Մարդիկ հավատում են նրան, ինչ իրենք են ուզում․․․

Մարդիկ հավատում են նրան, ինչ իրենք են ուզում․․․

«Խաղաղության պայմանագիր» բառակապակցությունը նույն նշանակությունն ունի, ինչ ժամանակին  «Մերժիր Սերժին» բառակապակցությունն ուներ։ Ժողովուրդը հոգնել էր նախկին իշխանության արատավոր բարքերից և ճիշտ ժամանակին համապատասխան ուժերը Նիկոլ Փաշինյանին կախեցին թոնրի մեջ։ Բառիս բուն իմաստով կախեցին թոնրի մեջ։ Նրանք լավ պատկերացնում էին, որ թոնրի մեջ կախելով «խորովելու են տանում նրան»։ Հիմա արդեն ամեն օր ճտճտոցը լսվում է, շուռումուռ են տալիս, որ բոլոր տեղերից հավասար կարմրի։ Բայց ես Նիկոլի «Խաղաղության պայմանագրին եմ անդրադառնալու», թե ինչով է նա նման «Մերժիր Սերժին» պայմանագրին։ Այո, այո, պայմանագրին։ Էլի ճիշտ ժամանակին է իջեցվել «Խաղաղության պայմանագիրը», որովհետև մարդիկ արդեն պատերազմից, պայքարից, անգամ իրենց հողին տեր կանգնելու ուժ չունեն, տեսնում են, որ ինչ ուզում՝ անում են։ Էլ չեմ ասում, որ տասնյակ հազարավոր զոհերից ու հաշմվածներից հետո նրանք միայն խաղաղություն են ուզում։ Հազարավոր անթաղ զինվորները, ԴՆԹ անալիզները, մի փոքրիկ ոսկորով որդի ամփոփելը մարդկանց հասցրել է հուսահատության։  

Համապատասխան ուժերը ճիշտ ժամանակին էլի Նիկոլին կախել են տաք թոնրի մեջ։ Բա էլ ու՞մ կախեն՝ պատրաստի «հումքը»՝ բոլոր առումներով,  թողած։ Հիմա՝ էլի հանրության պահանջին համապատասխան են թոնրի մեջ կախել Նիկոլին։ Եվ զարմանալի չէ, որ մարդկանց մի մասը հավատում է այդ պայմանագրին, որովհետև կա այսպիսի մի բան, մարդիկ հավատում են նրան, ինչ իրենք են ուզում, ինչ հաճելի է նրանց։ Իսկ նրանք խաղաղություն են ուզում։ Խաղաղությունը նրանց պետք է հաց ու ջրի պես։ Աշխարհում կա՞ մարդ, որ խաղաղություն չի ուզում։ Առավել ևս պատերազմից ծեծված, ահաբեկված, երկիր ու տուն կորցրած մարդը։ Եվ հիմա նույն մարդու միջոցով, նույն շուրթերով ամեն օր խոսվում է խաղաղության պայմանագրի մասին։ Դա միֆ է, որովհետև մարդիկ ամեն օր, ամեն ժամ ճաշակում են Նիկոլի «խաղաղությունը», որն ուղեկցվում է զոհերով, երկիր, տարածքներ հանձնելով, գերիներով, նվաստացումներով․․․ Նիկոլ Փաշինյանին բերող ուժերը պետական ինստիտուտներ են աշխատեցնում ու շատ լավ գիտեն, թե գլխատված, ջախջախված, կապիտուլյացիայի տարված , թուլացած ժողովրդին ինչ է անհրաժեշտ։ Հոգնած մարդուն ի՞նչ է անհրաժեշտ՝ քնել։ Նիկոլ Փաշինյանը անկողին է փռում ու առաջարկում քնել, իմանալով, որ երբ նրանք արթնանան՝ անկողնու տեղ անգամ չեն ունենալու։