Իսլամական երկրները սպառնում են Հայաստանին

Իսլամական երկրները սպառնում են Հայաստանին

Մարտի 22-23-ը Իսլամաբադում տեղի ունեցավ Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) արտաքին գործերի նախարարների խորհրդի հերթական նիստը՝ «Գործընկերության կառուցում հանուն միասնության, արդարության և զարգացման» թեմայով։

Նիստի ընթացքում դարձյալ քննարկվել է Արցախյան հարցը, դարձյալ ընդունվել են ադրբեջանամետ  որոշումներ: Հիշեցնենք, որ այս կրոնաքաղաքական կազմակերպությանը անդամակցում են 57 իսլամական պետություն։ Ադրբեջանը ԻՎԿ անդամ է 1991թ-ից: Կառույցը  դեռեւս արցախյան առաջին պատերազմի տարիներից մշտապես սատար է կանգնել Ադրբեջանին, Հայաստանին ընդունում է որպես ագրեսոր պետություն, որը «կտտանքների» է ենթարկում Ադրբեջանին: Վերջին նիստում ընդունվել է չորս բանաձեւ.
1. «ՀՀ ագրեսիայի հետեւանքների վերացում ԱՀ դեմ»,
2.  «Տնտեսական աջակցություն Ադրբեջանի Հանրապետությանը», 
3. «Մշակույթի հուշարձանների ոչնչացում եւ Հայաստանի ագրեսիայի հետևանքով Ադրբեջանի տարածքում իսլամական մշակույթին առնչվող պատմությունը», 
4.  «Համերաշխություն Խոջալուի ջարդերի զոհերի հետ»։

ԻՀԿ-բ սպառնացել է, որ իր կազմում գտնվող 57 պետությունները կխզեն Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունները, կսահմանափակեն կամ կմերժեն տնտեսական համագործակցությունը, եթե Հայաստանը «շարունակի Ադրբեջանի դեմ ագրեսիան»: Գոհունակություն է արտահայտվել «Հայաստանի և Ադրբեջանի միջև զինված հակամարտության ավարտի կապակցությամբ, ինչպես նաև աջակցություն Ադրբեջանի կառավարությանն ու ժողովրդին՝ ազատագրված տարածքները վերականգնելու և ներքին տեղահանվածներին նրանց վերադարձնելու համար պայմաններ ստեղծելու ջանքերում»։ Կառույցը որոշել է.

 - Հակամարտության ընթացքում Հայաստանի զինված ուժերի գործողությունները ադրբեջանցի խաղաղ բնակիչների նկատմամբ դիտվում են որպես ռազմական և մարդկության դեմ ուղղված հանցագործություններ և ենթակա են պատժի մեղավորների համար։

- Կոչ անել՝ կանխելու հակաադրբեջանական քարոզչությունը, ազգային ատելության դրսևորումները, հերոսացնելով հակամարտության ընթացքում ադրբեջանցիների նկատմամբ ռազմական և անմարդկային հանցագործություններ կատարած անձանց, ինչպես նաև արդյունավետ քննչական և պատժիչ միջոցներ ձեռնարկել այդ հանցագործությունները կատարողների նկատմամբ։

-Դատապարտել իսլամական մշակութային և պատմական ժառանգության նմուշների թալանը, ոչնչացումը, վիրավորանքը, այդ թվում՝ մշակութային ժառանգության նմուշների կեղծումը և հափշտակումը, որոնք որակվում են որպես վանդալիզմի և բարբարոսության դրսեւորումներ։
-Կոչ անել ԻՀԿ անդամ երկրներին, ինչպես նաև ողջ համաշխարհային հանրությանը, օգտագործել քաղաքական և տնտեսական ազդեցության բոլոր հնարավոր միջոցները՝ ստիպելու Հայաստանին ճանաչել և հարգել Ադրբեջանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։ 

- ԻՀԿ անդամ երկրները, Իսլամական զարգացման բանկը և Իսլամական համագործակցության կազմակերպության մյուս կառույցները պետք է օգնեն Ադրբեջանի կառավարությանը օկուպացիայից ազատագրված Ադրբեջանի տարածքների վերականգնման և վերականգնման գործում։

-Հաստատված է Հայաստանի պատասխանատվությունը ադրբեջանական տարածքների օկուպացիայի հետևանքով պատճառված վնասի համար, և ճանաչվում է նաև այդ կապակցությամբ իրավական միջոցների դիմելու Ադրբեջանի մտադրությունների օրինականությունը։
 Ինչպես տեսնում ենք, իսլամական պետությունները Հայաստանին սպառնում են ոչ միայն քաղաքական ու տնտեսական ոլորտներում, այլեւ փորձեր են արվելու ՀՀ-ին դնել Ադրբեջանի առջեւ ֆինանսական մեծ պարտավորությունների բեռի տակ՝«օկուպացիայի պատճառած վնասների» համար: Եթե սրան էլ գումարենք, որ ներկայիս իշխանությունը՝ երկրի վարչապետի եւ մյուս առաջին դեմքերի բերանով բազմիցս ասել են, որ այս կամ այն տարածքը, այս կամ այն բնակավայրն ու բարձունքը եղել են ադրբեջանական, հիմա մարդիկ եկել են իրենց եղածին են տեր կանգնում, ապա միջազգային տարբեր ատյաններում ադրբեջանական կողմին դժվար չի լինելու ապացուցել, որ իրենց հողերն ու բնակավայրերը 30 տարի եղել են օկուպացված: Ու Հայաստանը կկանգնի ֆինանսական մեծ պարտավորությունների առաջ… 

Ինչպես տեսնում ենք, իսլամական երկրները համերաշխ ու համախմբված են, ինչի «շնորհիվ» էլ ուզում են «կուլ տալ» երկրագունդը, իրենց քաղաքական ու տնտեսական շահերը թելադրել բոլոր ոչ իսլամիստ պետություններին: Իսկ ու՞ր են նայում քրիստոնյա երկրները, երբ աշխարհի առաջին քրիստոնյա պետությունը հայտնվել է իսլամիստների հալածանքների ու ագրեսիայի տակ, որտե՞ղ է նրանց համախմբվածությունը…