եթե Դատախազությունը գործին ընթացք չտա այլ քայլերի՞ եք դիմելու:

- Այո: Կան այլ հարցեր ու նպատակներ: Ընդգրկուն քայլերի մասին չէի ցանկանա խոսել հիմա: Իրենց համար ձեռնտու տարբերակ է, որ գործը ոստիկանություն ուղարկեն, որպեզի գործն իբրև քննեն, քննելն էլ գործը երկարացնելուն է ուղղված: Կձգձգեն, կլղոզեն, մի խոսքով` ժամանակ շահելու համար ամեն ինչ կանեն: