Կենտրոնի թիվ 1 համատիրությունում ՀՀԿ-ական «տասովշիկ է» աշխատում, որի լուսանկարը «Ընտրակեղծարարի պատ»-ին է 

Կենտրոնի թիվ 1 համատիրությունում ՀՀԿ-ական «տասովշիկ է» աշխատում,  որի լուսանկարը «Ընտրակեղծարարի պատ»-ին է 

Երեկ տեղեկացրել էինք, որ Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Ավետ Պողոսյանը որոշել է իր «մարդուն»՝ Արթուր Կուղյանոսյանին, տեղավորել «Կենտրոն 1» համատիրությունում՝ ակնհայտ շահերի բախման պարագայում։ Բանն այն է, որ համատիրության նորընտիր նախագահը Կենտրոն վարչական շրջանի կոմունալ բաժնի աշխատակից է։

Կենտրոնի ՀԱԿ-ական թաղապետի ձգտումը գուցե մարդկայնորեն հասկանալի է, բայց անհասկանալի է, թե ինչպես է նրա «մարդը» դարձել հայտնի ՀՀԿ-ական «տասովշչիկը» և Հանրապետական կուսակցության վստահված անձը՝ 2017 թ․ մայիսի 14-ի ընտրություններում։ Ընտրություններին որպես դիտորդ հետևող Վարդգես Գասպարին այդ օրը կեսօրից դադարեցրել էր աշխատանքը, ի նշան բողոքի պառկել Կենտրոն վարչական շրջանի դպրոցներից մեկում տեղակայված 9/22 և 9/23 ընտրատեղամասերի առջև և հայտարարում էր, որ Արթուր Կուղյանոսյանը հարվածել է իր մեջքին։ «Արթուր Կուղյանոսյանը Տարոն Մարգարյանի վստահված անձն է, ես իրան գիտեմ տարբեր խուլիգանական արարքներից»,- «Ազատությանը» հայտնել էր Վարդգես Գասպարին։«Ելք» դաշինքի վստահված անձն այդ միջադեպը տեսանկարահանել էր։

«Հրապարակը» զանգահարեց Վարդգես Գասպարիին՝ փորձելով տեղեկանալ, թե ինչպես է գնահատում այն փաստը, որ իր պայքարի նախկին ընկերները պատասխանատու պաշտոնների են նշանակում մի անձի, ում մասին ժամանակին ինքը պնդում էր, թե խուլիգան է։ Վարդգես Գասպարին լսեց հարցը, բայց ասաց, որ չի կարող պատասխանել՝ անկողնում պառկած է, վատ է զգում։

Ավետ Պողոսյանին էլ հարցրեցինք՝ ինչու՞ է նշանակում անձին, ում գործողությունների պատճառով իր պայքարի ընկեր Վարդգես Գասպարին ժամանակին պառկել է գետնին։ Տեղեկացրինք նաև, որ իր աշխատակցի անունը միջազգային կազմակերպություններից մեկի «Ընտրակեղծարարի պատ» -ի պատվավոր տեղերից մեկում է։

«Մի հատ օրենքը ուսումնասիրեք, տեսեք՝ ես նշանակելու իրավասություն ունե՞մ․․․ կամ ընդհանրապես․․․ իմ աշխատակիցներից է, ես իրեն մի քանի անգամ եմ տեսել։ Նա ընտրվել է բնակիչների ընդհանուր ժողովի որոշմամբ։ Ես ընդհանրապես տեղյակ չէի էդ բանի մասին․․․շնորհակալություն, եթե այլ հարց կա, դիմեք գրավոր»,-ասաց Ավետ Պողոսյանը։ 

2015 թ․սահմանադրական հանրաքվե

Կուղյանոսյանի անուն-ազգանունը և լուսանկարը տեղադրված է «Թրանսփարենսի ինթերնեյշնլի» «Ընտրակեղծարարի պատ» խորագրով բաժնում։ Կարդում ենք․ «Այս տեղամասում դիտորդն արձանագրել է մի շարք խախտումներ՝ ուրիշի փոխարեն քվեարկության դեպք, առանց անհրաժեշտության և առանց ՏԸՀ նախագահի կանչի տեղամասային կենտրոն ոստիկանների պարբերաբար մուտք գործելու և այլ դեպքեր։

ՏԸՀ նախագահ Արթուր Կուղյանոսյանը (ՀՀԿ) դիտորդին չի գրանցել տեղամասի գրանցամատյանում, իսկ վերջինիս կողմից քվեարկությունը դիտարկելը և նկարահանումներ կատարելը զայրացրել է նախագահին: Վերջինս բողոք է ներկայացրել ոստիկանություն այն մասին, որ դիտորդ Վարդգես Գասպարին խոչընդոտում է իրենց աշխատանքը»:

Քրեական գործ

Հարուցվել է քրեական գործ դիտորդ Վարդգես Գասպարիի կողմից հանձնաժողովի աշխատանքը խոչընդոտելու հիմքով: Քրեական գործը կարճվել է։ Նշենք նաև, որ  Արթուր Կուղյանոսյանի անունը ներառված է նաև  11.06.2019թ. N 1927-Ա որոշման ցանկում: 

Փաստաթուղթը կոչվում է՝ «Վարչական իրավախախտումներ հայտնաբերելու և արձանագրելու Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի համապատասխան աշխատակիցներ»։ Արթուր Կուղյանոսյանի անունը նշվում է որպես քաղաքապետարանի կոմունալ տնտեսության և բազմաբնակարան շենքերի կառավարման մարմնի աշխատակից։

Նշենք նաև, որ Արթուր Կուղյանոսյանը 2016 թ․ եղել է ՀՀԿ-ի Կենտրոն տարածքային կազմակերպության, «Կիլիկիա» շրջանային կազմակերպության նախագահը։ Այս մասին տեղեկանում ենք HHK.am կայքի արխիվային նյութերից։