2 տարի անհիմն գործ են քննել՝ ով է պատասխան տալու

2 տարի անհիմն գործ են քննել՝ ով է պատասխան տալու

Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը օրերս արդարացրեց «ՎԵՏՕ» շարժման ղեկավար Նարեկ Մալյանին՝ Չաուշեսկուի գնդակահարությունը բեմադրելու գործով։ Նա արդարացվեց հանցակազմի բացակայության հիմքով, ինչը նշանակում է, որ 2021 թվականից ուղիղ երկու տարի մեծ թվով քննիչներ, դատախազ-դատավորներ զբաղվել են անհիմն գործի քննությամբ, մեծ թվով մարդկանց տարել-բերել, անհանգստություն պատճառել, ռեսուրսներ վատնել եւ այդ բոլորը եղել է միանգամայն անհիմն։

Դատավճիռը մեկամսյա ժամկետում կարող է բողոքարկվել ՀՀ քրեական վերաքննիչ դատարանում։

Հիշեցնենք` փետրվարի 20–ին Ազատության հրապարակում տեղի ունեցավ Հայրենիքի փրկության շարժման հանրահավաքը։ Ընդդիմադիր կուսակցություններն ու հավաքվածները պահանջում էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Մինչ հանրահավաքը «ՎԵՏՕ» շարժման ղեկավար Նարեկ Մալյանը Ազատության հրապարակում բեմադրում էր «Չաուշեսկուի գնդակահարությունը կամ մահ դավաճաններին» ֆուտուրիստական ներկայացումը։

Նարեկ Մալյանին ձերբակալեցին Չաուշեսկուի գնդակահարությունը Ազատության հրապարակում բեմադրելու փորձի մեղադրանքով, ապա ազատ արձակեցին: Ի վերջո փետրվարի 26–ին Մալյանին հաջողվեց ԱԺ շենքի դիմաց բեմադրել ներկայացումը։ Դրանից հետո հետո նա լրագրողներին տեղեկացրեց, որ իր դեմ հարուցված 6 քրգործ կա, որից մեկը` նշյալ ներկայացման մասով։

Հավելենք, որ Մալյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 226.2 հոդվածով (բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը)։ Պարզվում է, սակայն որ այս գործի շրջաանակներում հանցակազմի բացակայությունն այնքան ցայտուն է, որ անգամ որևէ տույժի Մալյանը չենթարկվեց եւ աղմուկ հանած այս գործով արդարացվեց՝ ապացուցելով, որ հետապնդումը քաղաքական է, գործը՝ սարքովի: Մինչդեռ իշխանության ներկայացուցիչները, այդ թվում Նիկոլ Փաշինյանը Չաուշեսկուի բեմադրությունը պարբերաբար օրինակ էին բերում՝ որպես բռնության եւ ատելության քարոզ, իբրեւ ընդդիմության կողմից հանցագործության ակնհայտ օրինակ։

Մենք հետաքրքրվեցինք՝ դատավճիռը բավարարո՞ւմ է ամբաստանյալին, չի պատրաստվո՞ւմ բողոքարկել, պահանջել, որ վնասները փոխհատուցեն եւ այս անհիմն գործը հարուցելու մեջ մեղավորները պատժվեն օրենքի ողջ խստությամբ։

Նարեկ Մալյանը «Հրապարակի» հետ զրույցում նշեց, որ դեռևս չի ստացել դատական վճիռը, ստանալուց հետո գուցե բողոքարկի.

«Դատավճիռը պետք է վերցնեմ, որից հետո փաստաբաններիս հետ կխորհրդակցեմ: Վերցնելուց հետո կարող է նույնիսկ բողոքարկեմ: Վճիռը լինի կորոշեմ», - նշեց նա: