Մխիթար Զաքարյանի գործով ակնհայտ վերահսկողություն կա․ Սարգսյան

 Մխիթար Զաքարյանի գործով ակնհայտ վերահսկողություն կա․ Սարգսյան

Ուզում եմ տեղեկացնել, որ Մեղրիի համայնքապետ Մխիթար Զաքարյանի վերաբերյալ վերաքննիչում  բողոքի քննությունը  սկսելուն պես ընմիջվեց մոտ 15 րոպե։ Այս մասին քիչ առաջ Վերաքննիչի բակում լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Երեմ Սարգսյանը։

«Նախ դատարանը հարցրեց, թե մենք արդյոք ինքնաբացարկի միջնորդություն ունենք, թե ոչ։ Իսկ մենք մինչև այդ հարցի պատասխանը տալը դատարանից խնդրեցինք, որպեսզի ինքը պատասխանի այն հարցին , թե ինչու է հենց իրեն՝ դատավոր Բարսեղյանին, այս գործը մակագրվել ու ինչ կարգով։ Հարցրինք նաև, թե արդյոք օրենքով սահմանված կարգը ըստ իրեն պահպանվել է , թե ոչ։ Ես ուզում եմ հստակ արձանագրել, որ դատարանը ոչինչ չգիտեր, ինքը գիտի , որ ձեռքով է սա մակագրված, իսկ ես իրեն հարցնում եմ, ասում՝ արդյոք սա օրենքով է, ինքը ասում ՝ այո, օրենքով սահմանված կարգը համակարգիչն է, բայց ես մամուլից եմ տեղեկացել, որ համակարգիչները չկան և այլն»,- ասաց Սարգսյանը։

«Նախ դատարանը առաջինը պետք է ճշտի, թե արդյոք կարգը պահպանված է, թե ոչ։ Եթե այդ կարգը պահպանված չէ, ուրեմն չկա օրենքի հիման վրա ստեղծված դատարան։ Դատարանը ինչ-որ մակագրություն ցույց տվեց թղթի վրա, որտեղ իր ազգանվան դիմաց նշում էր կատարված, խնդրեցինք պարզաբանել, թե դատարանի նախագահը որ լիազորությամբ է նման որոշում կայացրել, դա էլ նույնիսկ չմեկնաբանվեց որևէ կերպ։ Մի խոսքով, դատարանի պատճառաբանությունը այն է, թե՝ դե որ դատարանի նախագահը մակագրել է , ուրեմն օրենքով սահմանված կարգով է։ Հիմա այս պահին մենք դատավորից խնդրել ենք, որ ընդմիջում վերցնի, որի ընթացքում փորձի դատարանի նախագահից պարզել, թե արդյոք այդ համակարգիչները առգրավվել են, թե ոչ։ Եթե առգրավված են, ապա որ նորմով է դատարանի նախագահը ինքնուրույն մակագրություն իրականացնելու որոշում կայացրել։ Դատավորը կգա, այս հարցերի պատասխանները թող տա, մնացած մյուս հարցերին մենք նոր կանդրադառնանք։ Մենք այս ամենը խորը կասկածի տակ ենք դնում, որովհետև մամուլում շրջանառվող տեղեկությունները վկայում են , որ հատուկ են առգրավվել այս համակարգիչները, որպեսզի իբր ստեծվի անհնարինություն համակարգչով մակագրության ու իրենք իրենց ցանկալի դատավորներին մակագրեն այն բողոքները, որոնք իրենք ցանկանում են հսկողության տակ պահել, այսինքն՝ այդ բողոքները բավարարվեն կամ էլ մերժվեն։ Մենք վստահ ենք, որ սա հենց այդ դեպքն է, որովհետև գործի ողջ ընթացքն էլ ցույց է տալիս, որ Մխիթար Զաքարյանը վերաբերյալ գործում ակնհայտ վերահսկողություն է առկա»,- պնդեց Երեմ Սարգսյանը։