Կատվի եւ մկան խաղը

Կատվի եւ մկան խաղը

Ճիշտ է, այսօր կանանց տոնն է, բայց 2020 թվականից այս կողմ ինձ մոտ անկեղծորեն չի ստացվում տոն կամ ծնունդ շնորհավորելը: Որովհետև թե՛ խայտառակ պարտությունը և թե՛ մարդկային ու տարածքային կորուստները չեն թողնում, որպեսզի նորմալ մարդն անկեղծորեն տրվի որևէ ուրախության: Եվ կարծում եմ, որ այդ տրամադրությունը ես ինձ հետ կտանեմ այն աշխարհ՝ եթե, իհարկե, ինձ բաց թողնված տարիների ընթացքում չկատարվի արմատական փոփոխություն: Եթե հաշվի ենք առնում երեք գործոն՝ դեռևս անորոշ ժամանակով Փաշինյան Նիկոլի մնալը վարչապետի պաշտոնում, Հայաստանում տղամարդկանց կյանքի միջին տևողությունը (68 տարի) ու տարիքս (60+), ապա դրա հավանականությունն այնքան էլ մեծ չէ: Միաժամանակ, այդ փոփոխությունը տեսնելու և ոչ միայն տեսնելու, այլև դրանում մասնակցություն ունենալու իմ հսկայական ցանկությունը, կարծում եմ, կարող է դեր խաղալ: 

Իսկ հիմա անցնեմ բուն թեմային․ ՀՀ ՊՆ հաղորդագրությանը, ըստ որի մարտի 7-ին ՌԴ խաղաղապահների ուղեկցությամբ ՀՀ ԶՈՒ ռազմական տեխնիկայի շարասյան անցում Ստեփանակերտ-Ղայբալիշեն-Լիսագոր ճանապարհով տեղի չի ունեցել: Եվ դրա վերաբերյալ Ադրբեջանի ՊՆ-ի պնդումներն իրականությանը չեն համապատասխանում: 

Ուղղակի վիրավորական է Փաշինյան Նիկոլի իշխանությանը վերագրել մի բան, որից ինքը սարսափում է՝ ինչպես լողալ չիմացողը ծովն ընկնելուց: Արցախն Ադրբեջանի կազմում տեսնելու պատրաստ անձը, որպիսին Նիկոլն է, ինչպե՞ս կարող է ՀՀ զինված ուժերի անձնակազմ կամ տեխնիկա տանել Արցախ կամ ետ բերել հերթափոխի, եթե վաղուց է դրանք հանել այնտեղից: Եվ դա, բնականաբար, շատ լավ գիտեն թշնամական երկրում, սակայն շարունակում են Նիկոլի հետ խաղալ կատվի և մկան խաղը: 

Կարծում եմ, որ Նիկոլը ևս հասկանում է, որ նրանք դա գիտեն, ու չնայած դրան, շարունակում են իրեն մեղադրել: Եվ չնայած դա գիտակցում է, միևնույն է, հայտնի կենդանու համառությամբ շարունակում է խաղաղություն մուրալ թշնամուց: Եվ դա անում է սեփական երկրի և ժողովրդի արժանապատվության հաշվին: Եվ չնայած գիտակցում է սեփական նվաստացումը՝ չունի համոզվածություն, որ թշնամուց կստանա իր երազած խաղաղությունը: Ու անընդհատ բողոքում է Արևմուտքում՝ մտածելով, որ իր «պապաներն» անպայման հարցին լուծում կտան: Իսկապես, Աստծո պատիժ էր, որ Նիկոլի նման մեկին ղեկավար կարգեցինք մեր գլխին: