Դատախազությունը թող Կադաստրի կոմիտեից բացի, արդարադատության նախարարությանն էլ դատի տա

Դատախազությունը թող Կադաստրի կոմիտեից բացի, արդարադատության նախարարությանն էլ դատի տա

Իշխանությունը որոշել է պետականացնել հասարակական կառույցներ հանդիսացող ստեղծագործական միությունների շենքերը։ Դրա մասին նամակ-գրություններ են ստացել գրողների եւ նկարիչների միությունները։ Խնդիրն այն է, որ ՀՀ դատախազությունը դատական հայց է ներկայացրել Կադաստրի կոմիտեի դեմ եւ հայցադիմումի մեջ պահանջում է անվավեր ճանաչել ՀՀ կադաստրի կոմիտեի՝ Գրողների միությանը տրված 2001թ․ օգոստոսի 9-ի սեփականության իրավունքի պետական գրանցումը եւ, որպես անվավերության հետեւանք, վերացնել 2013թ․ հունիսի 3-ի սեփականության իրավունքի պետական գրանցումը։ Դատախազությունը դատարանում փորձելու է պնդել, որ Կադաստրի կոմիտեի նախորդ ղեկավարներն անօրինական եղանակով են Գրողների միության շենքն օտարել։

Դատախազության տարածած հաղորդագրության մեջ նշվում է նաեւ Ծաղկաձորի եւ Սեւանի գրողների ստեղծագործական տների մասին, որոնց «սեփականության իրավունքի գրանցումը կատարվել է իրավական ակտերի պահանջների խախտմամբ»։

Մովսես Մանուկյանը, ով 81թ․-ից Գրողների միության Ծաղկաձորի ստեղծագործական տան տնօրենն է, անդրադառնալով դատախազության հայտարարությանը, նկատում է, որ 76թ․-ին է կառուցվել շենքը։ «Հետո 78-ին մյուս մասնաշենքն է կառուցվել, ավելի ուշ՝ 90-ականներին, մյուս մասնաշենքը, բայց ինքը միշտ գործել է, ու մշտապես առաջընթաց ենք գրանցել։ Մենք ընդամենը գրանցել ենք սեփականության մեր իրավունքը, Գրողների միությունը սովետական շրջանում էլ է եղել հասարակական կազմակերպություն եւ ունեցել է իր ունեցվածքը, դրանից հետո, երբ Հայաստանն անկախացավ, նույն հիմքով վերագրանցվեց որպես հասարակական կազմակերպություն։ 99թ․ գրանցվել է «Գրողների միություն» հասարակական կազմակերպությունը, գրանցումն արել է արդարադատության նախարարությունը, իսկ 2001-ին, երբ Գրողների միությունը վերագրանցվել է, ՀԳՄ կանոնադրության 3.8 կետի համաձայն՝ Հայաստանի գրողների միությունն ունի առանձնացված գույք եւ տնտեսական ընկերություններ, այդ թվում՝ գրական ֆոնդ, Սեւանի եւ Ծաղկաձորի ստեղծագործական տներ, թերթեր, ամսագրեր։ Արդարադատության նախարարությունն այդ գրանցումը կատարել է, եւ դա ստորագրել է անգամ արդարադատության փոխնախարարը։ Հիմա այդ օրինական ակտերը եթե իրենք ուզում են վերանայել, ուրեմն իրենք պետք է վերանայեն նույն Ծաղկաձորի ստեղծագործական տունը, որը 1995-ին գրանցվել է որպես Հայաստանի գրողների միության՝ Ծաղկաձորի ստեղծագործական տուն դուստր ձեռնարկություն»,-ասում է Մ․ Մանուկյանն ու ընդգծում, որ արդարադատության նախարարությունը 2-3 անգամ գրանցել է Գրողների միությունը։

«Կադաստրի կոմիտեն էլ 3 անգամ է գրանցել մեր Ծաղկաձորի ստեղծագործական տունը՝ որպես Գրողների միության սեփականություն։ Հիմա խնդիրը, ոնց հասկանում ենք, Կադաստրի կոմիտեի հետ է, որ իրենք են այն ժամանակ սխալներով գրանցել․ կառավարության ինչ-որ մի հին որոշում են գտել, որտեղ գրված է, որ այսինչ թվին այդ ամենը պետք է պետական սեփականություն դառնար, բայց դա հասարակական կազմակերպություններին չէր վերաբերում, այլ վերաբերում էր այն նախարարություններին, գործարաններին, որոնք պետական էին․․․ օրինակ՝ Ծաղկաձորում 30-ից ավելի ճամբարներ կային, որոնցից ոչ մեկը, որպես այդպիսին, չի պաշտպանվել, այլ քանդվել են, վաճառվել, եւ հիմա տեղները կա՛մ ամայի է, կա՛մ բարձրահարկեր են այդտեղ կառուցում»։

Դատախազությունից նկատել են, որ «Հայաստանի գրողների միություն» հասարակական կազմակերպությունը ստեղծվել է 1993 թվականի հունիսի 4-ին, իսկ մինչ այդ «Հայաստանի Հանրապետության պետական սեփականության մասին» 1990 թվականի սեպտեմբերի 10-ի օրենքի 1-ին կետով սահմանվել է, որ Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող բոլոր պետական ձեռնարկությունների, միավորումների, հիմնարկների եւ կազմակերպությունների ունեցվածքը Հայաստանի Հանրապետության սեփականությունն է: Այս մասով Մ․ Մանուկյանը նկատում է․ «Գրողների միությունը երբեք իրենց թված այդ պետական միավորումների մեջ չի եղել, Գրողների միությունը միշտ էլ եղել է հասարակական կազմակերպություն, մեր ֆինանսավորումը հիմնականում եղել է ԽՍՀՄ գրական ֆոնդից, ԽՍՀՄ գրական ֆոնդի գումարներն էլ գոյացել են գրողների տպագրած գրքերի վաճառքի որոշակի տոկոսից։ Այսինքն՝ պետական ֆինանսավորում ընդամենը եղել են Գրողների միության կենսագործունեության ծախսերը։ Հենց դարձանք անկախ Հայաստան, պետության ֆինանսավորումը Գրողների միությանը դադարեցվեց»։

Ստացվում է՝ կառչելու որեւէ տեղ չկա ՀԳՄ սեփականությունից։ «Դե, իրենք ինչ-որ հիմքեր գտել են։ Չնայած նեղ վիճակին, Գրողների միությունն իրավաբան է վարձել, եւ պետք է գնանք դատարանում մեր շահերը պաշտպանենք, մենք դատարանում 3-րդ կողմ ենք։ Հետո՝ այսօրվա գործող օրենքներով, 10 տարի անց այդ բաները համարվում են ժամկետից դուրս, եւ որեւէ դատարան կամ դատախազություն իրավասու չէ այս հարցերով զբաղվել, բացի հակակոռուպցիոնից։ Հիմա ստացվում է՝ այն ժամանակ, որ Հրանտ Մաթեւոսյանի օրոք ենք գրանցել ՀԳՄ-ն, ուրեմն իրենք կոռուպցիայո՞վ են զբաղվել, որ այդ շենքերը գրանցել են Գրողների միության սեփականություն։ Մի քիչ աբսուրդային իրավիճակ է, որ հակակոռուպցիոն դատարանը պետք է զբաղվի այդ գործերով՝ իբրեւ կոռուպցիոն գործ։ Մինչդեռ Հայաստանում վերջին տասնամյակներում այդքան բան սեփականաշնորհվեց, վաճառվեց, կորավ գնաց, իսկ սա պահպանվել ու պահպանել է իր նշանակությունը, եւ այսօր թե՛ Գրողների միությունը, թե՛ նրա ստեղծագործական տները ծառայում են իրենց նպատակին։ Եվ ոչ միայն պահպանվել են, այլեւ ավելի զարգացել են եւ առանց պետության որեւիցե աջակցության։ Ավելին, 44-օրյա պատերազմի ժամանակ մենք առանց որեւէ պետական աջակցության ընդունեցինք Հադրութից եւ Շուշիից տեղահանվածներին եւ 2 ամսից ավել պահեցինք։ Երբ կորոնավիրուսի համաճարակ էր, մենք առաջիններից էինք, որ ընդունեցինք մեկուսացվածներին եւ ամիս-ամիսուկես պահեցինք, դարձյալ առանց որեւէ աջակցության։ Այսինքն՝ երբ պետք է եղել, մենք պետությանն աջակցել ենք»։

Հիմա ո՞րն է խնդիրը, պետությունն ա՞չք ունի գրողների շենքերի վրա։ «Եթե պարզ խոսում ենք՝ այդպես է ստացվում, մի երկու օր առաջ վարչապետը հարցուպատասխանի ժամանակ ընդհանուր անդրադարձավ թե՛ նկարիչների, թե՛ գրողների միությունների շենքերին, ասաց՝ մենք ուզում ենք վերականգնենք, բայց չենք ասում, թե այդ շենքը պետք է վերցնենք, մենք էլի թողնելու ենք, որ նկարիչների, գրողների միություններն իրենց գործունեությունը ծավալեն այդտեղ։ Բայց դա լոլո է, ինքն այսօր այսպես է ասում, վաղն էլ ուրիշ կառավարություն գա, ասի՝ մեր սեփականությունն է, Գրողների միությանը 5 սենյակ է պետք, վերցրեք ձեր 5 սենյակը՝ 5 հոգով աշխատակազմ պահեք, աշխատեք, մնացածի հետ գործ չունեք։ Կամ՝ Սեւանի տունը ձեզ պետք չէ… Այսպիսի հարցեր կան, այսինքն՝ մենք ամեն գնով պետք է կարողանանք այդ միավորը՝ Գրողների միությունը՝ իր սեփականության օբյեկտներով, պահենք, ինչպես կանոնադրության մեջ նշված է։ Թող Կադաստրի կոմիտեից բացի արդարադատության նախարարությանն էլ դատի տան»։

Ստեղծագործական տան տնօրենն ասում է՝ ողջ գրողական համայնքն է անհանգիստ ու սպասողական վիճակում, որովհետեւ բոլորի համար էլ Գրողների միությունը մի օջախ էր, որտեղ հավաքական ոգի էր գոյանում, ինչքան էլ պետությունն այն անտերության էր մատնել․ «Բացի այդ, ավանդույթներ կան, սրանք այն շենքերն են, որտեղ Չարենցն է եղել, Իսահակյանն է տարիներով աշխատել, մեր այլ մեծ գրողներն են եկել-գնացել՝ Հրանտ Մաթեւոսյան, Մուշեղ Գալշոյան, եւ հիմա էլ շարունակվում են այդ ավանդույթները։ Այնպես չէ, որ այսօր գրականություն չկա, մենք ունենք լավ գրականություն, լավ գրողներ, ուրիշ բան, որ ընթերցողներն են մի քիչ պակասել, ինչը վերականգնվող բան է, իսկ գիրը, գրականությունը պետք է մնան։ Ինչո՞ւ մեր սերունդը մեծ հաջողություններ արձանագրեց․ որովհետեւ մեր սերունդը դաստիարակվել էր Չարենցով, Շիրազով, Իսահակյանով, Թումանյանով, մենք պիտի դառնանք դրան ու նորից սերունդ դաստիարակենք, որպեսզի վաղն էլի հաղթական սերունդ ունենանք»։