Եվրոպայի անվտանգության նոր մարտահրավերներ են ի հայտ գալիս․ տեսակետ

Եվրոպայի անվտանգության նոր մարտահրավերներ են ի հայտ գալիս․ տեսակետ

Military Watch Magazine պարբերականը գրում է, որ սպառազինությունների ոլորտում Ռուսաստանի հնարավորությունների ավելացումը կարող է նոր մարտահրավերներ ստեղծել Եվրոպայի անվտանգության համար։ Մասնավորապես, կարող են հավելյալ ճնշման տակ հայտնվել եվրոպական երկրների հակաօդային պաշտպանության համակարգերը։ Դա պայմանավորված է նրա հետ, որ Ռուսաստանը շարունակում է ակտիվորեն զարգացնել իր սպառազինությունների զինանոցը, արտադրել «երկիր-օդ» տեսակի հրթիռների նոր խմբաքանակներ, ավելացնել փոքր հեռահարության «Իսկանդեր» համակարգերի արտադրությունը։

Ընդ որում, դա արվում է թերեւս հենց եվրոպական տարածքի անվտանգային մարտահրավերներն ավելացնելու համար։ Պարբերականի համար խնդրահարույց է այն, որ այդ ամենը կարող է բերել նրան, որ եվրոպական տարածքի պաշտպանության համար անհրաժեշտ լինի ուժերի գերլարում, ինչը ուկրաինական եւ Մերձավոր-Արեւելյան ճգնաժամերի առկայության պայմաններում կարող է առաջացնել խնդիրներ Արեւմտյան ճակատի ռազմական արդյունաբերական ձեռնարկությունների համար։

Հոդվածագիրները նաեւ արձանագրել են, որ թեեւ Միացյալ Նահանգներն էլ բավականին ակտիվացրել է իր զինանոցի թարմացումը, սակայն գործընթացն ամերիկյան կողմում ընթանում է ավելի դանդաղ եւ շատ դեպքերում ռեսուրսները, որոնք կարող էին ուղղվել անվտանգային մարտահրավերների չեզոքացմանը, ծախսվում են ուկրաինական կողմին օգնելու համար։