Մի «Իսկանդերի» ու մի ծիծաղի պատմություն

Մի «Իսկանդերի» ու մի ծիծաղի պատմություն

Կայծից բոց կբռնկվի, իսկանդերից` իշխանափոխություն: Ժամանակին ռուս դեկաբրիստները մի ասույթ ունեին` «Կայծից բոց կբռնկվի»: Նրանց ասույթն իրականություն դարձավ. կայծից բոց բռնկվեց, եւ տեղի ունեցավ հոկտեմբերյան հեղափոխությունը: Հիմա մեր իսկանդերն է. պայթել է, թե չի պայթել, պարզ չէ: Համենայնդեպս, գմփոցը մինչեւ հիմա լսվում է, դեռ ավելին՝ գնալով ուժգնանում է… 

Իսկանդերագետ Փաշինյանի հայտարարությունը 

 Բանակում չծառայած ու զենք չբռնած Փաշինյանը մի հայտարարություն արեց ու բոլորին խառնեց իրար: Պատերազմի օրերին հաճախ էին հնչում հարցեր, թե ինչու չի կրակում «Իսկանդերը», ինչու չեն խփում ադրբեջանական նավթատարներին, ռազմաբազաներին, կարեւորագույն կետերին: Պատերազմից հետո, սակայն, սկսեցին հնչել հակասական հայտարարություններ. գեներալ Մովսես Հակոբյանն իր աղմկահարույց ասուլիսում ասաց. «Իսկանդերը կիրառվել է, բայց չեմ ասի՝ որտեղի վրա»: Շրջանառության մեջ մտավ «Իսկանդերի»` Շուշիի վրա կրակելու վարկածը: Այնուհետեւ թեմային անդրադարձավ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը․ «Նախ պետք է ասեմ, որ այնքան էլ համաձայն չեմ, որ «Իսկանդերը» չի կիրառվել, մամուլում եղավ, եւ ես ունեմ հավաստի տեղեկություններ, որ «Իսկանդերը» կիրառվել է, կիրառվել է պատերազմի վերջին շրջանում, իսկ ավելի կոնկրետ` Շուշիի ուղղությամբ: …«Իսկանդերը» պետք էր կիրառել արդեն պատերազմի չորրորդ-հինգերորդ օրը, երբ Ադրբեջանը հսկայական քանակով կենդանի ուժի եւ զինտեխնիկայի կուտակումներ էր արել Հորադիզում եւ այլ հատվածներում: «Իսկանդերը» հենց դրա համար է»: Դրան ի պատասխան, Փաշինյանն ասաց. «Մերժվածը պետք է որ բազմաթիվ հարցերի պատասխան իմանա ու չտա հարցեր, որոնց պատասխանն ինքը գիտի։ Իսկ գուցե պատասխանեն՝ իսկ ինչո՞ւ կրակած «Իսկանդերը» չի պայթել կամ պայթել է տասը տոկոսով»: 

Այս հայտարարությունը Փաշինյանի այն հայտարարությունների շարքից է, որ չես հասկանում՝ դա դիտավորյա՞լ է անում, ուղղորդվա՞ծ է անում` ՌԴ-ի հետ հարաբերությունները վատացնելու, թշնամի երկրին հաճոյանալու համար, թե՞, սովորույթի համաձայն, առանց մտածելու խոսում է: Այդ հայտարարությունը մեծ աղմուկ բարձրացրեց ՌԴ ռազմաքաղաքական հանրության շրջանում. ռուս քաղաքագետներն ու ռազմագետները մեկը մյուսի ետեւից սկսեցին շշպռել Փաշինյանին, ոմանք պահանջեցին ներողություն խնդրել: Իսկ հաջորդ օրը Փաշինյանը, արդեն սթափված, կառավարության նիստում մի քանի անգամ շեշտեց, որ ՌԴ-ն մեր միակ դաշնակիցն է: Բայց խոսքը նման է արձակված նետի, որ ետ չես վերադարձնի՝ ինչպես կրակած «Իսկանդերը»:

Կրակե՞լ է, թե՞ չի կրակել

Մինչ հայ ռամագետներն ու զինվորականները հակասական հայտարարություններ են անում, թե որտեղ եւ քանի տոկոսով է պայթել «Իսկանդերը», ՌԴ ՊՆ-ն հայտարարեց, որ ««Իսկանդեր» հրթիռային համալիրներից եւ ոչ մեկը չի կիրառվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության ժամանակ։ Հրթիռների ողջ ռազմապաշարը գտնվում է ՀՀ զինված ուժերի պահեստներում: Ըստ ամենայնի, Հայաստանի Հանրապետության վարչապետ պարոն Նիկոլ Փաշինյանին մոլորության մեջ են գցել, որի արդյունքում նա սխալ տեղեկատվություն է հաղորդել»: Այս հայտարարությունը սառը ցնցուղ եղավ «Իսկանդերի» վերաբերյալ նախորդ բոլոր հայտարարությունների հեղինակների` Մովսես Հակոբյանի, Սերժ Սարգսյանի եւ Նիկոլ Փաշինյանի համար. ստացվում է` բոլորը ստում էին, կամ բոլորի ինֆորմացիաները սխալ էին: Մի խոսքով, «Իսկանդերը» դարձել է իսկական գլուխկոտրուկ․ պայթե՞լ է, չի՞ պայթել, որտե՞ղ է պայթել…

Ծիծաղը` պաշտոնանկության պատճառ 

Փաշինյանի հայտարարությունը` «Իսկանդերի» 10 տոկոս պայթելու վերաբերյալ, շատերի մոտ արմանք-զարմանք առաջացրեց, մարդիկ սկսեցին հեգնանքով վերլուծել, թե այդ ոնց է վարչապետը չափել հզոր զենքի ավերածության հետեւանքը: Բայց կուժն ու կուլան ջարդվեց ՀՀ ԳՇ պետի առաջին տեղակալ Տիգրան Խաչատրյանի գլխին. վերջինս համարձակվել էր ծիծաղել, այն էլ` երկար, «Իսկանդերի» տասը տոկոս պայթելու թեմայով Փաշինյանի հայտարարության վերաբերյալ հարցին ի պատասխան: Թեեւ հետո սկսեցին հերքել, թե Խաչատրյանը մի նախադասություն ետ ու առաջ է ծիծաղել, լրագրողն է ծիծաղի տեղը «խեղաթյուրել», բայց ծիծաղը մնում է ծիծաղ… Խաչատրյանն ասել է նաեւ, որ, «իհարկե, հնարավոր չէ... ո՞նց, «Իսկանդե՞րը»... Մեկ կրակո՞ցը... 10 տոկոսո՞վ... Կներեք, սա լուրջ չէ (ծիծաղում է), չի կարելի նման բաներ խոսել, եզրահանգումներ անել: Չի կարելի առհասարակ հարցեր տալ այդ զինատեսակի մասին հեռախոսով եւ էդպես մակերեսորեն գնահատականներով եզրահանգումներ անել: Ես չգիտեմ՝ ով ինչ է ասել, բայց դա հնարավոր չէ (նորից ծիծաղում է)»։ Հեռախոսազրույցին հաջորդեց Տիգրան Խաչատրյանի պաշտոնանկությունը: 
 
Համբերության բաժակը լցվեց

Խաչատրյանի պաշտոնանկությունը լցրեց ՊՆ ԳՇ-ի զինվորական պաշտոնյաների համբերության բաժակը, ովքեր մոտ 3 տարի հանդուրժում են Փաշինյանի կամայականությունները, բանակակործան ու չտրամաբանված ծրագրերն ու քայլերը, հայտարարությունները: ԳՇ պետն ու բարձրաստիճան զինվորականները հանդես եկան հայտարարությամբ եւ պահանջեցին Փաշինյանի հրաժարականը: Փաշինյանն էլ Օնիկ Գասպարյանին, թե` ես հրաժարական չեմ տալիս, դու տուր: Նախագահ Արմեն Սարգսյանը չի ստորագրում Գասպարյանի ազատման հրամանը… Մի խոսքով, ամեն ինչ խառնվել է իրար, երկրում քաղաքական ճգնաժամը հասել է գագաթնակետին: Իսկ Փաշինյանը, կարծես թե, ուզում է իրականություն դարձնել իր հայտարարություններից մեկի երկրորդ մասը․ «Կա՛մ ես կլինեմ Հայաստանի վարչապետ, կա՛մ Հայաստանը վարչապետ չի ունենա»…