Ադրբեջանի «նախադեպը» օվերտոնի պատուհան բացեց

Ադրբեջանի «նախադեպը» օվերտոնի պատուհան բացեց

Ադրբեջանական ագրեսիան Արցախի հանդեպ, Արցախի հայաթափումն ու վերջինիս հանդեպ ադրբեջանական վերահսկողության հաստատումը, որը նաեւ մեծ հաշվով միջազգային հանրության կողմից չդատապարտվեց, որքան էլ Իլհամ Ալիեւը համարի «տարածքային ամբողջականության վերականգնման եզակի օրինակ», իրականում դրանով բացվեց օվերտոնի պատուհան կամ «պանդորայի արկղիկ», որը ծանր հետեւանքներ է ունենալու աշխարհաքաղաքական վերադասավորումների առումով։

Աշխարհում քիչ չեն հակամարտությունները, որոնց հիմքում տարածքային ամբողջականության եւ ազգերի ինքնորոշման ու իրավահավասարության հիմնարար սկզբունքները գտնվում են կոնֆրոնտացիայի մեջ։ Ու քանի որ աշխարհի «մեծերի» լուռ քավորությամբ եւ թողտվությամբ Ադրբեջանին թույլատրվեց ուժով հարցեր լուծել, ապա այն կարող է դառնալ «վարակիչ» մյուսների համար։

Օրինակ՝ Բալկաններում իրավիճակի լարում է արձանագրվել, խոսվում է այն մասին, որ Սերբիան մտադիր է վերադարձնել Կոսովոն՝ ուժով։ Նույնիսկ մեր հարեւան Վրաստանն է խոսում Աբխազիան եւ Հարավային Օսեթիան վերադարձնելու ուժային եղանակի մասին։ Ժամանակակից վերադասավորվող աշխարհում, երբ իրավունքն ու կարգն այլեւս սկսել են չգործել ու իրենց տեղը զիջել «ջունգլիների օրենքին», ռազմական եղանակով հարցեր լուծելուն, Ադրբեջանի կողմից նման «օվերտոնի պատուհան» բացելը, լուրջ խնդիրներ կարող է հարուցել տարբեր ռեգիոններում, արդյունքում աշխարհը դարձնելով ավելի անապահով եւ պատերազմող։ Միջազգային հանրությունն անգամ չգիտակցեց, թե ինչ մեծ սխալ թույլ տվեց՝ Ադրբեջանին քարտ բլանշ տալով, որ Արցախի հարցն այսպես բարբարոսաբար լուծի։