Ինչպես և ինչու Գևորգ Գրիգորյանը հայտնվեց «Հայրենիք» հիմնադրամում

Ինչպես և ինչու Գևորգ Գրիգորյանը հայտնվեց  «Հայրենիք» հիմնադրամում

- Պարոն Գրիգորյան, ընդգրկվել եք «Հայրենիք» զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդում, ենթադրում եմ, որ առողջապահության ոլորտն եք սպասարկելու․ որո՞նք են լինելու Ձեր անելիքները։ 

- «Հայրենիք» զարգացման հիմնադրամի գործունեությունը չի նախատեսում այս կամ այն ոլորտների սպասարկում, ինչպես նաև չի նախատեսում բարեգործություն և ուղղված է մեր երկրում գործունեություն ծավալող քաղաքացիական հասարակության կազմակերպությունների զարգացմանը, անկախ նրանից՝ դա առողջապահական հասարակական կազմակերպություն է, թե՝ մշակութային: Հիմնադրամը նպատակ ունի աջակցել կարող ուժերի կողմից ներկայացվող նորարարական գաղափարների և նախագծերի իրականացմանը, որոնք ուղղված կլինեն Հայաստանի Հանրապետության առջև ծառացած խնդիրների լուծմանը: Կարծում եմ, որ հիմնադրամի անվանումը լիովին արտացոլում է մեր գործունեության ուղղվածությունը և փաստում է, որ բոլոր ֆինանսավորվող և իրականացվող ծրագրերն ուղղված են լինելու մեր երկրում տարբեր ոլորտների արդիականացմանը և զարգացմանը: Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմում իմ անելիքների ծավալը կախված է տարբեր գործոններից, սակայն կարող եմ փաստել, որ այս փուլում ես նախատեսում եմ իմ կարողություններն օգտագործել և աջակցել ոլորտային հասարակական կազմակերպությունների ակտիվ գործունեությանը:

- Ինչպե՞ս ստացվեց, որ հայտնվեցիք հիմնադրամում, Ձեզ հրավիրեցի՞ն, թե՞ Դուք մինչ այդ ճանաչում էիք Արթուր Վանեցյանին։

- Միշտ գիտակցել եմ, որ մեր երկրի զարգացման ուղու անբաժանելի մաս է կազմում իրավագիտակից և ակտիվ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչը, ով իր գործունեությունը կիրականացնի ի նպաստ Հայաստանի Հանրապետության շահերի, և հենց այս գաղափարը հիմք հանդիսացավ, որպեսզի ես իմ գիտելիքը և փորձը կիրառեմ հայրենասեր քաղաքացիական հասարակության զարգացման գործում:

Տարիներ շարունակ Հայաստանում ակտիվ գործունեություն են ծավալել արտասահմանյան տարբեր հիմնադրամներ, որոնց կողմից իրականացվող և ֆինանսավորվող որոշ ծրագրերը պարբերաբար առաջացրել են տարաձայնություններ հասարակության շրջանում, քանի որ հիմնված են եղել ոչ թե մեզ հարազատ արժեհամակարգի և Հայաստանի Հանրապետության շահերից բխող օրակարգի, այլ արտասահմանյան արժեհամակարգի և արտասահմանյան շահերից բխող օրակարգերի վրա: Այս փաստը միշտ եղել է իմ ուշադրության կենտրոնում, և միշտ ափսոսացել եմ, որ Հայաստանում չկա այնպիսի հիմնադրամ, որը կմիավորի մեր երկրի քաղաքացիական հասարակական կազմակերպությունների կարողությունները հանուն մեր՝ Հայաստանի շահերի և օրակարգի։ Ուստի, ստանալով նման առաջարկություն անձամբ պարոն Վանեցյանից և ծանոթանալով հիմնադրամի նպատակներին և տեսլականին, համաձայնել եմ իմ գիտելիքը և փորձը կիրառել հայրենասեր քաղաքացիական հասարակության զարգացման գործում:

- Լինելո՞ւ է առողջապահական այընտրանքային ծրագիր, առողջապահականը՝ Ձեր մասով։ 

- Իմ կողմից մշակված Հայաստանի առողջապահության զարգացման ռազմավարական ծրագիրն «այլընտրանքային» կոչելու համար մենք պետք է հասկանանք, թե այն որ ծրագրի այլընտրանքն է: Արդյո՞ք կա գործող և իրատեսական որևէ ծրագիր: Առողջապահության «գործող ծրագրի» արդյունքներն ու արգասիքները մենք այսօր տեսնում ենք ամենուր, և հենց այդ «գործող ծրագրի» արդյունքում Հայաստանի Հանրապետությունը հայտնվել է տնտեսական կոլապսի եզրին, ուստի չեմ կարծում, որ «այլընտրանքային» եզրույթն այս դեպքում կիրառելի է: Կարծում եմ, որ մենք դեռ կունենանք առողջապահական ծրագրի մասին զրուցելու բազմաթիվ հնարավորություններ, ուստի դեռևս չեմ բացի որոշ փակագծեր:

- Կորոնավիրուսը խանգարեց հիմնադրամի՝ կուսակցություն դառնալու ծրագրերը։ Հնարավո՞ր է արտակարգ դրության ավարտից հետո համագումարը հրավիրվի։

- Կազմակերպաիրավական ձևի առումով հիմնադրամը ստեղծվել է և մնալու է հիմնադրամ:

- Լինելո՞ւ է ընդդիմադիր կուսակցություն, նախատեսո՞ւմ եք այլ ընդդիմությունների հետ համագործակցություն, ո՞ր ուժերի հետ եք բացառում

- Քաղաքականությանն առնչվող հարցերով կխնդրեմ դիմել պարոն Վանեցյանի մամլո խոսնակին: