Համալսարանական թռուցիկ, որն այսօր պետք չէ

Համալսարանական թռուցիկ, որն այսօր պետք չէ

1964 թվական, պետհամալսարան: Ժուռնալիստիկայի բաժնի երկրորդ կուրսի ուսանողներ ենք: Հիմա լուսանկարելը խաղուպար է, էն ժամանակ, հատկապես պրոֆեսիոնալ, քչերին էր հասու (գլուխ գովեմ), որոնցից մեկը ես էի: Ֆոտոգործի մեր դասախոսը՝ լուսահոգի Բաբկեն Մնացականյանը (հանրահայտ երգիչ Նորայր Մնացականյանի եղբայրը), ով նաեւ համալսարանի կինոֆոտոլաբորատորիայի վարիչն էր, ֆոտոգործի պրակտիկան լրիվ ինձ էր վստահել ու մի կես հաստիքով էլ աշխատանքի էր ընդունել իր ղեկավարած լաբորատորիայում:

Ուղիղ 56 տարի առաջ, ապրիլյան այս օրերին, մեր կուրսի ավագը՝ Գեղամ Քյուրումյանը, ինձ մի կողմ է կանչում, ասում, որ էս թռուցիկը պիտի ինձ մոտ տպենք: 

Դա համալսարանական այն տարիներն էին, երբ թեւածում էր հայրենասիրական ոգին, դասախոս թե ուսանող, մի մեծ նպատակի էին միտված, որքան հնարավոր է՝ խոսել, հանրությանը տեղեկացնել 1915 թվականի ապրիլյան արհավիրքի՝ Մեծ եղեռնի մասին, որովհետեւ հաջորդ տարի լրանալու էր եղեռնի 50-ամյակը: Այս առիթով պիտի հիշատակել միջազգային ճանաչում ունեցող, մեծագույն գիտնական, ակադեմիկոս Արտաշես Շահինյանի կրակոտ ելույթները, որոնցից ամեն մեկը համախմբման ու միասնության ոգեւորիչ մի կոչ էր... Իսկ ուսանողներիս համար՝ ազգայինի ու պատմության վերաիմաստավորում: 

Լաբորատորիայում, որտեղ երեք-չորս հոգի էինք աշխատում, բոլորն էլ վստահելի մարդիկ էին, այդուհանդերձ, դե, սովետական երկիր է, ի՜նչ թռուցիկ, ի՜նչ բան... 

Ֆոտոպատճենահանումը, որը լաբորատորիայի իմ գործերից մեկն էր, արեցի ես։ Նույն օրը թռուցիկը պատճենահանեցի, իսկ ժապավենից ֆոտոթղթի վրա տպագրումը մեզ մոտ արդեն վտանգավոր էր՝ վտանգի կենթարկեի ե՛ւ ղեկավարին, ե՛ւ ընկերներիս։ Որոշեցինք անել համալսարանի թիվ 2 հանրակացարանում («Կինոնաիրիից» մի փոքր վերեւ), որտեղ բնակվում էինք ես ու Գեղամը:  Գիշերվա ժամը 1-ից հետո մեր հարկաբաժնի տղաների զուգարանի դուռը ներսից փակեցինք, նախամուտքը հարմար լվացարաններ ուներ թե՛ լուսանկարների հայտածման, թե՛ դեղանյութերի լվացման համար, որոնք վաղօրոք էինք բերել, ու կարմիր լույսի տակ սկսեցինք տպել:
Այսօրվա պես եմ հիշում՝ երկու տուփ բրոմպորտրետ եւ մեկ տուփ ֆոտոբրոմ  լուսանկարչական թուղթ էի գնել, ամեն մեկի մեջ՝ 20 օրինակ: Մեկ-երկու ժամվա ընթացքում տպեցինք, ներսի փականը բացեցինք ու «փոփոլացած» դուրս եկանք:

Առաջին թռուցիկը մեր առաջին մկրտությունն էր։ 
Եվ գիտե՞ք ինչ էր թռուցիկի ասելիքը: 
Վերնագիրն այսպես էր․ «Կոչ հայ ժողովրդին»։
Իսկ բովանդակությունը՝ որ հայ ժողովուրդը հենց ինքը պիտի ճանաչի եղեռնը: Այդ տարիներին շատերը «եղեռն» բառը շփոթում էին «եղեւնի»-ի հետ: Կրկնեմ․ դա 1964 թվականն էր՝ եղեռնի 50-ամյակից մեկ տարի առաջ:

Այս մասին չէի գրի, եթե Գեղամի հետ օրերս հեռախոսային խոսակցություն չունենայի: Այդքան տարի նրան չէի հարցրել, թե այդ տեքստն ով էր իրեն տվել, ու մի քանի օր առաջ կատակով հարցրի, թե արդեն գաղտնիության ժամկետը՝ 56 տարի, անցել է,  սակայն դու էդպես էլ չասիր, թե ով էր տեքստը տվել: Ծիծաղեց ու ասաց, որ հոգու կանչ էր։
Էն էլ ասեմ, որ էդ «հոգու կանչից» հետագայում այնքան էլ էժան չպրծա: Բայց դա բոլորովին այլ թեմա է...

Ցավոք, այդ թռուցիկից երկուսիս մոտ էլ պահպանված չէ: Եղեռնի թանգարանի համար ուզում էի կոչ անել, թե գուցե որեւէ մեկի մոտ պահպանված լինի՝ 9x12 չափի ֆոտոթղթի վրա է տպագրված: Սակայն երեկ մի հոդված կարդացի․ երբ Հունաստանում մեր ցեղասպանության  թանգարանի տնօրենին հարցնում են, թե ինչ է նշանակում «Հիշում եւ պահանջում եմ» կարգախոսը, ոչ ավել, ոչ պակաս, պատասխանում է, թե ինքը 100 տարի առաջվա իրադարձության մասնակիցը չէ: Ապշեցի... Ճիշտ է, թե սխալ, չգիտեմ, սակայն հասկացա, որ էդ թռուցիկն այսօր ոչ մեկին էլ պետք չէ:
Թե ինչու՝ հարցի պատասխանը շատ խորն է...

ՀԳ.  Հիմա ամեն անգամ, երբ որեւէ երկիր, քաղաք, խորհրդարան, նահանգ կամ սենատ ճանաչում է Հայոց ցեղասպանությունը, ակամա մտաբերում եմ Երեւանի պետական համալսարանի 60-ականների՝ թթվածնով հարուստ, ազատատենչ ոգին ու պայքարի նվիրվածությունը: Ուսանող, դասախոս, ռեկտոր, դեկան, գիտնական՝ բոլորը-բոլորը, ազգային արժեքները միասնական մի ամուր բռունցք արած, առաջ  էին շարժվում, որին ոչ մի պետական մեքենա, ոչ մի սովետական իշխանություն չէր կարող սասանել... Հռետորական հարց․ տեսնես այսօր ինչպես է...

Ռոբերտ ՄԱԹՈՍՅԱՆ