Այս տարի տեղին ու ժամանակին չէ մարտիության խնջույք կազմակերպելը․ ԲՀԿ ՇՄ կանանց խորհրդի նախագահ

Այս տարի տեղին ու ժամանակին չէ մարտիության խնջույք կազմակերպելը․ ԲՀԿ ՇՄ կանանց խորհրդի նախագահ

Անցյալ տարի՝ մարտի 8-ին` կանանց տոնի կապակցությամբ «Փարավոն» համալիրում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հավաքել էր  իր թիմակիցներին, մեծ շուքով տոնել էին կանանց օրը: Մեր տեղեկություններով՝ այդ օրը ԲՀԿ առաջնորդը հայտարարել էր, թե կուսակցությունը նոր քաղաքական փուլ է մտնում: Իրականում, նախորդ տարի կուսակցությունն ակտիվ կերպով նոր էլեկտրոնային լրատվական կայքեր բացեց, ինչպես նաև մեծ ներդրումներ արեց` ակտիվացնելով տարածքային կառույցները: Գյումրիում բացվեց նաև Շիրակի մարզի կանանց խորհրդի գրասենյակը:

Արդյո՞ք այս տարի որևէ հավաքույթ սպասվում է, Hraparak.am-ը հետաքրքրվեց  ԲՀԿ Շիրակի մարզի  կանանց խորհրդի նախագահ Հասմիկ Վիրաբյանից: «Անցյալ տարի Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ նման խնջույքի մասնակցեցին բոլոր մարզերի կուսակցության ներկայացուցիչ կանայք՝ շարքայինից մինչև վերադաս: Պատերազմից հետո էր, կրկին դժվարին ժամանակներ, քեֆ-ուրախության տրամադրություններ չկային, եւ հենց այդ նպատակով կուսակցության առաջնորդը  փորձեց  գոնե մեկ անմոռանալի օր նվիրել մեզ՝ կանանց, հայոց մայրերին, քույրերին, տիկնանց․․․․․:Ինչ վերաբերում է այս տարվան, իհարկե ոչ տեղին է, ոչ էլ ժամանակին խնջույք կազմակերպելը, Արցախը բլոկադայի մեջ է, հազարավոր երեխաներ կիսաքաղց․․․․․, այսօր դուք ինքներդ եք տեսնում, որ Գագիկ Ծառուկյանի եւ կուսակցության ողջ գործունեությունն ուղղված է Արցախին, Արցախում ապրող մեր հայրենակիցների հոգսը գոնե չնչին չափով թեթևացնելուն»,-նշեց նա:

Հավելենք, որ ԲՀԿ Շիրակի մարզի կանանց խորհուրդը շուրջ մեկ տարի է՝ գործում է:  Մի՞թե մարզի ԲՀԿ կառույցի գործունեությունը բավարար չէր, եւ որքանո՞վ էր անհրաժեշտություն ԲՀԿ կանանց խորհրդի ստեղծումը․

«Կուսակցության կանանց խորհրդի գրասենյակներ գրեթե Հանրապետության բոլոր մարզերում կան: ԲՀԿ կանանց խորհուրդը հիմնադրվել է տիկին Ռոզա Ծառուկյանի ջանքերով, եւ գաղտնիք չեմ ասի, որ  հենց նրա անսպառ նվիրվածության ու եռանդի շնորհիվ կանանց խորհրդի գործունեությունն էապես տարբերվում է կուսակցական աշխատանքից: Գիտեք՝ կինը էմոցիոնալ է, մայր է, քույր է, օրիորդ է: Այն խնդիրները որոնք ի զորու է կինը տեսնել ու լուծել, քննարկման ենթակա չէ: Այն, ինչ անում է ԲՀԿ կանանց խորհուրդը, վստահաբար կարող եմ ասել, որ կուսակցության շարժիչն է, առանց կանանց խորհրդի ԲՀԿ-ն անդամահատված մարմնի նման կլիներ:Իսկ, թե ինչեր արեցինք Շիրակի մարզում այս մեկ տարվա ընթացքում, եթե սկսեմ թվել, գովազդի կնմանվի, բայց դա չի նշանակում, որ ես բավարված եմ, գոհ մեզանից,  միայն կասեմ, որ դեռ անելիքները շատ-շատ են:Շիրակի մարզը խնդրահարույց է՝ սոցիալական, բարոյական, շատ առումներով, այստեղ շատ ժամանակ որոշիչ դեր են խաղում քարացած կարծրատիպերը, այնպես որ, սա գործի սկիզբն է․․․»,-ասաց մեր զրուցակիցը :