Դատավոր Արղամանյանը պիոների պես կատարեց իր հանձնարարությունը. Բախշիյանի պաշտպան

Դատավոր Արղամանյանը պիոների պես կատարեց իր հանձնարարությունը. Բախշիյանի պաշտպան

Պրն Արղամանյանը պիոների պես կատարեց իր հանձնարարությունը ու կալանավորեց պրն Բախշիյանին։ Որոշումը կարդում ենք, բայց այնտեղ ոչինչ պետք չէ փնտրել, ուղղակի պիտի ֆիքսել, որ արդարադատությունը մի խումբ իշխանավորներ ուղղակի բռնաբարեցին։ Այս մասին քիչ առաջ լրագրողների հետ զրույցում ասաց Բախշիյանի պաշտպան Երեմ Սարգսյանը։

Նշենք, որ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը նախագահությամբ՝ դատավոր Դավիթ Արղամանյանի, այսօր՝ փետրվարի 7-ին, Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր (լիազորությունները կասեցված են) Բորիս Բախշիյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին ԱԱԾ քննիչի միջնորդությունը բավարարեց։

«Ժողովրդավարությունը պարզապես գլորվեց անդունդ, ես ուղղակի բառեր էլ նույնիսկ չեմ գտնում նկարագրելու ,թե սա ինչ էր, այս ոնց կատարվեց ։ Փաստորեն կան դատավորներ, որ ամեն ինչ անում են, որ լինեն այս իշխանությունների սիրելին։ Կա դատավոր Բախշիյան ու կա դատավոր Արղամանյան, կա դատավոր Բախշիյան ու կան նրանց նմանները, որոնք արդեն ասացի, թե ինչ են անում ։ Այս դատավորները անում են այնպես, որպեսզի իրենք երաշխավորված լինեն ու շարունակեն կատարել այս ապօրինությունները»,- ասաց Սարգսյանը։

Հիշեցնենք, որ Բարձրագույն դատական խորհուրդը թույլ է տվել դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցել, ինչպես նաեւ ազատությունից զրկելու համաձայնություն է տվել:

Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու հիմքն այն է, որ նա, ըստ ԱԱԾ-ի, խափանման միջոցի կարգ է խախտել։ Հայտնի է, որ գործով ամբաստանյալը հրաժարվել է դատական նիստին ներկայանալ, դատավոր Բախշիյանն էլ նրան կալանավորելու մասին որոշում է կայացրել։ Ըստ վարույթն իրականացնող մարմնի՝ այդպիսով դատավոր Բախշիյանը չի ապահովել ամբաստանյալի լսվելու իրավունքը։