ՍԴ անդամների՝ ՄԻԵԴ դիմելու հնարավորությունները՝ Դավիթ Հարությունյանի գնահատմամբ 

ՍԴ անդամների՝ ՄԻԵԴ դիմելու հնարավորությունները՝ Դավիթ Հարությունյանի գնահատմամբ 

Ի՞նչ հնարավորութուն ունեն ապրիլի 5-ի հանրաքվեով տուն ուղարկվող ՍԴ անդամները Մարդու իրավունքների եվրոպական դատարան ուղարկվելու դեպքում։

Հարցն ուղղվեց այսօր ասուլիս հրավիրած արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանին։

«Հաղթելու շանսերը մեծ են,բայց խնդիրն այն չէ, որ պետությունը պարտվի կամ հաղթի ՄԻԵԴ-ում։ Պարտվում է պետությունը, որովհետև գնում է հակասահմանադրական ճանապարհով։ Իհարկե, կարելի է դիմել ՄԻԵԴ և իհարկե, շատ կանխատեսելի է, թե ինչպիսին կլինի որոշումը, բայց դա ամենակարևորը չէ։ Պետությունը պարտվելու է ոչ թե Եվրոպական դատարանում, այլ պարտվելու է իր ապագան»,-նկատեց Դավիթ Հարությունյանը։

Նա նաև նկատեց՝ արտաքին քաղաքականությունը հետաքրքիր ոլորտ է, որտեղ շատ հաճախ երկրներին ձեռնտու է, որ դիմացի կողմը լինի թույլ։ Այս հանրաքվեն, ըստ Հարությունյանի, թուլացնելու է մեզ նաև արտաքին քաղաքական ոլորտում։

Հարց՝ ինչպե՞ս է վերաբերում Դավիթ Հարությունյանը նրան, որ «ոչ»-ի ճամբար ձևավորված չէ։

Ասաց․ ««Ոչ»-ի ճամբար կարող է լինել, բոլոր նրանք, ովքեր համարում են, որ այս հարցը   հակասահմանադրական է, կարող են ստեղծել։ Իմ պարագայում ես համարում եմ, որ սա հանցագործություն է հայ ժողովրդի և պետականության դեմ և չեմ ուզում մասՆակցել դրան։ Եթե հիշում եք Կառլսոնի մասին մուլտը, երբ Ֆրեկենբոկին հարց են տալիս, ասում է, որ կան հարցեր, որոնց չես կարող պատասխանել «այո» և«ոչ» , բայց սա հենց նույն հարցն է, որին չես կարող պատասխանել՝ այո կամ ոչ, քանի որ ինքնին իրավիճակը հակասահմանադրական է։ Ուստի նույն իրավիճակն է, և ինքս չեմ պատրաստվում մասնակցել «այո»-ի և «ոչ»-ի քարոզչությանը»։