Թատրոնը շարունակվում է

Թատրոնը շարունակվում է

Սեփական պարտությունը խոստովանելն անչափ բարդ բան է, ուստի մի զարմացեք, որ Նիկոլ Փաշինյանը փորձում է իր պարտություններն ու ձախողումները չտեսնելու տալ, եւ այնտեղ, որտեղ, իր կարծիքով, հաջողության է հասել` թմբկահարել: Հենց այդ զգացումից են ծնվել ասֆալտը ֆետիշացնելու, գովազդելու եւ ասֆալտի ֆոնին սելֆիներ անելու տեսարանները: Իրականում` մի քանի տարի մեր ժողովուրդն էլ էր այդ տեսարաններից զմայլված, եւ շարունակ լսում էինք, թե ինչպես են համեմատում նախկին «ասֆալտը լափող» իշխանություններին` գյուղերի մեջ անգամ ասֆալտ անող եւ ոչինչ «չլափող» իշխանությունների հետ:

Բավականին ժամանակ էր պետք՝ հասկանալու համար, որ հազար կիլոմետր գերազանց ասֆալտը Արցախի ու Տավուշի մեկ մետր հողի հետ անգամ չի կարելի համեմատել, եւ այնպես չէ, որ սրանք «չեն լափում» ասֆալտից, հակառակ դեպքում` այդ ասֆալտը գոնե մի քանի տարի կծառայեր մարդկանց, այլ ոչ թե կքայքայվեր մեր աչքի առաջ: Բայց, այնուամենայնիվ, իր պարտությունը չընդունող Նիկոլ Փաշինյանը դեռ շարունակում է համոզել մեզ, որ որոշ հարցերում պարտությունը դեռ պարտություն չէ, եւ այդ պարտության մեղավորն էլ իր իշխանությունը չէ, այլ «փլուզվող» աշխարհն է: Եվ որպեսզի այս ներշնչանքը տեղ հասնի, փորձում է այլ «հաջողությունների» պատմություններ ներկայացնել մեզ:

Թերեւս նաեւ այս ձգտումից են ծնվել ակադեմիական քաղաքը, թատրոնները փակել-միավորելու, դասագրքերն ու դպրոցական չափորոշիչները փոխելու, ծառերը կտրելու-նորերով փոխարինելու փորձերը: Նաեւ սրանով է պայմանավորված, որ ՊԵԿ-ն օրումեջ հաղորդագրություններ է տարածում, թե` եկամուտների հավաքագրումը գերակատարել ենք անցած տարվա համեմատ: Իսկ կառավարության նիստերում ձեւացնում են, թե նորմալ աշխատող ու զարգացող երկրում ենք ապրում: