Ադրբեջանը երբեք ու երբեք չհրաժարվեց իր պահանջից․ մենք նույնպես մեր պահանջը մշտապես պիտի ունենանք

Ադրբեջանը երբեք ու երբեք չհրաժարվեց իր պահանջից․ մենք նույնպես մեր պահանջը մշտապես պիտի ունենանք

Նախ պետք է հասկանալ, թե պետության արտաքին քաղաքականությունը առհասարակ որտեղից է սկզիբ առնում։ Իրականում պետության արտաքին քաղաքականությունը սկիզբ է առնում հանրության ներսից եկող իմպուլսներից։ Այսինքն՝ թե պետությունը արտաքին քաղաքական ինչ վարքագիծ կունենա, դրա սկզբնաղբյուրը հանդիսանում է հենց հանրությունը։ Եթե հանրությունը իմպուլս է տալիս պետական մարմիններին, որ իմ ուզածը, ինձ շահավետը իրականացրու, պետական մեքենան սկսում է դա անել՝ իհարկե հաշվի առնելով տարածաշրջանային իրողությունները։ Այս մասին քիչ առաջ Ազգային ժողովի շենքի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց հասարակական գործիչ, դասախոս Մենուա Սողոմոնյանը։ «Հայաքվե»-ն, հիշեցնենք, ԱԺ է մուտքագրում Արցախի վերաբերյալ օրինագիծը:

«Հիմա եթե մենք վերցնենք այդ խայծը ու ասենք, թե Արցախն արդեն հայաթափվել է, իմաստ չունի նրա իրավունքների համար պայքարել, հանրության համար արդեն իմ նշած այդ պահանջն ու իմպուլսը չեն լինի, հետևապես մեր այսօրվա այստեղի այս քայլով մենք ցանկանում ենք առնվազն մշտապես վառ պահել հանրային պահանջը Արցախի հարցի հետ կապված։ Ադրբեջանցիները երբեք ու երբեք իրենց պահանջից չհրաժարվեցին, չասացին՝ քանի որ այս կամ այն տարածքը ադրբեջանցիներից դատարկված է, ուրեմն մենք էլ չենք անդրադառնում այդ հարցին։ Պահանջը նրանք պահեցին, ի վերջո նրանք կարողացան դա գեներացնել՝ աշխարհաքաղաքական տարբեր իրավիճակներ գնահատելով ու հաշվի առնելով նաև Հայաստանում իրենց համար ստեղվծած բարենպաստ քաղաքական միջավայրը։ Մենք Արցախի պահանջից հրաժարվելու իրավունք չունենք,- հավելեց նա։