Փաշինյանն ամեն ինչ անում է Հայաստանը կործանելու եւ Ռուսաստանին վնասելու համար․ ռուս փորձագետներ 

Փաշինյանն ամեն ինչ անում է Հայաստանը կործանելու եւ Ռուսաստանին վնասելու համար․ ռուս փորձագետներ 

Նիկոլ Փաշինյանի՝ երեկ Եվրախորհրդարանում ունեցած ելույթն աննկատ չի մնացել ռուսական մեդիադաշտում։ Հատկապես դրանցում արտահայտված հակառուսական թեզերը, ինչպես եւ կարելի էր ենթադրել, ակտիվ քննարկման առիթ են դարձել։ 

Փաշինյանի հայտարարությունը, թե Հայաստանը պատրաստ է կանգնել ԵՄ կողքին եւ ցանկացած համագործակցություն ծավալել ԵՄ-ի հետ այն չափով, որ չափով ԵՄ-ն հարմար կդիտարկի, ռուս մի շարք վերլուծաբաններ ուշագրավ են համարում, արձանագրելով, որ ԵՄ-ն ներկայումս Ռուսաստանի թշնամին է եւ ֆինանսավորում է ուկրաինական՝ ռուսատյաց իշխանություններին, հովանավորելով արդեն ինը տարի ռուսների ոչնչացման ծրագրերն Ուկրաինայում։ Ապա եւ եզրակացնում են, որ ըստ էության, Հայաստանն այս ձեւով իրեն նույն հարթության վրա է դնում Ռուսաստանի թշնամիների հետ, ինչը Կրեմլում պետք է մտածելու տեղիք տա։ 

Որոշ հեղինակներ էլ կարծում են, որ չնայած հայկական մեդիադաշտում Փաշինյանի ելույթը ընկալվեց որպես ազդարարում առ այն, որ Հայաստանը ամենամոտ ապագայում դուրս է գալու ԱՊՀ եւ ՀԱՊԿ կազմերից, սակայն ներկա պահին Փաշինյանը նման քայլի չի գնա, քանի որ ամենապարզ տրամաբանությամբ՝ նրան դա ձեռնտու չէ։ Այլ հարց, որ նա Եվրոպա յուրաքանչյուր այցելության ժամանակ այդ մասին խոսակցություններ, քննարկումներ կունենա, տաք կպահի այդ թեման, որ եւրոպացիներին հուսախաբ չանի։ 

Ավելի կոշտ տրամադրվածներ էլ կան, որոնք արձանագրում են, որ Փաշինյանը Հայաստանը տանում է կործանման։ Մի խումբ հեղինակներ հայտարարում են, որ Եվրախորհրդարանի իր ելույթով, Հայաստանի վարչապետն, ըստ էության, ազդարարեց, որ որոշել է Հայաստանը տանել Ուկրաինայի ճանապարհով՝ դեպի եվրաինտեգրացիա։ Սակայն թե որքանով նրան դա կհաջողվի եւ արդյոք «ուկրաինական ճակատագիրը» պատուհաս չի դառնա առանց այն էլ ծանր կացության մեջ գտնվող Հայաստանի համար, ցույց կտա ժամանակը։ 

Անդրադառնալով այն հարցին, թե Փաշինյանն արդեն «սերիալ» է դարձրել հակառուսական եւ հակա-ՀԱՊԿ-ական դժգոհությունները, որոշ փորձագետներ նշում են, որ ամենայն հավանականությամբ նրան քիչ է թվում Ղարաբաղում կրած խայտառակությունը եւ ամեն կերպ Ռուսաստանին վնասել ցանկանալով, վերջին <հնարավորությունից> է զրկում իրեն, որ Ադրբեջանի հետ հնարավոր լարվածության առաջացման դեպքում երես ունենա դիմելու Ռուսաստանին, կամ՝ Ռուսաստանը ցանկություն ունենա աջակցելու։ Իսկ որ Ադրբեջանի հետ լարվածություն կլինի, դրանում ռուսները կասկած չունեն, գոնե եթե դատենք նախագահ Իլհամ Ալիեւի հայտարարությունների տոնայնությունից ու բովանդակությունից, նկատում են ռուս փոձագետները՝ ակնարկելով, այսպես կոչված, «Զանգեզուրյան միջանցքի» եւ «անկլավների»՝ դեռեւս չլուծված հարցերը։