Բարձրացված աղմուկի արդյունքում ԿԳՄՍՆ-ն չեղարկել է բաժինը լուծարելու որոշումը

Բարձրացված աղմուկի արդյունքում ԿԳՄՍՆ-ն չեղարկել է բաժինը լուծարելու որոշումը

Կրթության զարգացման եւ նորարարության ազգային կենտրոնի (ԿԶՆԱԿ)՝ Վերապատրաստման ծրագրերի մշակման եւ վերապատրաստումների արդյունավետության գնահատման բաժնի ու նրա աշխատակիցների կրճատման փաստն այս օրերին մեծապես քննարկվեց ու քննադատվեց թե՛ մասնագիտական շրջանակներում եւ թե՛ դրանից դուրս։ Չնայած ԿԶՆԱԿ-ի տնօրենը հայտարարել էր, որ դա պայմանավորված է կառուցվածքային փոփոխություններով, բայց բաժնի պետ, պատմական գիտությունների թեկնածու Արման Մալոյանն ընդգծել էր, որ դա համարում է հաշվեհարդար՝ կապված իր քաղաքացիական անհնազանդության, մասնագիտական դիրքորոշման հետ, մասնավորապես՝ Հայոց պատմության 7-րդ դասարանի դասագրքի մասին դիտարկումներ անելու։ 

Օրեր առաջ, սակայն, Արման Մալոյանն իր ֆեյսբուքյան էջում տեղադրեց մի փաստաթուղթ, ըստ որի՝ հաշվի առնելով ս․թ․ հունվարի 31-ին տեղի ունեցած հանդիպում-քննարկումը ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանի հետ, ս․թ․ հունվարի 26-ին թիվ 69 ծանուցումը՝ աշխատանքային պայմանագրի լուծման մասին, չեղյալ է համարվում։

Բաժնի պետ Արման Մալոյանից հետաքրքրվեցինք՝ ի՞նչ է դա նշանակում, բաժինն ու աշխատակիցներն այլես կրճատվա՞ծ չեն, նախարարությունը փոշմանե՞լ է։ «Փոխնախարարի հանդիպումն ամբողջ կոլեկտիվի հետ էր, հանդիպման ժամանակ հարց բարձրացրին, որ ծանուցման մեջ նշված է, թե գործատուն, ձեր որակավորմանը եւ պատրաստվածությանը համապատասխան այլ հաստիք չունենալու պատճառով, մարտի 27-ից մեզ համարում է ազատված։ Ես էլ ասացի՝ բա հաստիքացուցակն ո՞ւր է, տեսնենք՝ ի՞նչ հաստիքներ կան, որ մենք չենք համապատասխանում ոչ մի հաստիքի։ Ծանուցագիրը հունվարի 26-ին են մեզ տվել, եւ միայն 7 օր հետո նոր հաստիքացուցակը հրապարակվել է, այսինքն՝ Սվաջյանի հետ ունեցած հանդիպումից հետո է հրապարակվել հաստիքացուցակը՝ մեր բաժնի անվանման հետ կապված աննշան փոփոխություններով։ Մերը Վերապատրաստման ծրագրերի մշակման եւ վերապատրաստումների արդյունավետության գնահատման բաժինն էր, հիմա այստեղ փոխվել է բաժնի անվանումը եւ դարձել է Ուսուցիչների մասնագիտական զարգացման բաժին, իսկ ուսուցիչների մասնագիտական զարգացման հիմնական բաղադրիչն էլ վերապատրաստումներն են, այսինքն, ըստ էության, բաժինն ընդամենը անվանափոխվել է, իսկ գործառույթները՝ թերեւս անվան հետ կապված, մի քիչ ընդլայնվել են, եւ ընդամենը 2 հաստիք է կրճատվել բաժնից»,- մեզ հետ զրույցում նշեց Ա․ Մալոյանն ու նկատեց, որ նախկինում բաժինը 10 հաստիք ուներ՝ բաժնի պետ ու 9 աշխատակից, իսկ հիմա մնացել է բաժնի պետի եւ 7 մասնագետի հաստիք։

Թե ովքեր են դուրս մնացել, եւ ինչ հաստիքների մասին է խոսքը, բաժնի պետն ասում է՝  հաստիքներն անվանական չեն, հիմնադրամի ներսում կառուցվածքային փոփոխություններ են եղել, եւ փոխնախարարի հետ հանդիպումից հետո որոշվել է, որ ներքին հարցազրույց-մրցույթ պետք է լինի, ու նոր հաստիքներն այդ ձեւով համալրվեն։ «Այսինքն այն, որ նախկինում մեզ տրված ծանուցմամբ ամբողջ բաժինը՝ 10 հաստիք, լուծարվում էր, եւ դրա փոխարեն մեզ ոչինչ չէր առաջարկվում, հիմա ընդհանուր՝ հավասար հիմունքներով այդ մրցույթ-հարցազրույցը պետք է տեղի ունենա, ու հաստիքներն այդպես համալրվեն»,- ասում է Մալոյանն ու նկատում՝ քանի որ նոր ծանուցում առայժմ չեն ստացել, իսկ նախկինն էլ չեղյալ է համարվել, ապա դեռ չգիտեն, թե նոր մրցույթը երբ է անցկացվելու․

