Թուրքիան իրականացնում է Big Turkey նախագիծը,  մեր իշխանությունը՝ «խաղաղության դարաշրջան»

Թուրքիան իրականացնում է Big Turkey նախագիծը,  մեր իշխանությունը՝ «խաղաղության դարաշրջան»

««Սուրմալու» տոնավաճառի ողբերգությունը, ինչպեսեւ սպասվում էր, դարձավ Հայաստանի քաղաքական կյանքում թիվ մեկ թեման, սակայն Հայաստանի եւ Արցախի կազմաքանդման գործընթացները, բնականաբար, չդադարեցին եւ օրեցօր դառնում են ավելի ու ավելի վտանգավոր։ Քանի որ Հայաստանի եւ Արցախի շուրջ ստեղծված քաղաքական իրավիճակի վերլուծությունը հաճախ շահարկումների առիթ է դառնում, եւ կատարվածի էությունը միտումնավոր լղոզվում է, այսօր մենք ուղղակի կկատարենք իրավիճակի անաչառ վերլուծություն եւ եզրակացությունները կթողնենք մեր ընթերցողների հայեցողությանը։

Այսպիսով, Թուրքիան եւ Ադրբեջանը փաստացի վերաձեւակերպում են «մեկ ժողովուրդ՝ երկու պետություն» քաղաքական նախագիծը «մեկ ժողովուրդ՝ ընդհանուր պետականություն» հասկացության։ Ի՞նչ է սա նշանակում։ Սա նշանակում է, որ Թուրքիան եւ Ադրբեջանը գործնականում արդեն մեկ քաղաքական, ռազմական, սոցիալական եւ մշակութային միավոր են, ինչը ենթադրում է նպատակների միասնություն»,- «Հրապարակի» հետ զրույցում ասաց քաղաքական վերլուծաբան Արման Աբովյանը։

Վերլուծաբանի խոսքով՝  Թուրքիայի նպատակը եղել է, կա եւ մնում է Big Turkey նախագծի գործնական իրականացումը, որը մեզ ավելի հայտնի է «Մեծ Թուրան» անվամբ։ Նա հիշեցնում է, որ այս մասին բազմիցս ուղղակիորեն ասվել է թուրք բարձրաստիճան պաշտոնյաների կողմից։ Սակայն այս նախագծի իրականացման համար լուրջ խոչընդոտ կա՝ ի դեմս Հայաստանի եւ Արցախի։ Առանց հայկական պետությունների տարածքների քաղաքական ապամոնտաժման կամ օկուպացիայի՝ Թուրանի նախագիծն ուղղակի ֆիզիկապես անիրագործելի է, քանի որ առանց Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ պայմանական ցամաքային սահմանի, նախագիծը պարզապես չի աշխատի։
«Իհարկե, անմիջապես միտք է գալիս «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ թուրք-ադրբեջանական դաշինքի մոլուցքը, ինչին Իրանը միանգամայն իրավացիորեն դիմադրում է։ Սակայն եկեք չշեղվենք:

Ադրբեջանը, լինելով Թուրքիայի քաղաքական խորթ զավակը, իր վրա վերցրեց վերոնշյալ նպատակներին հասնելու համար ռազմական շանտաժի եւ Հայաստանի տարածքում հետագա պարտադիր ռազմական ընդլայնման անմիջական պատասխանատվությունը։ Եվ Ադրբեջանը շատ ինտենսիվ աշխատում է՝ Հայաստանին ոչնչացնելու ապագա պատերազմի ուղղությամբ։ Բերենք ընդամենը մի քանի օրինակ: Առաջին՝ միայն վերջին երկու տարվա ընթացքում Ադրբեջանի ռազմական բյուջեն աճել է գրեթե 30 տոկոսով։ Երկրորդ՝ կեղծ պատմական օրակարգն օրինականացնելու դիվանագիտական մանեւրներ, ըստ որի՝ թյուրքալեզու ցեղերի նորեկ քոչվոր ցեղերը, ի դեմս Ադրբեջանի, այսօր շատ կոնկրետ հավակնություններ են ներկայացնում Հայաստանի եւ Արցախի ողջ տարածքի նկատմամբ։ Եվ երրորդ՝ միայն վերջին երկու տարվա ընթացքում Ադրբեջանը հայ-արցախյան եւ հայ-ադրբեջանական սահմանի ողջ երկարությամբ 110 կետում տեղադրել է լրացուցիչ ռազմական կառույց՝ միաժամանակ զրոյից ստեղծելով անմիջապես հայկական տարածքներից մի ցատկ հեռավորությամբ երեք խոշոր ռազմակայաններ եւ կառուցել է ենթակառուցվածքներ իր օդուժի եւ անօդաչու թռչող սարքերի համար՝ հայերի դեմ ապագա պատերազմում ակտիվ օգտագործման նպատակով։ Դրան զուգահեռ, Ադրբեջանի ղեկավարը գրեթե ամեն շաբաթ հանդես է գալիս ռազմավարական ուղղություններով (Տավուշ, Արարատ, Գեղարքունիք, Սյունիք, Վայոց Ձոր)՝ Հայաստանի տարածքների ուղղակիորեն հանձնման (սահմանագծում-սահմանազատում) պահանջներով»,- ասում է Աբովյանը։

Աբովյանն ընդգծում է, որ թուրք-ադրբեջանական տանդեմը բացահայտ պատրաստվում է հայկական տարածքների բռնակցմանը, հայաթափմանը եւ ոչնչացմանը։ Նա նկատում է՝  ի՞նչ է անում Հայաստանի ներկայիս ղեկավարությունն այս պարագայում։ Պատրաստվում է ոչնչացման պատերազմի՞: Ո՛չ։ Ազգաբնակչությանը նախապատրաստում է իրավիճակի անխուսափելի սրմա՞նը։ Ո՛չ։ Ուժեղացնում է սահմանային ռազմական ենթակառուցվածքնե՞րը։ Ո՛չ։ Մեծ քանակությամբ զե՞նք է գնում անխուսափելի պատերազմի համար: Ո՛չ։ Դիվանագիտական ճակատում լայնածավալ աշխատանքնե՞ր է տանում։ Ո՛չ։ Պատրաստում է տնտեսությունը ճգնաժամային իրավիճակներում գոյատեւմա՞ն: Ո՛չ։

Նրա խոսքով, Հայաստանի ներկայիս իշխանությունը հրատապ միջոցների փոխարեն զարմանալի համառությամբ շարունակում է իրականացնել «խաղաղության դարաշրջան» ծրագիրը, որն ակնհայտորեն տեղավորվում է հայկական հարցը վերջնականապես լուծելու թուրք-ադրբեջանական տանդեմի ծրագրերի մեջ։ Ներկայիս իշխանության քայլերի ողջ անհեթեթությունը, թուլամտությունն ու թուրքամետությունը պատկերացնելու համար մնում է հիշել, որ ռազմական հիստերիա հրահրելու եւ Հայաստանին սահմանակից տարածքները թուրք-ադրբեջանական զորքերով լցնելու պայմաններում Հայաստանի իշխանությունը որոշել է Ադրբեջանի եւ Թուրքիայի քաղաքացիների մուտքը Հայաստան հնարավորինս հեշտացնել, եւ այդ նպատակով կառավարությունը նախագիծ է դրել շրջանառության մեջ, որով նախատեսվում է սահմանին երեք սահմանա-մաքսային անցակետ բացել։

«Հայաստանի իշխանությունների այս քայլի տրամաբանությունը, այսպես կոչված, «խաղաղության դարաշրջան» նախագծի իրականացման մեջ է։ Մի փորձեք տրամաբանություն գտնել Հայաստանի ներկայիս իշխանության քայլերում, նրանք բազմիցս ապացուցել են, որ պարզապես չեն տիրապետում իրավիճակի խորքային վերլուծություններին կամ անջատված իրականացնում են այս աննորմալությունը՝ անունը դնելով «խաղաղության դարաշրջան»»,- ասաց Աբովյանը։

ՀԳ․ Աբովյանը վերջում հավելեց․ «Իմիջիայլոց, մեր իշխանավորներից մեկին հարցրեք, եթե, այսպես կոչված, սահմանագծումը եւ սահմանազատումը դեռ չեն իրականացվել, ապա ինչի՞ վրա եք հիմնվում սահմանային անցումներ տեղադրելով, թե՞ արդեն պատկերացնում եք, թե ինչ է մեզ սպասվում սահմանազատման ընթացքում, մի բան ասեք, տնաշեններ»։