Լինել վարչապետի որդի՝ չի նշանակում զրկված լինել օրենքով նախատեսված իրավունքներից

Լինել վարչապետի որդի՝ չի նշանակում զրկված լինել օրենքով նախատեսված իրավունքներից

«Հրապարակի» զրուցակիցը «Հելսինկյան ասոցիացիա» ՀԿ ղեկավար, իրավապաշտպան Նինա Կարապետյանցն է:

- Վերջին շրջանում տարատեսակ բռնության դեպքերի ենք ականատես լինում, եւ, չգիտես ինչու, բոլոր ենթադրյալ կամ բացահայտ բռնարարներն իշխանությունների հետ այս կամ այն կերպ կապ ունեն: Առնվազն զարմանալի է, որ սեր, հանդուրժողականություն եւ համերաշխություն քարոզող իշխանությունների «արբանյակները» ծեծ ու ջարդով են սկսել զբաղվել, սակայն առավել տարակուսելի է, որ նույն դատաիրավական համակարգը խիստ ընտրողաբար է սկսել վճիռներ կայացնել: Օրինակ` զոհվածի մորը կալանավորում են, սակայն մի շարք այլ հանցանք կատարած անձինք մնում են ազատության մեջ այնքան ժամանակ, քանի դեռ կալանավորելու հանրային պահանջ չի ձեւավորվել: Ընդ որում՝ եկեք ֆիքսենք, որ ինչ-որ մեկին կալանավորելու պահանջն էլ դարձել է ինքնանպատակ: Միայն կալանավորելու պահանջ են ներկայացնում, ու վերջ: Այս ի՞նչ երկակի ստանդարտներ են մեզանում գործում:

- Ընտրովի արդարադատությունը Հայաստանում նոր չէ: Մեզանում բոլոր ժամանակներում գործել է հետեւյալ սկզբունքը` իշխանական ներկայացուցիչների գործողություններում շատ հաճախ չեն տրվել, այսօր էլ չեն տրվում ճշգրիտ իրավական գնահատականներ: Իշխանության գալու շատերի պատկերացումը սահմանափակվում է հենց նրանով, որ ոչ թե իրենք դատապարտելու են, օրինակ, ոստիկանի անհամաչափ գործողությունները, այլ իրենք են զուտ հրաման տվողը լինելու, պարզապես ծեծ ուտողն այս պարագայում իրենք չեն լինելու: Գործող իշխանությունները նախկինում բողոքում էին ոստիկանության անհամաչափ ուժից ու բռնի գործողություններից, նաեւ խոսում էին, որ այդ նույն ոստիկանները որեւէ պատասխանատվության չեն ենթարկվում, սակայն այն ժամանակ ընդդիմադիր էին, դա էր պատճառը, հիմա իրենք նույն բաների համար շնորհակալություն են հայտնում, բռնությունները շատ հաճախ արդարացնում ու համաչափ են համարում: Նույն վարքագիծը ցուցաբերում էին նաեւ նախորդ իշխանությունները: Սա այն խնդիրն է, որը պետք է նախ հասարակությունը հասկանա, որ իշխանությունները յուրայինների համար ստեղծել ու ստեղծում են անպատժելիության մթնոլորտ: Ինչ վերաբերում է դատարանի վրա ազդեցություններին, ապա չեմ կարծում, թե իսկապես կայացած դատական համակարգի պարագայում հնարավոր լիներ որեւէ դիմում-բողոքով կամ ցույցով ազդեցություն ունենալ այս կամ այն որոշման վրա: Կայացած իրավական համակարգը հստակ օրենքներով է առաջնորդվում, դատավոր կլինի, թե դատախազ ու քննիչ կլինեն, ազդեցության տակ ոչինչ չեն իրականացնում, առաջնորդվում են բացառապես օրենքի տրամաբանությամբ: Բայց քանի որ մենք նման համակարգ չունենք, որքան էլ նախկին եւ ներկա իշխանությունները հայտարարեն, որ կայացած համակարգեր ունենք, միեւնույն է` քանի դեռ չկան կայացած համակարգեր, ինչ-որ ազդեցությունների ներքո ինչ-որ գործողություններ են իրականացնելու, իհարկե, շատ ցավալի է, դատապարտելի ու մերժելի այդ ամենը, սակայն դա է իրականությունը:

- Այսինքն` դատապարտելի եք համարում այն, որ իրավապահները երբեմն հանրային պահանջով են որոշակի գործողություններ իրականացնում:

- Նախ՝ հասարակությունը պետք է տեսակետ հայտնի ու արձագանքի, որովհետեւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները սուվերեն են եւ պետք է պարտադիր կերպով դիրքորոշում ունենան, սակայն խնդիրն այն է, որ աշխատող համակարգի պարագայում այդպիսի արձագանքներ չեն լինում, որովհետեւ, եթե, օրինակ, Դիլիջանի քրեականի պետի գործով կա հստակ տեսանյութ, եւ ակնհայտ է բռնության հանգամանքը, այս պարագայում հասարակության արձագանքը կամ պահանջը չպետք է լիներ, որովհետեւ ամեն ինչ ակնհայտ է: Սա նշանակում է, որ հին եւ ավանդական ընդունված միջոցներն ու ձեւերն են գործել։ Բարձրաստիճան պաշտոնյաները երբեք պատասխանատվության չեն ենթարկվել: Նույն տրամաբանությամբ՝ ՔՊ-ականները պատասխանատվության չեն ենթարկվում, պատասխանատվության չենթարկվեց Ազգային ժողովի նախագահը, ու այդպես շարունակ: Նման դեպքեր եղել են նաեւ նախկինում: Լրագրողների էին վիրավորում, ծեծում, քաշքշում ու անպատիժ էին մնում: Փողերի լվացման հետ կապված գործեր էին հարուցում՝ որոշ ժամանակով հասարակությանը լռեցնելու համար, հետո շատ գեղեցիկ ձեւով ամեն ինչ մոռացվում էր, ու այդպես շարունակ: Այսինքն` եթե աշխատող արդարադատական համակարգ գործի, հանրային կարծիքի կարիքը չի լինի, սակայն քանի դեռ դատաիրավական համակարգը կայացած չէ, կարծում եմ` հասարակությունը պետք է իր կարծիքը հայտնի:

- Բայց հասարակությունը, այդ թվում՝ որոշ իրավապահներ, պնդում է, որ նույն Դիլիջանի քրեականի պետը պատասխանատվության ենթարկվի, սակայն լռում են, երբ զոհվածի մոր հետ անարդար են վարվում, լռում են, երբ բանակի համար ավանդ ունեցող մարդկանց կալանավորում են, ու այսպես շարունակ: Ստացվում է՝ այստեղ էլ են երկակի ստանդարտներ գործում: Ի դեպ, վարչապետի որդին` Աշոտը, դատարանին նաեւ ուղղորդեց….

- Աշոտ Փաշինյանի եւ Գայանե Հակոբյանի գործով դատական նիստին որոշ չափով հետեւեցի: Աշոտ Փաշինյանը հանդես է գալիս որպես տուժող կողմ, իսկ տուժող կողմը միշտ էլ իր տեսակետը հայտնելու իրավունք ունի, այն կարծիքները, թե ուրիշ գործերով տուժողները չեն խոսում, թյուր է: Շատ ու շատ գործերով տուժող կողմերն անգամ ավելի խիստ են խոսում, շատ ավելի մեծ պահանջներ են ներկայացնում, գուցե նաեւ անհամաչափ որոշ առումներով: Դա օրենքով նախատեսված իրավունք է, որն Աշոտն իրացրել է: Խնդիրն այն է, թե որքանով է Գայանե Հակոբյանի կալանավորումն արդարացված: Ինչո՞ւ խափանման այլ միջոց չընտրվեց, սա ինձ համար մեծ խնդիր է: Արդարադատության նախարարությունը հայտարարում էր, որ տնային կալանքի համար անհրաժեշտ սարքեր են գնել, ի դեպ՝ դրանց համար բավականին մեծ գումարներ էր տրամադրվել, ի՞նչ եղան այդ միջոցները: Եթե տուժողի անվտանգության հարցն է քննարկվում, ապա հատուկ ծառայությունների օժանդակությամբ կարող էին Աշոտի անվտանգությունն ապահովել: Ինչ վերաբերում է իրավապաշտպաններին, ապա կարծում եմ` Ձեր տպավորությունները թյուր են, իրավապաշտպաններն արձագանքում են:

- Մեկ կամ երկու ֆեյսբուքյան գրառումն արձագանք չէ:

- Իրավապաշտպանները շատ տարբեր են, ՀԿ-ները եւս տարբեր են, այնպես չէ, որ բոլորը նույնն են, ունեն տարբեր տեսակետներ: Արձագանքներ եղել են: Օրինակ` իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը մշտապես արձագանքում է:

- Նշում եք, որ ցանկացած տուժող կողմ դատարանում արձագանքելու իրավունք ունի, սակայն այստեղ մի նրբություն կա. Աշոտ Փաշինյանը վարչապետի որդին է, եւ նրա հայտարարությունները կարող են ուղղորդել դատարանին: Աշոտը շարքային քաղաքացի չէ:

- Որտեղի՞ց Ձեզ այդ վստահությունը, որ դատարանն Աշոտին ընկալել է որպես վարչապետի որդի, այլ ոչ թե քաղաքացի:

- Այդ մասին փաստեց նաեւ Հակոբյանի փաստաբան Հովսեփ Սարգսյանը:

- Դատավորի ներքին համոզմունքն է, թե ում ինչպես պետք է ընկալի: Անկեղծ ասած՝ նրա փոխարեն չեմ կարող ասել, սակայն լինել վարչապետի որդի, չի նշանակում զրկված լինել օրենքով նախատեսված իրավունքներից: ՀՀ ցանկացած քաղաքացի դատարանում կարող է հայտնել իր տեսակետները, անգամ եթե վարչապետի որդին է: Դատարանն ավելորդ լարվածություն չստեղծելու նպատակով կարող էր քննել այս գործը, սակայն որեւէ մեկին չկալանավորել: Ուժի ցուցադրումը տեղին չէ այստեղ, որովհետեւ խոսքը զոհվածի մոր մասին է: