Արցախի փրկություն ասվածը ինձ համար խորթ տերմին է․ Երվանդ Թարվերդյան

Արցախի փրկություն ասվածը ինձ համար խորթ տերմին է․ Երվանդ Թարվերդյան

Hraparak.am-ը զրուցել է «Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ Երվանդ Թարվերդյանի հետ։

- Ձեր «Միացյալ Հայաստան» կուսակցությունը, Դուք անձամբ հետեւո՞ւմ եք, միանալո՞ւ եք Ազատության հրապարակի պայքարին, կոչերին։

- Բնականաբար հետևում եմ և ուսումնասիրություններ անում։ Անցած տարի շատ ուշ գրանցեցինք մեր կուսակցությունը և չկարողացանք մասնակցել և Ազգային Ժողովի ընտրություններին, և տարածքային կառավարման մարմինների ընտրություններին։ Ժամանակային առումով մեր մոտեցումը օլիմպիական սկզբունքը չի։ Եթե մի բան անում ես, պիտի անես գրագետ ու ճիշտ։ Եթե մենք հրապարակ չենք գնում, չի նշանակում, որ մենք ակտիվ չենք։

-Այսինքն, միանում եք Ազատության հրապարակից հնչող բոլոր կոչերին։

- Ուրեմն, ես երբեք անձնավորված ոչ մի պահանջ չեմ ներկայացրել։ Հայաստանում կոնսոլիդացված ընդդիմություն չեմ տեսնում, որովհետև  ամեն մեկը ինչ-որ մի միտք է ասում։ Միշտ մի կարծիք ունեմ՝ չի կարելի օրակարգ ունենալ՝ անձին հեռացնելու, դա սխալ օրակարգ է։ Այլ բան է, որ ցանկացած քաղաքական ուժ պետք է ունենա ծրագիր, ըստ օրենքի` իր ծրագրային թեզերից հաստատված, բխող նոր ծրագրեր և քննարկի նոր պետության համար կարևորագույն ծրագրեր։ Արցախի փրկություն ասվածը ինձ համար խորթ տերմին է։ Իսկ ի՞նչ է նշանակում՝ «փրկել Արցախը»։ Եթե ընդդիմությունը դուրս է գալիս փողոց՝ դրանով կարողանալո՞ւ է փրկել Արցախը։ Եկեք Արցախի հարցին անդրադառնանք հետևյալ ռակուրսով՝ Հայաստանն ու Արցախը դրանք տարբեր պետություններ են։ Մեր կուսակցությունն ունի մի դիրքորոշում` որ կա Արևմտյան Հայաստան, որը, ցավոք կորցրել ենք մեկ դար առաջ, կա Արևելյան Հայաստան, որտեղ մենք ապրում ենք, և Արցախ աշխարհը` մեր հայկական հանրապետությունը։ Այն դիրքորոշումը, որ Հայաստանն ու Արցախը մեկ պետություն է, դա սխալ է։ Ինչ վերաբերում է Արցախի հետ ընդհանուր քննարկումներին, կամ Արցախի հարցով ինչ-որ դիրքորոշմանը, մենք ունենք մեր դիրքորոշումը, և փրկել ինչ-որ  մեկին, ինչ-որ բանից այդ դիրքորոշումը չի։ Երկար տարիներ Հայաստանը հանդիսացել է Արցախի անվտանգության երաշխիքը։ Այսօրվա դրությամբ Հայաստանի բյուջեից Արցախին բավականին գումարներ են տարբեր ծրագրերի համար հատկացվում։ Սակայն, եթե վերցնում ենք գլոբալ` նրանք անկախ պետություններ են։ Եթե նկատի ունենք քննարկումները, որոնք այսօրվա դրությամբ արվում են Մինսկի տարբեր խմբերի, Ռուսաստանի Դաշնության կամ ուղիղ Թուրքիայի կամ Ադրբեջանի հետ, դա այլ հարց է։ Մենք այդ ամեն մի հարցի նկատմամբ ունենք մեր դիրքորոշումը։ Ես ընդդիմության ձևակերպումը չեմ տեսել։ Ընդդիմությունը ինչու չի  հայտարարություն անում երկու օր առաջ Մոսկվայում արված համատեղ հայտարարության կետերի վերաբերյալ։ Երբ որ Արցախի ԱԺ-ն ինչ-որ հայտարարություններ է անում: Ինչո՞ւ կարծիք չեն արտահայտում այդ հայտարարություների վերաբերյալ։ Այսօր Արցախի անվտանգության երաշխիքը Ռուսաստանն է, քանի որ ապահովում է սահմանագիծը Ադրբեջանի հետ։ Ումի՞ց ենք փրկելու Արցախը, եթե ռուսական զորքերն այնտեղ կանգնած են, եթե ինչ-որ առումով անփորձ դիվանագիտության պատճառով զորքերը հայելային կարգով հետ են քաշվել և երկու գյուղ զիջել ենք, որի հետ կապված հիմա քննարկումներ են գնում։ Երբ որ կներկայացնեն Արցախը փրկելու ծրագիրը, այն ժամանակ էլ մենք՝ որպես քաղաքական ուժ մեր կարծիքը կհայտնենք և կասենք, թե որքանով է իրենց ներկայացրած օրակարգը համապատասխանում մեր օրակարգին։ Այն թեզը՝ հասարակության պառակտման, որը մենք համարել ենք մեծագույն սխալ, շարունակվում է։ Մեր դիրքորոշումը մեկն է՝ պետք է ազգը համախմբված լինի, որ դիմակայի այսօրվա քաղաքական լարված հակամարտությանը։

-  Հայաստանյան այսօրվա լարված ներքաղաքական իրավիճակում կոչ կարվի՞ Սփյուռքին միանալու Հայաստանին։

- Այսօր մենք Սփյուռքում այնքան մեծ ռեսուրս ունենք, որի մասին երբեք չենք խոսում, որովհետև 30 տարի Սփյուռքից հեռացրել ենք մեզ, որովհետև 30 տարի Սփյուռքի կարծիքը անգամ հաշվի չենք առել, համարելով, որ մենք ամենախելացին ենք, փորձառուն։ Մեր Սփյուռքը կարիք ունի համախմբման և իրենց նշանակությունը գնահատելու։ Մենք ունենք լավագույն գերմասնագետներ, որոնց մասին այստեղ շատերը չգիտեն, տեղյակ չեն։ Մեր կուսակցության դիրքորոշումն այն է, որ մեր ազգը ունի կապող օղակի և կոմունիկատորի դեր, այսօր պիտի համախմբվի, որ կարողանա այդ ֆունկցիան օգտագործի, որ կարևորելի դառնա բոլոր պետությունների և ազգերի համար։ Մենք այսօր չպիտի մեղավորներ փնտրենք, մենք մեր ապագան պիտի կառուցենք, մենք պետք է մեր ծրագրերը համախմբված իրականացնենք, պետք է գոնե գտնենք այն կետերը, որի շուրջ պետք է համախմբվենք։ Իսկ տենց կետեր կան։ Այսօր Ֆրանսիան, Եվրոպան, Եվրոմիությունը, ՆԱՏՕ-ն, Ռուսաստանի Դաշնությունը կռիվ են անում, թե ով պիտի ապահովի Արցախի անվտանգությունը։ Հասկանում եք, ուր ենք հասել։ Բոլորը մտածում են իրենց ազդեցությունը մեծացնեն հենց այդ լարման կետում։ Այս պարագայում մենք պետք է կարողանանք գրագետ դիվանագիտություն անենք՝ ռեալ գնահատելով մեր դիվանագիտական ռեսուրսը։