Պարեկայինի ղեկավարը՝ Փաշինյանին համակրելու եւ «ասֆալտին փռելու» հրահանգների մասին

Պարեկայինի ղեկավարը՝ Փաշինյանին համակրելու եւ «ասֆալտին փռելու» հրահանգների մասին
Արթուր Ումրշատյան

Պարեկային ծառայության պետ Արթուր Ումրշատյանը շաբաթ օրը Ծաղկաձորում լրագրողների համար կազմակերպված սեմինարի ժամանակ պատմում էր, թե ինչքան մեծ ջանք են գործադրել գործադիրում պարեկային ծառայության ձեւավորման ու կայացման համար։ Նա վստահեցնում էր՝ իրենց մոտ բացառված է կոռուպցիան, իրենք պարեկների հետ ամենօրյա աշխատանք են տանում, որ նրանց կրթեն, հասցնեն բարձր մակարդակի, որպեսզի լիարժեք տիրապետեն օրենքներին, քաղաքացիների հետ վարվեցողության հարցում նոր մշակույթ են ներդրել, որպեսզի պարեկին այլեւս չընկալեն որպես «մարդ բռնող» կամ տուգանող, բայց նաեւ իմանան, որ պարեկը խիստ է, եւ օրինախախտներին ներում չի լինելու։

Ումրշատյանը ժամանակին աշխատել է ոստիկանական համակարգում, հետո ազատվել է աշխատանքից ու Փաշինյանի իշխանության օրոք կրկին վերադարձել ծառայության՝ արդեն բարձր պաշտոնով։ Ակնհայտ է, որ նրա կարիերայի աճի հիմքում մեծամասամբ իր քաղաքական հայացքներն են ընկած։ Մենք Արթուր Ումրշատյանի քաղաքական հայացքների մասին գրել էինք, որ նա իր ֆեյսբուքյան նկարներից մեկի վրա փակցրել էր Նիկոլ Փաշինյանի նկարով ժապավեն՝ վրան գրված․ «Քեֆս էսօր 1.000.000 ա»։ Թերեւս դա էլ հանդիսացել է շուրջ չորս տարվա պարապությունից հետո նրա կարիերայի կտրուկ աճի գրավականը։

Իսկ մինչ այդ նա մինչեւ 2014 թվականը եղել է ոստիկանության զորքերի 10-32 զորամասի հրամանատարի տեղակալը։ 2014-ին զորամասի հրամանատար Իսրայելյան Արմանի ակտիվ ջանքերով ազատվել է պաշտոնից եւ մեկնել, այսպես ասած, «խոպան»՝ Ռուսաստանի Դաշնությունում արտագնա աշխատանքի։ Փաշինյանի՝ իշխանության գալուց հետո վերադարձել է Հայաստան եւ դարձել նոր ձեւավորված պարեկային ծառայության ղեկավարը։ Ասում են՝ նա այնքան տարված է եղել Փաշինյանով, որ անգամ մեքենայի մեջ հոտով «յոլկա» է կախած եղել՝ Նիկոլ Փաշինյանի նկարով, կինն էլ իր ֆեյսբուքյան էջով «Մերժիր Սերժին» գրությամբ նկարներ էր տարածում։

Ի վերջո, այս անձնուրաց ջանքերի արդյունքը եղավ այն, որ Արթուր Ումրշատյանը նշանակվեց պարեկային ծառայության ղեկավար, որտեղ նա, իր վստահեցմամբ, ջանք ու եռանդ չի խնայում, որ հասարակությանն օգուտ տա։ Թեպետ, ասում են՝ Ումրշատյանն ավելի շատ ոստիկանության զորքերի պետի տեղակալի պաշտոնին էր հավակնում։ Նրան ճանաչողներից մեկն ասաց՝ «նիկոլական է», բայց փորձ ու պրոֆեսիոնալիզմ էլ ունի, վճռական է շատ հարցերում։
Սեմինարներին of the record շփվելուց հետո նրան մի քանի հարց ուղղեցինք՝ կապված իր կարիերայի կտրուկ աճի եւ պարեկային ծառայության աշխատանքի հետ։

- Պարոն Ումրշատյան, նախ՝ ինչպե՞ս ստացվեց, որ հենց Դուք նշանակվեցիք պարեկային ծառայության ղեկավար։

- Ոստիկանությունը ղեկավարվում է ոստիկանության մասին օրենքներով եւ «Ոստիկանության ծառայության մասին» օրենքով, ոստիկանության ղեկավարությունն ընտրություն է կատարում եւ նշանակումներ է անում․ ոնց որ բոլոր կառույցի ղեկավարները, այնպես էլ՝ ես։

- Կարծում եք՝ Ձեր պրոֆեսիոնալ հատկանիշնե՞րն են հաշվի առել։

- Կարծում եմ՝ այո։

- Իսկ քաղաքական համակրանքը Նիկոլ Փաշինյանի ու նրա թիմի նկատմամբ դեր չի՞ խաղացել։

- Ոստիկանությունը քաղաքականության հետ բացարձակ կապ չունեցող կառույց է, ոստիկանությունը Հայաստանի Հանրապետության հասարակական կարգը եւ անվտանգությունն ապահովող կառույց է։

- Եթե կապ չունի, ինչպե՞ս հասկանանք, որ Ձեր ֆեյսբուքյան էջի հետնամասում Նիկոլ Փաշինյանի նկարն էր տեղադրված։

- Ես Ձեր նշած ժամանակաշրջանում չեմ հանդիսացել ոստիկանության ծառայող, ես հանդիսացել եմ Հայաստանի Հանրապետության քաղաքացի, որը գտնվել է էդ ժամանակաշրջանում Ռուսաստանի Դաշնության Մոսկվա քաղաքում։ Եվ այդ ժամանակ ես ազատ քաղաքացի եմ եղել ու իմ նախասիրությունները, քաղաքական մոտեցումները դրսեւորելու իրավունք ունեցել եմ։

- Գուցե օրվա իշխանությունը նաեւ դա՞ է հաշվի առել, որ Դուք համակրանք ունեք իրենց նկատմամբ, եւ որոշել են առաջ մղել Ձեզ։

- Իսկ Ձեզ ի՞նչ է թվում, ինչ-որ մի օր կամ երկու օր Ֆեյսբուքի լենտայում ինչ-որ նկար տեղադրելով՝ մարդիկ կառուցել են վերաբերմո՞ւնք։

- Դուք մինչեւ 2014 թվականն աշխատել եք ոստիկանության զորքերում` Արման Իսրայելյանի հրամանատարության ներքո, հետո նա Ձեզ ազատել է աշխատանքից։

- Ինձ չի ազատել ինքը, ես ոստիկանությունում ծառայության մասին օրենքով, իմ զեկուցագրի համաձայն, ոստիկանապետի հրամանագրով ազատվել եմ ուղղակի։

- Ասում են՝ ինքն է դեր խաղացել կամ միջամտել, որ ազատվեք աշխատանքից։ Ինչո՞ւ եմ սա նշում, որովհետեւ հետո, երբ վերադարձել եք համակարգ, Դուք եք այնպես արել, որ նա ազատվի աշխատանքից, վրեժ եք լուծել, այսպես ասած։

- Ո՞վ է ասում։ Ես բացարձակ համաձայն չեմ, նշված անձն իմ կուրսեցին է եղել, մենք շատ լավ հարաբերությունների մեջ ենք մինչեւ այժմ։

- Կարծում եք` եթե Դուք ընդդիմադիր հայացքներ ունենայիք, օրինակ՝ այն ժամանակ հեղափոխությանը կամ Նիկոլ Փաշինյանին դեմ լինեիք, կամ Ձեր Ֆեյսբուքում, օրինակ, ոչ թե Փաշինյանի, այլ, ասենք, Ռոբերտ Քոչարյանի նկարը լիներ, Ձեզ կնշանակեի՞ն պարեկային ծառայության ղեկավար։

- Չեմ կարող ասել, իմ կարծիքով՝ իմ դեպքում պրոֆեսիոնալ, մասնագիտական հատկություններն են հաշվի առնվել, որովհետեւ ոստիկանությունում այլ կերպ նշանակումներ չեն լինում։

- Լավ, Դուք բացառո՞ւմ եք պարեկային ծառայության աշխատանքում կոռուպցիայի ցանկացած դրսեւորում։

- Ես բացառում եմ պարեկային ծառայության աշխատանքում համակարգված կոռուպցիայի դրսեւորում։ Իսկ կոռուպցիայի դեմ 24-ժամյա տքնաջան աշխատանք է տանում պարեկային ծառայության վերահսկող բաժինը։

- Ասում եք՝ պարեկներին հարցրել եք, թե իրենց հայրերի վրա ակտ կգրե՞ն, թե՞ ոչ։ Իհարկե, պարեկը, եթե իր հոր մեքենան ճանաչի, գուցե նաեւ չկանգնեցնի, բայց ասում եք՝ պարեկներն ասել են, որ չեն գրի։ Իսկ Դուք այդ հարցին ինչպե՞ս կպատասխանեիք՝ Ձեր հոր, եղբոր, քրոջ կամ կնոջ վրա ակտ կգրե՞ք։

- Ես էդ հարցին ուղղակի չէի պատասխանի։

- Փաստորեն, այդ արժեքները, այդ մենթալիտետը, ամեն դեպքում, նստած է պարեկների մեջ՝ ծնողի վրա ակտ չեն գրի։

- Ամեն մարդ իր կյանքը յուրովի է գնահատում, յուրովի է ապրում եւ արժեհամակարգը յուրովի է պատկերացնում։

- Դուք ասում եք՝ փորձում եք քաղաքացիների հետ քաղաքավարի շփվել, հաճախ բացատրել, այլ ո՛չ տուգանել, բայց Նիկոլ Փաշինյանը հաճախ ոստիկանությունից պահանջում է փռել ասֆալտին, ծեփել պատերին։ Հիմա դուք նման ֆունկցիա ունե՞ք, ասֆալտին փռելու հանձնարարություններ ստանո՞ւմ եք։

- Դուք լսեցիք՝ ես սեմինարի ժամանակ էդ հարցին ոնց պատասխանեցի։

- Որ դուք ասֆալտին փռող կազմակերպությո՞ւն չեք։

- Առհասարակ, ոստիկանությունն իր ֆունկցիոնալ պարտականությունները կատարող կառույց է։ Պարեկային ծառայությունն ունի կոնկրետ խնդիրներ եւ զբաղվում է իր խնդիրները կատարելով։ Ես խնդրում եմ քաղաքականություն չտանել եւ չքաղաքականացնել։