«Հրապարակ». Երջանկությունս կվերագտնեմ, եթե մեր տղաների արյունով ներկված հողը վերադառնա մեզ

«Հրապարակ». Երջանկությունս կվերագտնեմ, եթե մեր տղաների արյունով ներկված հողը վերադառնա մեզ

Հարցազրույց 44-օրյա պատերազմի ժամանակ նահատակված կամավորական Արման Օհանջանյանի մոր՝ Ելիզավետա Բուդաղյանի հետ:

- Տիկին Ելիզավետա, երեկ Մատենադարանում՝ առաջին տիկնոջ նախաձեռնությամբ կայացած հավաքին, մասնակիցներն ասել են, որ հայ կինը երբեք երջանիկ չի եղել, հայ կինը դատապարտված է մշտապես երեխա դաստիարակել, ամուսնու գերդաստանի համար լավ հարս լինել, ուստի երբեք չի գտնում իր երջանկությունը, եւ ստացվում է՝ երջանիկ կարող են լինել միայն թեթեւսոլիկներն ու անառակները…. ո՞րն է երջանկության Ձեր բանաձեւը:

- Այդ հայտարարությունների հեղինակի անունն անգամ չեմ ուզում արտաբերել: Ես նրան ո՛չ կին, ո՛չ էլ մայր չեմ համարում: Այո, նա դժբախտ կին է, իր նմանը երբեք չի կարող երջանիկ լինել, որովհետեւ ունի նման ամուսին, նման ընտանիք….Բնականաբար, նման կինը չի կարող իմանալ՝ ինչ է երջանկությունը, եւ ինչ գին ունի այն: Իր իմացածն անառակությունն է, ճիշտ է ասում: Մենք՝ բոլորս, տեղյակ ենք, թե պատերազմի օրերին այդ կինն ինչ տեսակ անառակությամբ է զբաղվել: Ինչ վերաբերում է մեզ, ապա մենք իրոք երջանիկ էինք, երջանիկ էինք, որովհետեւ շրջապատված էինք մեր լիարժեք ընտանիքով, մեր զավակներով: Դրանից մեծ երջանկություն չկար: Հոգսեր բոլորն էլ ունեն, սակայն երջանկությունը հենց սիրո, այլ ոչ թե փողի մեջ է: Փողամոլ մարդը չի կարող երջանկություն գտնել, սակայն իմ պատկերացրած երջանկությունը սիրելու եւ սիրվելու մեջ է, կոնկրետ ես սիրել ու սիրվել եմ, մինչ օրս էլ սիրված եմ, սակայն եթե իմ զավակն ինձ հետ չէ, ես չեմ կարող երջանիկ լինել: Մեզնից ամեն ինչ խլել են:

- Հայ կինը մի՞թե դարեդար դժբախտ է եղել:

- Ի՞նչ է պատկերացնում այդ կինը երջանկություն ասելով: Հայ կնոջ համար երջանկությունն իր ընտանիքն է, երեխաներն են: Այն տունը, որտեղ ոչ մի զոհ չկա, երջանիկ տուն է, այն կինը, որ զավակ չի կորցրել, երջանիկ կին է, այն աղջիկը, որ սիրած տղա կամ ամուսին չի կորցրել, եւս շատ երջանիկ է: Ես այսքան ժամանակ չեմ հանդիպել մի կնոջ, որն ունենա զավակներ ու ասի` երջանիկ կին չեմ: Երջանկությունը կենդանական բնազդի վրա հիմնված չէ: Նա, ով միայն կենդանական բնազդների մասին է մտածում, երջանիկ լինել չի կարող: Իր պատկերացումները շատ ճիշտ են, սակայն միայն իր համար, իր տեսակի համար: Նա շատ սխալվում է, որ հայ կինը դարերով երջանիկ չի եղել: Թող պատմություն ուսումնասիրի ու տեսնի, թե հայ կինն ինչեր է արել, թեկուզ հենց հայրենիքի համար: Իր նմանին են անառակ ասում, այլ ոչ թե հայ կնոջը: Ես ամեն անգամ ապշում եմ այդ կնոջ ցնդաբանությունների վրա: Ամեն անգամ մտածում եմ, թե դա վերջին ցնդաբանությունն է, որ ես լսում եմ, որ դրանից այն կողմ հիմարություն լսել հնարավոր չէ, սակայն արի ու տես, որ նա ամեն անգամ կարողանում է զարմացնել մեզ:

- Ե՞րբ եւ ինչպե՞ս կինը կարող է երջանիկ լինել: Դժվար ժամանակներում ենք ապրում, կինը կարո՞ղ է մեր օրերում երջանիկ լինել:

- Կոնկրետ ես չեմ կարող երջանիկ լինել: Մասամբ կարող եմ երջանկությունս վերագտնել, եթե մեր տղաների արյունով ներկված հողը վերադառնա մեզ: Գոնե այդկերպ կիմանամ, թե ինչի համար է իմ որդին զոհվել: Թեպետ ես գիտեմ՝ ինչի համար է իմ որդին զոհվել…. Գոնե ինձ նման ծնողներն այդ ժամանակ կսգան միայն զավակի չլինելու համար: Հայրենիք ունենալը մեզ համար մեծ պատիվ է, սակայն, ցավոք, քչերն են գիտակցում, որ ամեն ինչ կորցնում ենք: Ես ուրախ եմ այն սեւազգեստ կանանց համար, որոնք գտել են կյանքը շարունակելու մոտիվացիան, սակայն 2020 թվականից այս կողմ ինձ համար կյանքն իմաստազրկվել է: Ես ապրելուս իմաստը կորցրել եմ: Ապրում եմ երկու բանի համար` որդուս հիշատակը վառ պահել եւ տեսնել սրանց վերջը: Կան որոշ մայրեր, որոնց անգամ մայր անվանել չեմ ուզում, որոնք իրենց որդիների արյունը ոտքի տակ տվեցին, սրբապիղծի թեւը մտնելով, չգիտես թե ինչի դիմաց ծախելով իրենց որդիների արյունը: