19 գիտնական պատմաբաններ պահանջում են կասեցնել դասագրքի կիրառումը

19 գիտնական պատմաբաններ պահանջում են կասեցնել դասագրքի կիրառումը

Պատմաբան Սմբատ Հովհաննիսյանի հեղինակած 7-րդ դասարանի Հայոց պատմության դասագրքի շուրջ աղմուկը դեռ չի մարում, իսկ քննադատությունների ալիքը գնալով ավելի լայն մասնագիտական շրջանակներ է ընդգրկում։ 
Նախօրեին «Բնօրրան պատմական հուշարձանների պահպանման հայկական ընկերություն» ՀԿ-ն դասագրքի հետ կապված՝ 19 գիտնական պատմաբանների կողմից կազմված երկար մասնագիտական եզրակացություն էր հրապարակել։

Մասնագիտական քննարկման ու քննության նյութ դարձնելով Հայոց պատմության 7-րդ դասարանի դասագիրքը՝ մասնագետները կարծում են, որ այն չի բավարարում հանրակրթական դպրոց ներմուծելու անհրաժեշտ պայմանները։ Ուստի, խնդրում են ԿԳՄՍ նախարարությանը՝ կասեցնել դասագրքի կիրառումը կրթական գործում․ «Դասագիրքը շրջանառել կրթական ոլորտում շտկումներով (հավելումների տեսքով)՝ համարում ենք անարդյունավետ, քանզի սովորողների կողմից թյուրըմբռնումները բացառելը հնարավոր չէ»: 

Տեխնիկական խնդիրների կողքին մասնագիտական խումբը մատնանշել է մի շարք բովանդակային խնդիրներ, ինչպես, օրինակ․ «Դասագրքի ստեղծման ընթացքում թույլ են տրվել ոչ ճիշտ հայեցակարգային ու համակարգային մոտեցումներ։ Դասագրքի տեքստում գերակայում են վարկածային մոտեցումները։ «Պատմություն» առարկայի դասավանդման ընթացքում պետք է բացառվեն չստուգված վարկածներն ու ենթադրությունները, բուն տեքստը պետք է հիմնված լինի անառարկելի փաստերի վրա։ Դասագրքի տեքստը չի անցել համապատասխան փորձագիտական ու մասնագիտական գրախոսության փուլերով, որի արդյունքում կբացառվեր սպրդած սխալների ու անճշտությունների զգալի մասը։ Դասագրքի տեքստում հանդիպում ենք անտեղի նեղ մասնագիտական ու ակադեմիական եզրույթների, որոնք զգալիորեն բարդացնում են աշակերտների մոտ նյութի մատուցումն ու ընկալումը՝ լրացուցիչ խնդիրներ ստեղծելով նաեւ ուսուցիչների համար»։  

Մասնագիտական եզրակացությանը միացել են ճանաչված գիտնականներ, որոնց թվում են ԳԱԱ Պատմության, Հնագիտության եւ Ազգագրության ինստիտուտների տնօրենները, ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի տնօրենի պաշտոնակատարը, ԵՊՀ եւ ՀՊՄՀ Հայոց պատմության ամբիոնի վարիչները, ԵՊՀ Հնագիտության եւ ազգագրության ամբիոնի վարիչը եւ մի շարք այլ գիտնականներ ու պատմաբաններ։  

Հիշեցնենք, որ օրեր առաջ ԿԳՄՍ փոխնախարար Արաքսյա Սվաջյանը, մեզ հետ զրույցում անդրադառնալով Հայոց պատմության դասագրքի շուրջ տեղի ունեցող խմորումներին ու քննադատության ալիքին, չէր բացառել, որ նոր ուսումնական տարվանից մի շարք դասագրքեր դուրս գան գործածությունից․ «Բնականաբար, մեզ մտահոգում է այդ գործընթացը, ավելի ճիշտ՝ այն խնդիրները, որոնք առկա են թե՛ Հայոց պատմության, թե՛ մյուս դասագրքերում։ Բայց քանի որ ժամկետները կարճ էին, կարծում եմ՝ իրենք մանրամասն խմբագրելու հնարավորություն չեն ունեցել, այսինքն՝ հաճախ սրանով են պայմանավորված դասագրքերում առկա խնդիրները։ Ինչ վերաբերում է Հայոց պատմությանն ու ընդհանրապես բոլոր դասագրքերին, ապա ուզում եմ նշել, որ սրանք փորձնական դասագրքեր են, եւ մենք ընթացքում հավաքագրված ինֆորմացիայի հիման վրա հասկանալու ենք, թե շարունակո՞ւմ է արդյոք այս դասագիրքը կիրառվել, թե՞ պետք է դուրս բերվի գործածությունից»։ 

Ի դեպ, ավելի վաղ էլ նախարար Ժաննա Անդրեասյանը հայտարարել էր, որ ուսուցիչները չեն կարող որոշել դասագրքերի ճակատագիրը, եւ Հայոց պատմության դասագրքի թեման փակ է իրենց համար: