Ով է ասում` 21-րդ դարում չի կարող նման բան լինել, ես հիշեցնեմ Թուրքիայի գործողությունները Սիրիայում, Կիպրոսում 

Ով է ասում` 21-րդ դարում չի կարող նման բան լինել, ես հիշեցնեմ Թուրքիայի գործողությունները Սիրիայում, Կիպրոսում 

Իշխանությունների կողմից հրապարակված «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի շուրջ զրուցել ենք պ․գ․թ․, թուրքագետ Վարուժան Գեղամյանի հետ։

- Իշխանությունների կողմից առաջ է քաշվել «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը, ինչն իրենից ենթադրում է տարածաշրջանում կոմունիկացիաների ապաշրջափակում, որ Թուրքիան և Ադրբեջանը հնարավորություն ունենան ազատ ելումուտ անել Հայաստանի տարածքով։ Եւ սա քաղաքացիներին ներկայացնում են որպես տնտեսական հաջողությունների հասնելու հնարավորություն։ Դուք, որպես թուրքագետ, ինչպե՞ս եք վերաբերվում այս ծրագրին։

- Սկսենք այն պարզ իրողությունից, որ մեզ համար մինչ այս պահը հայտնի չէ «Խաղաղության խաչմերուկի» բովանդակությունը։ Եթե այն դիտարկենք որպես պետական ծրագիր, հայեցակարգ, մենք չենք տեսնում հայեցակարգին բնորոշ փաստաթուղթ, այն մնում է որպես՝ գեղեցիկ, գեղարվեստական անուն։ Մենք միայն տեսել ենք մի քանի հայտարարություններ և մեկ տեսանյութ, այդ տեսանյութին ուղեկցող կարճ գրություն, որը նույն բովանդակությունն է կրում, ինչը լսում ենք հայտարարություններում։ Հետևաբար, կարելի է ասել, որ այն ինչ որ լրագրային նյութ է, բայց ոչ պետական ծրագիր, պետական հայեցակարգ, ինչը դժվարացնում է վերլուծել այդ ծրագիրը, քանի որ մենք չենք տեսնում հաշվարկներ, վերլուծություններ, փաստարկներ՝ ինչը պետք է բնորոշ լիներ պետական ծրագրի հայեցակարգին։ Ամենակարևորը, որ մենք արձանագրում ենք՝ այս ծրագիրն ավելի շատ քաղաքական փիառ է, բայց չկա նույնիսկ հանրային քննարկում, լուրջ մասնագիտական վերլուծություններ, առավել ևս, այս ծրագրի շուրջ չկա աշխարհաքաղաքական հետաքրքրություն։ Արդեն բավական երկար ժամանակ է, ինչ այս ծրագիրը հրապարակել են, և մենք տեսնում ենք, որ հավանական շահագրգիռ , ըստ էության, ոչ մի լուրջ արձագանքի չեն արժանացրել։ Սա` առաջին մասը։ 

Երկրորդ մասը․ եթե խոսենք այդ գաղափարի հնարավոր իրականացման մասին, հետևանքների մասին․ նախ` գաղափարը իմաստազուրկ է, գեղեցիկ ձևակերպում է պարզապես։ Բայց, եթե մի պահ ընդունենք, որ Հայաստանը դառնում է յուրահատուկ կոմունիկացիոն հաղորդակցման վերածելու գաղափար, ապա, այստեղ կրկին մի շարք հարցեր են առաջանում․ առաջինը՝ մեծ հարցը` ի՞նչ է շահում Հայաստանը, եթե միայն վերցնենք տնտեսական բաղադրիչը, ի՞նչ է շահում տնտեսությունը, օրինակ՝ բոլոր սահմանների համաչափ բացում, այստեղ ևս հիմքում չկա ոչ մի հաշվարկ, կա պարզապես պնդում, որ ասում են՝ բաց սահմանները լավ են, քան փակ սահմանները։ Բայց կան դեպքեր, որ փակ սահմաններն ավելի լավ են, քան բաց սահմանները։ Երկրներ կան, որ ընդհանրապես պատ են կառուցում սահմանին, որպեսզի խուսափեն պայմանական ինչ որ մարդկանց խմբերի հոսքերից դեպի իրենց երկիր։ Եթե գաղափարը Հայաստանի և Թուրքիայի սահմանների բացման տնտեսական զարգացումն է, ապա այստեղ ևս գիտականորեն հիմնավորված հաշվարկ չկա։ Կան մի քանի մանր հաշվարկներ, որտեղ ցույց են տալիս, որ այդ ծրագիրը Հայաստանի տնտեսական առկա մակարդակը բարձրացնելու է 1%-ով, այսինքն, մեր տնտեսության վրա էական նշանակություն չունի այս ծրագիրը՝ կյանքի կոչելու դեպքում, և վերջապես, պետք է հասկանալ՝ Թուրքիան չի հետապնդում Հայաստանի հետ այնպիսի հարաբերություններ ունենալ, որը իրենից կենթադրի, որ Հայաստանի տնտեսությունը կզարգանա, այլ ընդհակառակը` Թուրքիայի նպատակը միշտ լինելու է տարածաշրջանում հայկական քաղաքակրթության չեզոքացումը, և եթե լինեն բաց սահմաններ Թուրքիան օգտվելու է այդ հանգամանքից, իր հակահայկական քաղաքականությունը կյանքի կոչելու համար։ Օրինակ, Հայաստան կհոսի թուրքական կապիտալը և հայկական տնտեսությունը կոչնչացնի։ Եթե ամփոփենք, կարելի է ասել հետևյալը, որ գաղափարը ընդամենը ինչ որ լրագրային ձևակերպումն է՝ չկա ծրագիր և ծրագրի բացակայության պարագայում ավտոմատ չկա հաշվարկ, որը կարող էր ցույց տալ, որ կարող էր լինել լավ: Իհարկե, հաշվարկների պարագայում ևս ցույց կտար, որ չի կարող լինել լավ։ Վերջապես, մեծ դինամիկայի մեջ` սա Հայաստանի դեֆակտո իշխանությունների կողմից հերթական բարձրագոչ հայտարարությունն է, որը ինչպես ասեցի՝ հիմնազուրկ է, քիչ չեն նման բովանդակության հայտարարությունները, օրինակ՝ 2050-ը, ժողովրդավարության բաստիոնը, զորքերի հայելային հետ քաշումը, և եթե հիշում եք` նախկինում ոչ թե խաղաղության խաչմերուկ էր, այլ հայկական խաչմերուկ։

- Մի շարք մասնագետներ «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի հետ կապված բազմաթիվ խնդիրներ են նշում՝ անվտանգային, օրինակ, երբ թուրքական և ադրբեջանական մեքենաներն իրավունք ունենան ազատ մուտք գործել Հայաստանի տարածք, կարող են այդ երկրների քաղաքացիներին այստեղ լավ չվերաբերվել, որը կարող է արտահայտվել նաեւ բռնություններով, ասենք, որդեկորույս հայերի կողմից, և այդ առիթներից կարող են օգտվել Թուրքիան և Ադրբեջանը` ընդհուպ մինչև ռազմական գործողություններ նախաձեռնել, հիմնավորելով, որ իրենք պաշտպանել են իրենք քաղաքացու իրավունքները։ Դուք տեսնո՞ւմ եք նման իրադաձությունների զարգացում։ 

- Բնականաբար, ես ևս կիսում եմ այդ մտավախությունները, Հայաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի միջև սահմանների բացում լինի՝ ինչն իմ համար խիստ կասկածելի է, որ կլինի: Եթե նույնիսկ լինի էլ, ապա այն բերելու է տնտեսական, քաղաքական, ռազմական, անձնային խնդիրներ, և առանց պատշաճ պատրաստվելու, լինելու է հերթական հանցագործությունը ՀՀ-ի դեմ։ Բավական է նայել այն քաղաքականությունը, որը վարում է Թուրքիան Սիրիայում, Իրաքում, շատ դեպքերում այդ երկրների տարածքում նմանատիպ դեպքերը առիթ է օգտագործում, և թուրքական զորքերը նոր տարածքներ են նվաճում այդ երկրներից։ Հետևաբար կա այդ մտավախությունը և կարող ենք մոդելավորել, ինչը գիտնականների առաջնահերթ խնդիրներից մեկն է՝ մոդելավորել հնարավոր զարգացման սցենարները, և այս դեպքում սցենարներից մեկը կարող է լինել Կապանում, որտեղ ադրբեջանական զորքերի հեռավորությունը երկու կողմերից 600 մետր է: Ինչ որ առավոտյան մենք լրահոսից կտեղեկանանք, որ ադրբեջանցիների նկատմամբ բռնություն է կիրառվել, և Ադրբեջանը դիմել է ռազմական գործողությունների և ասել է, որ իմ քաղաքացիների անվտանգությանը վտանգ էր սպառնում` անհրաժեշտ ենք համարել ռազմական միջամտությամբ պաշտպանել նրանց։ Եթե կա կասկած, որ 21-րդ դարում չի կարող նման բան լինել, ես կարող եմ հիշեցնել Թուրքիայի կողմից Սիրիայում, Կիպրոսում իրականացրած նմանատիպ գործողությունները։ Հետևաբար, սահմանի բացումը ոչ միայն տնտեսական զարգացում չի խոստանում, այլ նաև հղի է այլ, բազմաթիվ վտանգներով, որը կարող է լինել, թե մեր պետականության համար սպառնալիք, թե պետական ինստիտուտներին, թե շարքային քաղաքացիներին։