Թուրքին քողարկված իրենք են բերել ու ներկայացրել որպես եվրոպացի լրագրողի

Թուրքին քողարկված իրենք են բերել ու ներկայացրել որպես եվրոպացի լրագրողի

Մինչ օգոստոսի 25-ին Արցախում  հայկական կողմը լուռումունջ կատարում է Ադրբեջանի ևս մեկ պահանջ․ այն է՝ Քաշաթաղի շրջանի Բերձոր քաղաքի, Աղավնոյի և Սուսի բնակիչների տարհանումy, ադրբեջանական կողմը ռուս խաղաղապահների հետ միասին անակնկալ մատուցեց բոլորին՝ ևս մեկ անգամ փաստելով, որ Ադրբեջանը երբ, ոնց ուզի, այնպես էլ կանի ու կշարժվի Արցախում։

Ընդամենը երկու օր առաջ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ հայկական տարածք՝  Լաչինում և Աղավնոյում են եղել Ալիևի ընտանիքին պատկանող Haqqin.az կայքի խմբագիր-լրագրողն ու օպերատորը։

Թեմայի վերաբերյալ զրուցել ենք ռեժիսոր Արշակ Զաքարյանի հետ, ով այդ պահին եղել է Աղավնոյում և խոսել է ադրբեջանցի լրագրողի հետ։

- Պարոն Զաքարյան, ադրբեջանական Haqqin.az-ի տեսանյութում երևում է մի հատված, որտեղ դուք և Աղավնոյի գյուղապետը փաստերով Արցախի հայկականության մասին եք խոսում։ Ի՞նչ էր հարցնում ադրբեջանցի լրագրողը, և ինչ առաքելությամբ էր  եկել Աղավնո։

- Մենք չենք իմացել, թե ինչ լրագրող է։ Իրան ներկայացրել են որպես Երևանից եկած եվրոպացի լրագրող։ Մեզ հարցրեց՝ 90-ականներից հետո, որ հայերը եկան այս տարածքները, մենք էլ «բերանին» եկանք, որ 90-ականներից չի սկսվում հայկական պատմությունն այստեղ, այլ 4-րդ դարից` մինիմում, որովհետև 4-րդ դարի ապացույցները ֆիզիկական կան՝ եկեղեցին է հայկական կառուցված։

- Ո՞վ էր նրան ներկայացրել, որ նա Երևանից է եկել, եւրոպացի է։

- Ռուսական խաղաղապահ զորքերի հրամանատարությունն էր իրան բերել` «ավտոմատչիկներով»։

- Արցախի պաշտպանության բանակում տեղյա՞կ  էինք։

-Ես չգիտեմ, թե ով է տեղյակ, ով չէ։ Համենայնդեպս պոստերում, որ անցնում են անձնագրի ստուգելու իրավունք ունեն հենց ռուսները, հայկական ստորաբաժանումներից էլ  ներկայացուցիչներ կան այնտեղ կանգնած, և նրանք։

- Այսինքն, հայկական կողմն էլ է տեղյակ  եղել։
 
- Չեմ կարող ասել, ես ոնց ասեմ` ստուգել են, չեն ստուգել։ Ռուսները կարող է կարողանում են անցկացնել առանց ստուգվելու։ Հիմա ռուսների հրամանատարության ավտոն, որ անցնում է, հո նրա մեջը հայերը չե՞ն ստուգում։ Ես ենթադրում եմ, որ չեն ստուգում։ Ռազմական մեքենա է, «ավտոմատչիկները» նստած, գնդապետը նստած, կարծում եք` հայ ոստիկանը  մոտիկանալու է, ասի՝ ցույց տվեք փաստաթղթե՞րը, չեմ կարծում, չնայած  ճիշտ կլիներ երևի, որ ստուգեին։

- Ինչքան ժամանակ է ադրբեջանցի լրագրողը մնացել Աղավնոյում։

- Երևի մի 10 -12 րոպե իրար գումարած, ոչ ավել։

- Տեսանյութում երևում է, որ ռուս խաղաղապահներն արագացնում են լրագրողին և որոշ հատվածներում էլ չեն թույլատրում նկարահանումներ անի։

- Ինքը տեսանյութը ամբողջությամբ չի տեղադրել, որովհետև, եթե տեսանյութը լրիվ տեղադրի պատասխանները իրանց ձեռ չի տալիս։ Թեկուզ չիմանալով, որ ինքը թուրք է, Անդրանիկն այնպիսի պատասխաններ է տալիս, որը կասվեր թուրքի երեսին։ Բայց քանի որ մենք մտածում էինք, որ ինքը եվրոպացի է, հենց եվրոպացիներին էինք ուզում լսացնեինք իրականությունը։ Եվ պարզ է չէ՞, թե ոնց ենք արտահայտվել թուրքերի մասին։

- Երբ եք իմացել, որ ադրբեջանցի է։

- Մենք դա իմացել ենք իրա գնալուց 4-5 ժամ հետո։ Երբ ես այնտեղից դուրս եկա` Գորիս էի գնում, Գորիսում  կապը, որ բռնեց, իմ ծանոթներից մեկը` Դանիայից, ինձ զանգեց ու ասեց, որ տեղյա՞կ ես` այսինչ մարդն է եղել ձեր մոտ։ Գորիսի Սառնաղբյուրի մոտ էի հասել, երբ իմացա։ Իսկ Աղավնոյում դրանից էլ ուշ են իմացել։

- Ի՞նչ եք կարծում, ինչ կլիներ, եթե որևէ մեկը Արցախում իմանար դրա մասին։

- Ես կարծում եմ, որ եթե մեկնումեկը ճանաչեր, ու քանի որ ընդհանուր շատ մարդ կար այնտեղ, հո մենակ մենք չէինք, դժվար, թե ինքը այնտեղից դուրս գար։ Որովհետև այնտեղ մարդիկ առանց էդ էլ լարված, ջղայնացած, կոպիտ ասեմ` կատաղած վիճակում են, ուր էր մնում, որ թույլ տային, որ ինքը այնտեղից դուրս գար։ Ոչ ոք էլ չի ճանաչել, թող ոչ ոք «ֆինտուֆլուշկա» չանի, թե իմացել են, սենց, նենց։

- Արցախյան կողմի արձագանքը կարծես ուշացավ։

- Արցախի անվտանգության խորհրդի նախագահ Վիտալի Բալասանյանն է արձագանքել` որ ռուսական կողմին դիմել են, որ ոչ մի լրագրող այլևս առանց Արցախի իշխանությունների հետ համաձայնեցնելու չմտնի Արցախի տարածք։ Այնտեղ նշվում է նաև, որ Արցախի իշխանությունները տեղյակ չեն եղել։ Իսկ որպես՝ Արշակ Զաքարյան, ես չգիտեմ, թե ովքեր են տեղյակ եղել։ Եթե ռուսներն ինքնագլուխ են արել, պետք է բոլորը պատժվեն՝ պայմանավորվածությունները  խախտելու համար, որովեհտև թուրքին քողարկված իրենք են բերել ու ներկայացրել որպես եվրոպացի լրագրողի։ Նույնիսկ իրա տեսանյութում ադրբեջանցի լրագրողը Բերձորում ռուսների մոտից գոռում է. «ես ռուս լրագրող եմ»։ Այսինքն, ռուս գնդապետը կողքը նստած, չի ասում, չէ՞, որ ինքը ռուս լրագրող չի, այսինքն, խաբեություն է դա և հիմա պետք  է պատժել բոլորին։ Պետք է դեռ պարզել ռուս խաղաղապահներն իրենք ինքնուրո՞ւյն են այս ամեն արել, թե՞ երկկողմ համաձայնությամբ։ Դա է պետք ճշտվի։ Եսիմ` կճշտվի՞ դա ներկա իշխանության օրոք, դժվար։