Al Jazeera-ի հեռարձակումը կարող է կասեցվել Իսրայելում․ Նեթանյահուն է ուզում

Al Jazeera-ի հեռարձակումը կարող է կասեցվել Իսրայելում․ Նեթանյահուն է ուզում

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն X հարթակում գրել է, թե նոր օրենքի հիման վրա մտադիր է անհապաղ միջոցներ ձեռնարել՝ հասնելու Իսրայելում Al Jazeera հեռուստաընկերության հեռարձակման դադարեցմանը՝ այն անվանելով «ահաբեկչական հեռուստաալիք»։

Նրա խոսքով, Al Jazeera-ն գործում է Իսրայելի անվտանգության դեմ։ Հիշատակված նոր օրենքը Իսրայելի խորհրդարանում՝ Կնեսետում ընդունվել էր 71 կողմ և 10 դեմ ձայների հարաբերակցությամբ։ «Հայտարարում եմ, որ օտարերկրյա հեռարձակողների կողմից պետության անվտանգությանը չվնասելու մասին օրինագիծը... ընդունվել է երկրորդ և երրորդ ընթերցմամբ։ Այն մուտքագրվելու է օրենքների մասին գրքում»,- ասել է Կնեսետի փոխնախագահ Էրեզ Մալուլը։

Al Jazeera-ն դատապարտել է Նեթանյահուի հայտարարությունը՝ այն որակելով «վտանգավոր սուտ»։ Լրատվամիջոցն ընդգծել է, թե Իսրայելում գործող իր անձնակազմի և գրասենյակի անվտանգության համար անձամբ Նեթանյահուն է պատասխանատու։ Կատարում կենտրոնակայան ունեցող հեռուստաընկերության լսարանը ողջ աշխարհում մոտ 430 միլիոն մարդ է, և հայտարարությամբ Al Jazeera-ն ընդգծել է, թե կշարունակի արհեստավարժ կերպով լուսաբանել Գազայի իրադարձությունները։