Սաակաշվիլին վերածվել է կմախքի․ ասում է մայրը

Սաակաշվիլին վերածվել է կմախքի․ ասում է մայրը

Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին սնունդ է ընդունում, բայց օրգանիզմը չի կարողանում մարսել այն, նա նման է 100-ամյա տղամարդու։

Այդ մասին հայտարարել է Սաակաշվիլիի մայրը՝ Ջուլի Ալասանիան, հաղորդում են վրացական լրատվամիջոցները։
«Նա կմախքի է վերածվել ու երբ վեր է կենում, ողնաշարը լրիվ ծալված է, 100 տարեկանի պես հազիվ թեքված սողում է, ուտելիք է վերցնում... 

Խնդիրն այն է, որ սնունդ է ընդունում, բայց, կարծես թե, օրգանիզմը չի կարող մարսել այն»,- լրագրողներին ասել է Ալասանիան։ Ավելի վաղ, նա նշել էր, որ որդին 120 կիլոգրամից այժմ կշռում է գրեթե կիսով չափ՝ 60 կգ․։
Փետրվարի 6-ին Թբիլիսիի քաղաքային դատարանը մերժել է Սաակաշվիլիի ազատ արձակումը կամ պատժի չեղարկումը առողջական պատճառներով, հիշեցնում են վրացական լրատվամիջոցները։ 

Դատավոր Գիորգի Արևաձեն ավելի համոզիչ համարեց արդարադատության նախարարության հատուկ քրեակատարողական ծառայության ներկայացուցիչների փաստարկները, որոնք կասկածի տակ էին դնում Սաակաշվիլիի պաշտպանության կողմից հրավիրված փորձագետների ախտորոշումները։ 

Գրեթե մեկ ամիս անց՝ մարտի 2-ին, այս որոշումը Թբիլիսիի վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց։