Այո, համարում եմ, որ Սարգսյանն ու Քոչարյանն առանց դատավճռի պետք է հայտնվեն բանտում

Այո, համարում եմ, որ Սարգսյանն ու Քոչարյանն առանց դատավճռի պետք է հայտնվեն բանտում

Մի շարք հասարակական կազմակերպություններ հայտարարություն են տարածել՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման հրամայականի մասին։ Նշել են, որ «պնդումը, թե լայն շերտերի շրջանում չկա արտահերթ ընտրությունների պահանջ, նույնքան մանիպուլյատիվ է, որքան խորհրդարանական եւ արտախորհրդարանական ընդդիմության պնդումը, թե գործող կառավարության կողմից կազմակերպված ընտրությունները անպայմանորեն լինելու են իրենց օգտին կեղծված»։

Հայտարարությունը ստորագրել է 10 ՀԿ, այդ թվում՝ «Թրանսփարենսի ինտերնեյնլ», Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ, «Իրազեկ քաղաքացիների միավորում», «Փինկ» ՀԿ եւ Սոնա Մանուսյան անունով մի հոգեբան։ Ուշագրավ է, որ ստորագրողների ցանկում չկա վերջին 2.5 տարում ՀՀ պետական կառավարման մեջ մեծ դերակատարում ստանձնած Բաց հասարակության կամ, որ առավել հայտնի է՝ Սորոսի հիմնադրամը։ Մեր ջանքերը՝ հիմնադրամից ստանալ մի քանի հարցի պատասխան, մատնվեցին անհաջողության՝ գրավոր հարց պահանջեցին, որոնց հայտնի չէ, թե երբ կպատասխանեն։

«Թրանսփարենսի ինթերնեշնլ»-ի գործադիր տնօրեն Սոնա Այվազյանն ասաց, որ հայտարարությունը բաց է՝ կարող են միանալ այլ կազմակերպություններ եւս, եւ իրենց կայքում տեղադրված տարբերակում արդեն մի քանի ՀԿ-ի անուն ավելացել է։ Իսկ Բաց հասարակության հիմնադրամը միացե՞լ է, Այվազյանն ասաց․ «Էս պահի դրությամբ՝ չէ, կարծես թե»։ Ի դեպ, տարօրինակ է, որ զրույցի վերջում Այվազյանն ասաց․ «Ես Ձեզ ինտերվյու չեմ տվել, ես ընդամենը Ձեր հարցերին պատասխանեցի»։ Հետաքրքիր է՝ ո՞րն է հարցերին պատասխանելու, բայց հարցազրույց չտալու տարբերությունը։

Խոսեցինք նաեւ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանի հետ։ Հարցին՝ ինչպե՞ս են չափել հանրության տրամադրությունները արտահերթ ընտրությունների պահանջի առումով, Դանիելը որոշեց հետ գնալ ու հիշել «իր սիրելի» նախկիններին՝ մեղքը բարդելով նրանց վրա ու աննշան սխալներ գտնելով գործող իշխանությունների արարքներում։ «Նախ արձանագրենք, որ հանրության լայն շերտերի պահանջը բացահայտելու համար, իրականում, պետք է նորմալ, մարդավարի, անկախ կազմակերպության կողմից իրականացված սոցհարցում։ Առ այս պահը հրապարակային արդյունքներ չեն եղել, բայց ես գիտեմ, որ ինչ-որ կազմակերպություններ անում են, եւ սպասում եմ, որ հրապարակվեն իրենց զեկույցները։

Այդուհանդերձ, երեւի բոլորիս համար ակնհայտ է, որ հասարակությունում կան ազնիվ մարդիկ, որոնք որեւիցե կապ չունեն նախկինում պետությունը թալանածների հետ կամ այդ թալանը պաշտպանելու հետ, ազնիվ մարդիկ, ովքեր պատերազմից հետո իշխանության լեգիտիմությունը կասկածի տակ են դնում եւ պահանջում են արտահերթ ընտրություններ։ Թե որքան է այդ մարդկանց թիվը, դժվար է ասել, բայց շոշափելի թիվ է։ Եվ ամենակարեւորը, որ իշխանությունը հղում է անում ընդդիմությանը, որ ուզում է կամ չի ուզում արտահերթ ընտրություններ, էդ ընդդիմության զգալի մասը, իմ գնահատականով, միակ բանը, որ կարա ուզի, դա ավելի լավ խուցն է քրեակատարողական հիմնարկում, ոչ թե որ ընդդիմություն են, այլ որովհետեւ նախկինում թալանած բաներ ունեն»,- ասաց Իոաննիսյանը։

- Դուք հիմա անմեղության կանխավարկածը պահպանո՞ւմ եք՝ ասելով, որ ընդդիմությունը հավաքական առումով պետք է խցում տեղավորվի, թե՞ ինչ-որ մարդկանց նկատի ունեք։

- Չէ, չէ, ես խնդրում եմ՝ իմ բառերը հանկարծ չմեկնաբանել ընդդիմության հասցեին՝ որպես ընդդիմություն։ Ես կարող եմ դրա համար տալ կոնկրետ մարդկանց անուններ՝ Սերժ Սարգսյան, Ռոբերտ Քոչարյան, մի շարք այլ անձինք։

- Փաստեր ունե՞ք, որ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը ինչ-որ բան են թալանել եւ պետք է հայտնվեն բանտում։

- Այո, ես համարում եմ, որ Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը կատարել են Քրեական օրենսգրքով արգելված մի շարք արարքներ եւ դրա համար պետք է հայտնվեն բանտում։

- Քրեական օրենսգրքի կոնկրետ ո՞ր հոդվածներով։

- Օրինակ՝ կաշառք վերցնել, օրինակ՝ սահմանադրական կարգ տապալել։

- Ումի՞ց են կաշառք վերցրել Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը։

- Ռոբերտ Քոչարյանի մասով քրեական գործի նյութերին ծանոթացեք, խնդրում եմ, դրա մի մասն արդեն հրապարակվել է։

- Բայց դատավճիռ չկա։

- Դա իմ գնահատականն է: Այո, ես առանց դատավճռի համարում եմ, որ այդ մարդիկ․․․

- Դուք առանց դատավճռի մարդկանց մեղադրում եք քրեական հանցանք գործելու մե՞ջ։ Բա որ նրանց արդարացնի՞ դատարանը։

- Ես համարում եմ, որ իրենք այդ արարքն արել են։

- Շատ մարդ շատ բան կարող է համարել, Ձեզ հետ կապված էլ, օրինակ, կարող են համարել, որ Դուք էլ քանդել եք պետականության հիմքերը։

- Հիմա Դուք Քոչարյանի փաստաբա՞նն եք։

- Ոչ, Քոչարյանի փաստաբանն Արամ Օրբելյանն է, Արամ Վարդեւանյանը, Հայկ Ալումյանը․․․

- Հա՞, ես զարմացա, կներեք։ Ամեն դեպքում արձանագրենք՝ ես համարում եմ, որ Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, մի խումբ այլ անձինք, այդ թվում՝ մի շարք անձինք, այսպես կոչված՝ էդ 16, թե 17 կուսակցություններից, որեւիցե կապ չունեն քաղաքական գործունեության հետ, իրենց չի կարելի համարել ընդդիմություն, եւ իրենք պետք է լինեն քրեակատարողական հիմնարկում։ Եվ քանի դեռ իրենք քրեակատարողական հիմնարկում չեն, Հայաստանում նորմալ քաղաքական մթնոլորտ եւ նորմալ ընդդիմություն չի կարող լինել։

- Մի քիչ էլ Սերժ Սարգսյանի մասով «փաստաբանություն» անեմ․ փաստեր ունե՞ք, որ նա կաշառք է վերցրել կամ Քրեական օրենսգրքով արգելված արարք է կատարել։

- Այո, Սերժ Սարգսյանի մասով հայտնի դիզելի գործը կա, որը եւս բավականին արժանահավատ է։

- Ես դիզելի գործ չեմ ասում, այլ կաշառքի գործ, Դուք ասացիք՝ կաշառք։

- Դե, հոդվածը չի էստեղ էականը, կոռուպցիոն հանցագործություն է գործել Սերժ Սարգսյանը։ Այո, դա իմ գնահատականն է, եւ ես հուսով եմ, որ դատարանը դատաքննության վերջում եւս կգա այդ եզրահանգման։

- Իսկ գործող իշխանությունների արարքներում որեւէ հանցակազմ չե՞ք տեսնում, օրինակ՝ դավաճանության, պատերազմում դիտավորյալ պարտվելու, զոհեր տալու, եւ նրանց, օրինակ, բանտախցում չե՞ք ուզում տեղավորել։

- Գործող իշխանության բազմաթիվ սխալները որեւիցե կերպ համեմատելի չեն երկիրը թալանողների հետ։

- Այսինքն՝ պատերազմում պարտվելը, հողերը հանձնելը, 5 հազարից ավելի զոհ տալն ավելի մեղմ արարք է, քան դիզելի եւ այլ մեղադրանքնե՞րը։

- Ճիշտն ասած՝ ինձ թվում է, որ լրագրողի պարտականությունն է բազմակողմանի նյութ պատրաստելը։

- Դե, բազմակողմանի նյութ եմ անում, նախկիններին մենք միասին «տեղավորեցինք» բանտում, հիմա ուզում եմ հարցնել՝ ներկաները բանտում հայտնվելու որեւէ շանս ունե՞ն, օրինակ՝ վերջին պատերազմում նրանց գործողությունների մեջ որեւէ հանցակազմ կա՞, որի համար նրանք կարող են հայտնվել բանտում, թե՞ ամենածանրը մեր 30 տարվա պատմության մեջ նախկինների «թալանն է» ու վերջ։

- Ուրեմն իմ գնահատականն այն է, որ 30 տարվա մեջ կատարվել են բազմաթիվ հանցագործություններ՝ Քրեական օրենսգրքով արգելված, որոնք շատ ուժեղ թուլացրել են պետականությունն ու բանակը, իսկ Նիկոլ Փաշինյանի քաղաքական թիմի ամենամեծ սխալը, որը հանգեցրել է ռազմական պարտության, այն է, որ ինքը 2 տարում չշտկեց բոլոր այն սխալները եւ հանցագործությունների հետեւանքները, որը որ ողջամտորեն հնարավոր էր շտկել։