Ինչքա՞ն հավելավճար կստանան ՀՀ մարզային դպրոցներ գործուղված արցախցի ուսուցիչները

Ինչքա՞ն հավելավճար կստանան ՀՀ մարզային դպրոցներ գործուղված արցախցի ուսուցիչները

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն Ազգային ժողովում՝ կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ընթացքում, անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների՝ գործուղման կարգով ՀՀ մարզերի հանրակրթական ուսումնական հաստատություններում աշխատանքի անցնելու եւ հավելավճար ստանալու հարցին:

Նախարարը տեղեկացրել է՝ մարտի 31-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 330 ուսուցիչ գործուղվել է ՀՀ մարզերի դպրոցներ, սակայն հանրակրթության համակարգում, ընդհանուր առմամբ, ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 600 ուսուցիչ է աշխատում:

«ԼՂ-ից բռնի տեղահանված եւ ՀՀ մարզային դպրոցներ գործուղված բոլոր ուսուցիչները պետք է ստանան 30% հավելավճար, իսկ Սյունիքի, Վայոց Ձորի, Գեղարքունիքի եւ Տավուշի մարզերի որոշ բնակավայրերում աշխատանքի անցած ուսուցիչների համար նաեւ ամսական 50 հազար դրամ լրավճար է նախատեսված»,- ասել է նախարար Անդրեասյանն ու հավելել՝ եթե կան դեպքեր, երբ գումարները չեն տրվել, ուսուցիչները կարող են դիմել նախարարություն:

ԿԳՄՍ նախարարը նաեւ տեղեկացրել է՝ այժմ շրջանառվում է ՀՀ կառավարության որոշման նախագիծ, ըստ որի՝ ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների գործուղման ժամկետները կերկարաձգվեն, որպեսզի այն ուսուցիչները, ովքեր դեռեւս չեն դիմել գործուղման ծրագրին, հնարավորություն ունենան դիմելու: