Ինչին պետք է ծառայի 44-օրյայի քննիչ հանձնաժողովը 

Ինչին պետք է ծառայի 44-օրյայի քննիչ հանձնաժողովը 

Պաշտոնական լրահոսից տեղեկանում ենք, որ այսօր Ազգային ժողովում առաջին և երկրորդ ընթերցումներով ընդունվել են 10-ից ավելի օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագծեր, որոնց շարքում նաեւ՝ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի գործունեության ժամկետը 6 ամսով երկարաձգելու մասին նախագիծը: Վերջինս ընդունվել է 59 կողմ, 29 դեմ, 1 ձեռնպահ ձայներով: 
Նախօրեին այդ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հանձնաժողովի աշխատանքները երկարաձգելու նախագիծը ներկայացնելիս նշել էր, որ հանձնաժողովին են դիմել պատերազմի բազմաթիվ մասնակիցներ և զոհվածների հարազատներ, որոնք անհատական կարգով շարունակում են ներկայացնել բազմաթիվ տեղեկություններ և տեսաձայնային նյութեր, որոնք քննության կարիք ունեն: Պատգամավոր Քոչարյանը նաեւ վստահեցրել էր, որ սա վերջին երկարաձգումն է լինելու։ Թեեւ նման հայտարարության կարիք չկար, քանի որ օրենքը երկու անգամից ավելի թույլ չի տալիս երկարաձգել քննիչ հանձնաժողովների գործունեության ժամկետը։

Ինձ համար, որպես քաղաքացու այս հանձնաժողովի գոյությունն արդեն իսկ արտառոց է։ Ի՞նչ պետք է քննի այդ հանձնաժողովը՝ թե ինչու տեղի ունեցավ 44-օրյա պատերա՞զմը, կամ թե՝ ինչու այդ պատերազմը մեզ համար ունեցավ կարելի է ասել՝ աղետալի հետեւանքնե՞ր։ Աստծո սիրուն, որեւէ մեկը, ով քիչ թե շատ հետեւում է մեր տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին, հասկանում է, որ քառօրյա պատերազմից հետո մեծ պատերազմը մոտ ապագայի հարց էր, ու հատկապես Նիկոլ Փաշինյանի «Արցախը Հայաստան է եւ վերջ» հայտնի հայտարարությունից հետո Իլհամ Ալիեւի համար Արցախի հարցի ռազմական լուծումն արդեն անձնական պատվի հարց էր։ Հակառակ դեպքում, Ադրբեջանում կարող էին սկսվել ներքին ցնցումներ, եթե Բաքուն, օրինակ, այդ հայտարարությանը զուտ հայտարարությամբ արձագանքելով բավարարվեր, չասելու համար, որ այդ երկրի ներսում կարող էին բազմաթիվ կենտրոնախույս ուժեր գլուխ բարձրացնել, ընկալելով «Արցախը Հայաստան է եւ վերջ» հայտարարությունը որպես «մեսիջ», որ կարելի է հետեւել արցախահայության օրինակին եւ հանուն ինքնորոշման դրոշ պարզել։ 

Եթե պետք է հանձնաժողովը գտնի մեղավորների, թե ինչու պատերազմը մեզ համար ունեցավ անցանկալի ելք, ապա ռազմական փորձագետները կարող են առանց հանձնաժողովի էլ արձանագրել, որ այն սպառազինությունների զինանոցը, որը կուտակել էր Ադրբեջանը, մեծ հաշվով հասկանալի էր դարձնում, որ պատերազմը մեզ համար չի կարող ունենալ հաղթական արդյունք։ Քառօրյայի ժամանակ արդեն, երբ սկսեցին կիրառվել ԱԹՍ-ներ, պարզ դարձավ, որ մեր զինված ուժերի ԱԹՍ-ների անհրաժեշտ քանակություն չունենալը, լուրջ բաց էր։ Ու այստեղ արդեն հարցերը, թե ինչու էր այդպես եւ այլն, անիմաստ է, որովհետեւ եթե չենք սխալվում, բանակի մասին Սերժ Սարգսյանի օրոք հատուկ բարեփոխումների կոնցեպցիա էր ընդունվել, որտեղ նաեւ կար ԱԹՍ-ներ ձեռք բերելու եւ այդ առումով Ադրբեջանի հետ հավասարակշռություն ապահովելու մասին դրույթ, ու 18 թվականի քաղաքական փոփոխությունները, Սերժ Սարգսյանի հրաժարականը, իշխանության եկած նոր թիմի՝ իրենց նախորդների հանդեպ ամեն ինչում ունեցած ժխտողական կեցվածքը մեծ հաշվով վիժեցրեց այդ բարեփոխումների իրականացումը, գոնե բանակի զինանոցի թարմացման մասով։ 

Այստեղ դեռ չենք անդրադառնում այն աշխարհաքաղաքական եւ այլ հանգամանքներին, որոնք նպաստեցին, որպեսզի 44-օրյա պատերազմը տեղի ունենա։ Եթե ԱԺ հանձնաժողովն առանձին դրվագներ է քննելու, որտեղ կարող է լինել ռազմա-քրեական հանցակազմ, ապա դրա համար կա իրավապահ համակարգ, ասենք, զինդատախազություն։ Հետեւաբար, ստացվում է, որ հերթական անգամ երկարաձգվեց մի հանձնաժողովի գործունեության ժամկետ, որի առաքելությունն անհասկանալի է, եթե միայն չառաջնորդվենք այն կանխավարկածով, որ այդ հանձնաժողովը իշխանությունների ձեռքին ծառայելու է որպես հերթական գործիք ինչ-ինչ ներքաղաքական հարցեր լուծելու եւ հասարակության պառակտումը խորացնելու համար։