Բողբոջ, ծաղիկ ու պրոպագանդա․ ի՞նչ է կատարվում իշխանական էջերում

Բողբոջ, ծաղիկ ու պրոպագանդա․ ի՞նչ է կատարվում իշխանական էջերում

Երկրում տեղի են ունենում դարակազմիկ նշանակության իրադարձություններ։ Տարածքների վերադարձ, նվաստացում, երկրի ներսում ներքին տեղահանվածներ։ Քանդված բանակ, անհասկանալի վիճակում հայտնված տնտեսություն, բաժան-բաժան եղած ու թշնամական հասարակություն, մեծ արտագաղթ, դրական հեռանկարի իսպառ բացակայություն, մոտալուտ պատերազմի մասին անվերջ խոսակցություններ, Ալիևի՝ երակներում արյուն սառեցնելու չափ հոխորտանք։ Այս ամենը բավականաչափ քննարկվում, վերլուծվում է ընդդիմադիրների կողմից։ Իշխանական պատգամավորները, որպես կանոն, շրջանցում են այս թեմաները։ 2020 թ․ նոյեմբերի 10-ից հետո, առհասարակ, մի քանիսը ջնջվել էին «Ֆեյսբուքից», մի քանիսի վերջին գրառումները 2020թ․ նոյեմբերի 20-ի երեկոյան ժամով էին։ Այն ժամանակ, երբ նույն օրը կապիտուլյացիա ստորագրած Նիկոլ Փաշինյանը գրել էր, որ Շուշիի համար թեժ մարտեր են ընթանում։

«Հրապարակն» ուսումնասիրել է «Իմ քայլի» առավել տասը կարկառունների ֆեյսբուքյան ակտիվությունն ու մեկնաբանությունները բոլոր այս իրադարձությունների վերաբերյալ։ Հիմնական մասը կամ գրառումների բացակայություն է, կամ պրոպագանդա՝ կախված անձի ճաշակից ու նախասիրություններից։

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյան․ անձնական էջում պատերազմական ու հետպատերազմյան շրջանի գրառումներ չունի։ Վերջինը, որ շունը՝ Բեռնան «լողացել, սիրունացել ա, մնում ա գոնե մի երկու օր չցեխոտվի»։

Պաշտոնական էջում, հանուն ճշմարտության նշենք, որ բավականաչափ ոչ կացնային ու անգամ կոմպլեմենտար գրառումներ․ հանդիպումներ ու հեռախոսազրույցներ ԻԻՀ, ԱՄՆ․ Շվեդիայի դեսպանների հետ, ընդունել է Միացյալ Թագավորության Եվրոպական հարեւանության եւ Ամերիկայի հարցերով նախարար նախարարի, խոսել Վալենտինա Մատվիենկոյի հետ, դատապարտել Սումգայիթի ջարդերի հերթական տարելիցը, շնորհավորել կանանց՝ Մարտի 8-ի կապակցությամբ։ Քարոզչական նյութեր, Մարտի 1-ի հանրահավաքի մասին հիացական գրառումներ չկան։ Բացառությամբ մեկի․ «Այսօր գարուն է։ Գոռ Քլոյանը, Դավիթ Պետրոսյանը, Արմեն Ֆարմանյանը, Տիգրան Խաչատրյանը, Հովհաննես Հովհաննիսյանը, Գրիգոր Գևորգյանը, Սամվել Հարությունյանը, Զաքար Հովհաննիսյանը, ոստիկաններ Համլետ Թադևոսյանը և Տիգրան Աբգարյանը 13 տարի առաջ մարտի 1-ին երազում էին ապրել ազատ, ժողովրդավարական և երջանիկ Հայաստանում։ Մարտի 1-ին ապօրինի հրամանով կիրառված զինվորական ուժի արդյունքում 10 տարով կասեցվեց Հայաստանի Հանրապետության ժողովրդավարական ուղին։

Այս օրերին, երբ անթույլատրելիորեն մի քանի բարձրաստիճան զինվորականներ փորձ կատարեցին խառնվել ներքաղաքական գործընթացներին, մենք պարտավոր ենք թույլ չտալ իրադարձությունների նմանօրինակ զարգացումը։

Ուստի կոչ եմ անում բոլոր անհատներին, քաղաքացիական խմբերին, կուսակցություններին ի հիշատակ մարտի 1-ի զոհերի մի կողմ դնել քաղաքական տարաձայնությունները և մեկ ճակատով հանդես գալ` մերժելու բռնությունն ու սպառնալիքը որպես քաղաքական գործընթացների հանգուցալուծման գործիք։ Մեր հայրենիքն այլևս չպիտի անցնի նման փորձության միջով։

Այսօր գարուն է»։

Ալեն Սիմոնյան, ԱԺ փոխնախագահ, հիմնականում կիսվում է իր, պաշտոնական ու Նիկոլ Փաշինյանի գրառումներով ու «լայվերով», պաշտոնական դիրքորոշում արտահայտող դիրքորոշումներով։ Իր անձնական հաշվով տանում է ակտիվ իշխանական քարոզչություն․ հերքում է ընդդիմադիրների տարբեր հայտարարություններ ու փաստեր, հաստատում իշխանականներինը։ Օրինակ՝ տեղադրել է «Մարտի 1-ի Փաշինյանի հանրահավաքն ու հեգնել գրությամբ՝ «զոռով բերված ժողովուրդ»։ 2020 թ․ նոյեբերի 17-ին կիսվել է Մանե Գևորգյանի գրառմամբ ու տեսանյութով՝ կառավարության շենքի վրա հարձակումից։ Նոյեմբերի 11-ին կիսվել է ինչ-որ խրամատից անհայտ ծագման զինվորների տեսաուղերձով, որում նրանք «շակալներ» են անվանում Նիկոլ Փաշինյանը հրաժարակը պահանջածներին։ Նույն օրը կիսվել է Օնիկ Գասպարյանի հարցազրույցով, որում ԳՇ այլևս նախկին պետն ասում է․ «Որոշումը ծայրահեղ անհրաժեշտություն էր. Վարչապետն այդ որոշումը կայացրել է իմ առաջարկությամբ՝ հաշվի առնելով նաև հանգամանքները»։ Նոյեմբերի 10․ կիսվել է Արայիկ Հարությունյանի ու Նիկոլ Փաշինյանի բացատրություններով, այդ թվում նաև համացանցը ցնցած՝ «Եկել է քաղաքացու վրեժի ժամանակը» տեսանյութով։ Նոյեմբերի 9․ կիսվել է Վազգեն Սարգսյանի տեսանյութով, որում Սպարապետը զինվորներին խնդրում է հեռու մնալ քաղաքականությունից ու ասում՝ թշնամուն թողած՝ ձեր մեջ դավաճաններ մի փնտրեք։ Ալեն Սիմոնյանը մեկնաբանել է նաև՝ գրելով․ «Վազգեն, դու որտեղից էս ամենը գիտեիր»։

Հայկ Սարգսյան․ նույն քարոզչությունն է՝ առավել ռաբիզ դրսևորումներով․ Հայկ Սարգսյանը եկեղեցում մոմ է վառում ու կողքին գրություն․ «Հայկ Սարգսյանը հրապարակում հեղափոխություն արած ժողովրդի սրտի պատգամավորն է։Անխնա տարածեք#Ֆլեշմոբ»։

Լուսանկարներ՝ Սիսակն ու Հայկը։ Համախոհի գրություն․ «Այ էս տղերքը մենակ չեն»։

Հետաքրքիր է, որ Հայկ Սարգսյանը ՖԲ վերադարձել է 2020 թ․ նոյեմբերի 23 -ին, ողջ պատերազմի ու դրան հետևած դրամատիկ իրադարձությունների ժամանակ այնտեղ չի եղել, իսկ նախապատերազմյան վերջին գրառումները արված են եղել օգոստոսին։ 

Հայկ Սարգսյանը հրապարակում հեղափոխություն արած ժողովրդի սրտի պատգամավորն է։ Անխնա տարածեք
Մնացածները ևս նույնը պետք է անեն ինչպես Հայկ Սարգսյանը
Արժանի ես դու քո պաշտոնին դեռ ավելին»։  

Լենա Նազարյան, ԱԺ փոխնախագահ․ հանել է իր անձնական էջը ու թողել է միայն պաշտոնականը։ Աննա Հակոբյանի հետ իր այցելությունների լուսանկարներն են զոհվածների ընտանիքների հետ, պաշտոնական, բայց ավելի չափավոր ու այլընտրանքային քարոզչություն։ Օրինակ՝ «Քաղաքացիների կարծիքները պատերազմի, խաղաղության, տարածաշրջանի ապագայի, դրանում մեր պետության դերի, անելիքների, մարդկանց սպասումների ու անհանգստությունների մասին։ Նախատեսում ենք նմանատիպ քննարկումներ անցկացնել ՀՀ բոլոր մարզերում»։

Սիփան Փաշինյանի գրառումները միմիայն նախապատերազմական շրջանի են՝ տրակտոր, գեղատեսիլ բնություն, «հայրենի Դովեղ» գրություն։

ԿԳՄՍ նախկին նախարար, Նիկոլ Փաշինյանի խորհրդական Արայիկ Հարությունյան։ Նույն իշխանական  քարոզչությունն է։ «3 տարի անց ժողովուրդն իր ընտրած վարչապետի կողքին է:
Թավիշն ավարտվեց»։

Նոյեմբերի 10․ Նիկոլ Փաշինյանի գրառումն է, որ ստորագրել է 25 000 հայ զինվորի կյանք փրկելու համար և մեկ էլ՝ կադրեր, թե ինչպես են բերման ենթարկվում Նիկոլ Փաշինյանի «դուխին» գողացածները։ Դրանից դուրս կրթական թեմայով գրություններ են։ Արայիկ Հարությունյանն ակնհայտորեն դժվար է դուրս գալիս ԿԳՄՍ սուպերնախարարի կաշվից։

Արսեն Թորոսյան․ դեռևս պատերազմից առաջ ՖԲ-ից ջնջված Արսեն Թորոսյանը հիմա վերականգնված է։ «ժողովուրդն անհաղթահարելի ուժ է»․ կրկին՝ պաշտոնական քարոզչություն, մի փոքր ռոմանտիկ գրություններով։ Օրինակ՝ 2008թ․ նկարահանված հոլովակ․  «Ձոն գարնանամուտի տեսահոլովակ - ՀԻՄԱ տարբերակ» ու Թորոսյանի գրառումը՝ «Բայց գարուն է մոտենում ու բողբոջում ենք նորից...»։

ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էգար Ղազարյանը մեկնաբանել է․ «Դու կբողբոջես: Իսկ քո մեղքով, անլուրջ վերաբերմունքի եւ անկազմակերպվածության հետեւանքով միայն կորոնավիրուսից եւ դրա հետևանքներից մոտ 5000 մարդ է մահացել: Նրանց համար այլևս գարուն չկա ու չի լինելու, նրանք այլևս չեն բողբողջելու: Դուք բողբոջել չեք կարող, ինչքան էլ փորձեք» ։ Մեկ այլ գրառում․  «Երեկվա Ալիևի խոսքն էլ պարարտանյութ ա ձեր համար. Դե բողբոջեք»։։ Արսեն Թորոսյանը նաև իրավական մեկնաբանություններ է արել ԳՇ պետի թնջուկի վերաբերյալ։ Որ ԳՇ պետին ազատելու վարչապետի միջնորդության կապակցությամբ նախագահի առարկություններն ամբողջովին անհիմն են։ 

Ողջ ԻՔ խմբակցությունից որևէ մեկը չպատասխանեց Իլհամ Ալիևին (ԱԳՆ-ն նույնպես ), որն ասում էր, որ հայկական բանակը եթե բարեփոխումներ է անում բանակում, ուրեմն պատերազմի՞ է պատրաստվում։ Եվ մի բռունցք։

Ալիևին, բնականաբար, չարձագանքեց նաև ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը։ Նա պատասխանել է միմիայն Սերժ Սարգսյանին՝ իր հայտնի հարցազրույցից հետո, և Մարտի մեկի հանրահավաքի Նիկոլ Փաշինյանի «Մեզ ներեք»-ի մոտիվներով անոնսել էր, թե ինչ է լինելու հանրահավաքին։ Մի կարճ մեջբերում ․«Գիտեմ, որ բոլորդ հոգնել եք ու հանգստություն ու կայունություն եք ուզում։ Ես էլ։ Գիտեմ, որ շատերդ տարբեր դժգոհություններ ունեք՝ այդ թվում ինձանից։ Ես էլ»։

Տղամարդկանցից ոչ պակաս և դեռ մի բան էլ ավելի ակտիվ է Արփի Դավոյանը։ Նիկոլ Փաշինյանի ու իր ելույթների կիսում։ Դրանցից մեկն էլ «Որևէ մեկին չի հուզում, որ մահափորձ են բեմադրում. Արփի Դավոյան»։ Եվ սա ասում է կին պատգամավորների անձնական կյանքի մասին ամենաինտիմ մանրամասներ տարածելու սպառնալիքի տակ ու նախկինների տների մոտ դագաղներ դնելով նրանց հրաժարեցրած  քաղաքական ուժի ներկայացուցիչը։ 

Եվ իհարկե՝ «ժողովուրդն անհաղթահարելի ուժ է և այսպես շարունակ»։ Նաև՝ Հայլուրական բարի ավանդույթներով՝ ինչ-որ սուտ լավատեսական նյութեր․ Ստեփանավանում, օրինակ, ստեղծվում է զբոսաշրջային կենտրոն։ Կամ ՝ Կառավարության որոշմամբ պատերազմի հետևանքով անհայտ կորած զինծառայողի ընտանիքին կտրամադրվի աջակցություն՝ ամսական 300.000 դրամի չափով, առաջիկա 6 ամսվա համար, մինչև անհայտ կորած զինծառայողի կարգավիճակի իրավական հաստատումը: 2020 թվականի նոյեմբերի 17-ին մի գրառմամբ է կիսվել․ «Վստահ եմ, որ հաղթանակի դեպքում բոլորդ դրոշը ծածանելու էիք եւ մոռանալու էիք, թե ով է էդ հաղթանակի տերը»։

Իբր ինչ, տիկին Դավոյան, այո, հաղթանակը բազում տերեր ունի, իսկ պարտությունը՝ որբ է։ Ձեր ջախջախիչ պարտությունը։