«Միայն նոր հաստիքացուցակն է հրապարակվել, իսկ այդ ընթացակարգը մինչեւ մարտի 27-ը կլինի, թե ավելի ուշ՝ դեռեւս ոչինչ հայտնի չէ այս պահի դրությամբ»,- ասում է զրուցակիցս ու նշում՝ ներքին մրցույթի արդյունքում իրենք կհամալրեն աշխատանքն արդեն վերանվանված բաժնում։

Բարձրացված աղմո՞ւկը դեր խաղաց, որպեսզի բաժինն ամբողջովին չլուծարվի, եւ նախարարությունն էլ անվանափոխությամբ ու գործառույթների ընդլայնմամբ սահմանափակվի։ «Համենայնդեպս, բարձրացված աղմուկի հետեւանքով նոր որոշվեց, որ ներքին մրցույթ պետք է հայտարարվի, իսկ մինչ այդ մեզ տրված ծանուցման համաձայն՝ մրցույթի մասին խոսք չկար, եւ մեզ այլ հաստիք էլ չէր առաջարկվում, բայց եթե հաստիքացուցակը չկա, ինչի՞ հիման վրա ես ծանուցման մեջ նշել, որ ձեզ համար համապատասխան հաստիք չունենալու պատճառով մարտի 27-ից ազատվում եք, եւ միայն մեկ շաբաթ հետո է հաստիքացուցակը հրապարակվում, ընդ որում կասկածներ կան, որ դա հետին թվով, ամսաթվով է ստորագրվել եւ հրապարակվել, այլապես եթե հունվարի 26-ի ծանուցման մեջ նշված է, որ նոր հաստիքացուցակը կա, ինչո՞ւ մեկ շաբաթ հետո այն տրամադրվեց»։

Ինչ վերաբերում է հարցին, որ ԿԶՆԱԿ-ի տնօրենը հերքել էր, թե սա քաղաքական որոշում էր եւ պայմանավորված էր Մալոյանի կողմից 7-րդ դասարանի Հայոց պատմության դասագիրքը քննադատելու հետ, Արման Մալոյանը նկատում է․ «Եթե կապված չէր, ո՞նց եղավ, որ միայն մեր բաժնին այդ ընթացքում ծանուցում տրվեց, եւ այն մյուս բաժնի պետին, որի բաժինը եւս վերանվանվել է, նրան տրված ծանուցման մեջ նշված էր արդեն, որ իրեն առաջարկվում է այս նոր բաժնում նոր աշխատանք։ Երբ Սվաջյանի հետ հանդիպման ժամանակ բարձրաձայնեցի այդ հարցը, թե ոնց է, որ 2 բաժնի պետի բաժինների լուծարման վերաբերյալ ծանուցում եք տվել, բայց իմ ծանուցման մեջ ինձ այլ աշխատանք չի առաջարկվում, իսկ մյուս բաժնի պետին ծանուցման մեջ այլ աշխատանք է առաջարկվում, ասաց՝ ո՞ւմ նկատի ունեք, տվեք անունը, ես էլ ասացի, որ ծանուցումն ուղարկողը դուք եք եւ ինձնից ավելի լավ պետք է իմանաք, եւ եթե ինձ չի առաջարկվել այլ աշխատանք, պարզ չէ, որ մյուս բաժնի պետին է առաջարկվել․․․ Կարեւորը՝ մեր բողոքն արդյունք տվեց, ու նաեւ ավելի հստակ դարձավ, որ դա վերեւից՝ նախարարության կողմից կոնկրետ հրահանգով է եղել, որ ամբողջ բաժինը լուծարվի, եւ բաժնի պետին ու աշխատողներին այլ աշխատանք չառաջարկվի, երբ նոր ստեղծվելիք բաժինն իրականացնելու է նույն գործառույթները, ինչ որ նախկին բաժինը»։

Արման Մալոյանն ընդգծում է՝ այս աղմուկը որեւէ ձեւով չի կաշկանդելու իրեն՝ հետայսու եւս քննադատել կամ կարծիք հայտնել Հայոց պատմության դասագրքի շուրջ․ «Ես շարունակելու եմ իմ գործունեությունն այս մասով, եւ թող նախարարությունը պատասխանի, թե ոնց եղավ, որ ներկայացված 3 դասագրքերից մրցույթի արդյունքում հաղթող ճանաչվեց հենց այդ դասագիրքը՝ այդքան սխալներով ու մասնագիտական վրիպակներով»։