Ինչպես է կազմակերպվելու ուսումնական պրոցեսը Գեղարքունիքի, Վայոց Ձորի եւ Սյունիքի դպրոցներում

Ինչպես է կազմակերպվելու ուսումնական պրոցեսը Գեղարքունիքի, Վայոց Ձորի եւ Սյունիքի դպրոցներում

Սեպտեմբերի 13-ի կեսգիշերից Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության դեմ ձեռնարկված ռազմական ագրեսիայի հետեւանքով ՀՀ Գեղարքունիքի, Վայոց Ձորի եւ Սյունիքի մարզերի մի շարք բնակավայրերում խաթարվեց ուսումնական հաստատությունների սովորողների կրթության իրավունքը: Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ ԿԳՄՍ նախարարությունը Գեղարքունիքի, Վայոց Ձորի եւ Սյունիքի մարզի այդ բնակավայրերի հանրակրթական ուսումնական հաստատություններին տրամադրեց արձակուրդ՝ հետագայում բաց թողնված դասաժամերը լրացնելու պայմանով: Կրթության գործընթացը ժամանակավորապես դադարեցվել էր նաեւ նախադպրոցական ուսումնական հաստատություններում:

ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանի դիտարկմամբ՝ խոսքը շուրջ 25 հազար դպրոցահասակ երեխաների եւ ավելի քան 6 հազար նախադպրոցական տարիքի երեխաների կրթության ընդհատման մասին է։ 

«Նախորդ շաբաթը բոլոր այս մարզերի ուսումնական հաստատությունները չեն գործել՝ հետագայում բաց թողնվածը լրացնելու պայմանով։ Մենք հետեւել ենք ընթացքին եւ կապի մեջ ենք եղել մեր գործընկերների հետ եւ այսօրվանից արդեն դպրոցները կվերականգնեն իրենց աշխատանքը, մենք կունենանք տարբեր իրավիճակ, այն դպրոցներում, որտեղ հնարավորություն կա անվտանգության ապահովման տեսանկյունից, ուսուցումը կկազմակերպվի առկա եղանակով։ Մյուս բնակավայրերում տեղում իրավիճակը հասկանալուց եւ մի շարք հանգամանքներ հաշվի առնելուց հետո դեռեւս առկա ուսուցման վերադառնալ հնարավոր չէ, գործընթացը կկազմակերպվի հեռավար։ Մեր ունեցած տեղեկություններով Գեղարքունիքի մարզում հեռավար ուսուցմամբ ուսումնական պրոցեսը կսկսի՝ 12 դպրոց, դրանք հիմնականում Վարդենիսի տարածաշրջանի դպրոցներ են։ Վայոց ձորում՝ 3 դպրոցներ են, որոնք հեռավար կգործեն, մյուսների մասով հնարավորություն կա առկա ուսուցումը վերականգնելու, իսկ Սյունիքի մարզում միայն 5 դպրոցում առկա ուսուցումը կվերականգնվի՝ հիմանականում Քաջարանում եւ մեկ դպրոց էլ Կապանում, մնացածը կգործեն՝ հեռավար։ Բայց մենք պետք է նաենք, թե ինչպես է իրավիճակը զարգանում այս օրերին եւ ամեն օրվա դրությամբ կկայացնենք որոշումները կապված երեխաների ամենօրյա կրթության հետ»։ 

Ըստ ԿԳՄՍ փոխնախարարի, Գեղարքունիքի մարզում 2 դպրոցական շենք է վնասվել, խոսքը՝ Սոթքի եւ Այրքի դպրոցների մասին է։ Պատճառված վնասի չափը դեռ ճշտվում է։