«Հայելին» այսօր կլինի եթերում

«Հայելին» այսօր կլինի եթերում

Մենք մանրակրկիտ ներկայացրել ենք «Հայելու առաջ» հաղորդաշարի ոդիսականը վերջին ամիսներին։ Թե ինչպես եթերը «ժամանակավորապես» արգելվեց եւ «Կենտրոն» հեռուստաընկերության տնօրենը դա բացատրում էր ֆուտբոլի խաղերի՝ նույն ժամին հեռարձակմամբ։ Ապա նկարագրել ենք «Հայելի» ակումբի նկատմամբ հեղափոխական երիտասարդների հարձակումը՝ ձվերով եւ կոչերը, որ «Հրայր Թովմասյանն ու իր քույրը չպետք է ապրեն եւ աշխատեն Հայաստանում՝ նրանք պետք է հեռանան Ադրբեջան»։ Եւ գրել ենք նաեւ, որ հաղորդաշարի հեղինակ Անժելա Թովմասյանը երկու հեռուստաընկերություններից հրավեր է ստացել՝ հաղորդաշարն իրենց մոտ հեռարձակելու մասին եւ ընդունել է «Արմնյուզ» հեռուստաընկերության առաջարկը, ինչը բացատրել է նրանով, որ Քառյակ մեդիայի տնօրեն Արամ Անտինյանն առաջարկել է առանց ձեւաչափը փոխելու հաղորդաշարը հեռարձակել իրենց հեռուստաընկերությամբ եւ լիարժեք լրագրողական ազատություն է խոստացել հեղինակին։

Մենք Անժելա Թովմասյանից հետաքրքրվեցինք, թե երբ է եթեր գնալու «Հայելու առաջը» եւ տեղեկացանք, որ առաջին եթերը կկայանա այսօր՝ նույն ժամին՝ 22.05-ին։ Առաջին եթերի հյուրը լինելու է Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը, երկրորդ օրը կհյուրընկալվի ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը։